Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մոհիկանը

Մայիս 12,2009 00:00

\"\"Երեկ առավոտյան, 77 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նա մոտ չորս ամիս ծանր հիվանդ էր:

«Մեծ հայ, երեւի այդ սերնդի վերջին մոհիկանը». այս խոսքերով է, ըստ «Ա1+»-ի, բնորոշում Հենրիկ Իգիթյանին Գեղագիտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը: Վերջինս, որ շուրջ 10 տարի աշխատել է փայլուն արվեստաբանի հետ, նրան անվանեց ֆենոմենալ մարդ: «Սովորաբար վախճանված մարդու հետեւից կամ լավն են խոսում, կամ ընդհանրապես չեն խոսում, բայց սա այդ դեպքը չէ: Նա իրոք մեծատաղանդ մարդ էր: Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Արվեստը ճիշտ ընկալող, ճիշտ գնահատող, հատկապես մանկական արվեստը: Առաջին անգամ ինքը մանկական արվեստը աշխարհին ներկայացրեց, եւ միակ մանկական թանգարանը, որ ստեղծվեց, նրա օրոք ստեղծվեց, ինքը ստեղծեց: Ժամանակակից արվեստի թանգարանը իր ջանքերով է ստեղծվել, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- գործընկերոջ մասին «Ա1+»-ին ասաց Մանվել Խաչատրյանը, ավելացնելով, որ Հենրիկ Իգիթյանի աշխարհընկալումը տարբերվում էր մյուսներից:

Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հենրիկ Իգիթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Եզնիկ Կողբացի 42, բնակարան 35 հասցեում: Մայիսի 13-ին, Երեւանի կամերային երաժշտության տանը՝ ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ՝ հուղարկավորության արարողությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել