Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԳՐՈՂՆ ԻՆՔՆ Է ՀԵՌԱՑՐԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ»

Մայիս 12,2009 00:00

Կամ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի գրական դեղատոմսը

Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Համո Սահյանի 95-ամյակին նվիրված գրական երեկո: Երեկոյի «մեղավոր» Սիլվա Յուզբաշյանի ասմունքի միջոցով հայ պոետների հետ հանդիպումն անցավ լեփլեցուն դահլիճում: Երեկոյին միայն Սահյանի պոեզիան չի հնչել, չնայած, տիկին Սիլվայի խոսքով, առյուծի բաժինը հենց Սահյան է եղել: Իր ձեւի մեջ ինքնատիպ գրական երեկոն մենաթատրոնի սկզբունքով էր արված, բեմադրիչը Նիկոլայ Ծատուրյանն էր, երաժշտական ձեւավորողը՝ Արմեն Մանուկյանը: Ս. Յուզբաշյանն ասում է, որ մինչ ասմունքի երեկոն կյանքի կոչելը, ինքը տարօրինակ երկվության մեջ է եղել, մտածել է՝ մեր օրերում ասմունքի արվեստին որպես հնացած, անհետացող տեսակի են վերաբերվում. «Ամեն անգամ ռուսական «Կուլտուրա» ալիքը դիտելիս ցավ եմ զգում, տեսնելով, թե ռուսներն ինչպես են սեփականացնում ասմունքի արվեստը: Իրենք բանաստեղծությունը լավ են մատուցում, օրինակ՝ հետաքրքիր կադրեր են տալիս, որոնցում նույն բանաստեղծությունը արտասանում է ե՛ւ բանաստեղծը, ե՛ւ արտիստը: Հետո խոսում է արվեստաբանը: Մտածեցի՝ ինչո՞ւ մենք էլ, որ խոսքի ու բանաստեղծներ ծնող ժողովուրդ ենք, տեր չկանգնենք մեր ունեցածին»:

Մեր զրուցակիցն ափսոսանքով փաստում է, որ ռադիոյից ու հեռուստատեսությունից լռել է բանաստեղծության ձայնը, բեմերից էլ՝ շոու-բիզնեսն է հաղթարշավի մեջ: Ասում է, կարելի է, չէ՞, ասենք Շուշիի կամ բանակի օրվա առիթով կազմակերպվող կառավարական համերգներին գոնե մի խրոխտ բանաստեղծություն հնչեցնել: Եղել են պահեր, որ տիկին Սիլվան նույնիսկ ափսոսել է իր մասնագիտության համար, բայց, ինչպես ասում են՝ կոչումից պրծում չկա: Եվ այսպես որոշել ու իրականացրել է գրական երեկոն, որը ոչ միայն երկու ժամից ավելի մագնիսացած է պահել հանդիսատեսին, այլեւ հոտնկայս ծափահարություններ քամել:

Ճանաչված ասմունքողը պատմեց, որ մի շրջան աշխատել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնում, բայց քանի որ հյուրախաղերի պատճառով շատ էր բացակայում դասերից, լինելով պարտաճանաչ մարդ, դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Մի շրջան էլ աշխատել է մշակույթի նախարարությունում: «Դա իմ կյանքի սեւ էջն է…այնտեղ աշխատեցի զուտ աշխատավարձի համար, որովհետեւ կլորիկ 50 հազար դրամ էի ստանում, ինչն անհրաժեշտ էր կեցությանս խնդիրը լուծելու համար: Հետո հասկացա, որ այնտեղ էլ չեմ կարող մնալ, որովհետեւ երբեք չեմ կարող գրասեղանի առջեւ նստել, հետո ինձ հետ կապ չունի պաշտոնականը…»,- ասում է Ս. Յուզբաշյանը:

Նաեւ հավելում է, որ պիտի ձեւ գտնել հանրությանը պոեզիայի հետ «բարիշացնելու» համար. իհարկե, պարտադիր չէ, որ ասմունքողը ժամերով էկրանից «կախված լինի», բայց պոեզիա եթերից միանշանակ պիտի հնչի. «Մոսկվաբնակ գործարար Լեւոն Մկրտչյանը, որը նաեւ երեկոյիս հովանավորն էր, առաջարկեց հովանավորել այդպիսի հաղորդում անելու համար: Նա ասում էր, որ ուզում է իր երեխան, բացի սերիալների հայերենից, նաեւ գեղեցիկ խոսքը լսի… Օրինակ, Իրանի ռադիոյով առավոտից երեկո չափածո խոսք է հնչում, այնտեղ պոետների պաշտամունք կա, ոչ թե Հայաստանի նման, որ որոշում են՝ Չարենցը մեծ է, թե ոչ… Շվեդիայում էլ գործարարների համար մի բիզնես թերթ է հրատարակվում, որն ամեն համարում ունի բանաստեղծություն, կարելի է, չէ՞, այդպիսի բաներ Հայաստանում էլ անել: Մինչդեռ հիմա մեր ժողովուրդը սկսել է մեծերի, մեռելների վրա ձեռք բարձրացնել, նրանց մեծությունը չափել…»:

«Առավոտի» հարցին՝ մտերիմ լինելով մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանի ու Վահագն Դավթյանի հետ՝ ինչպե՞ս է վերաբերվում գրչի մարդկանց այսօրվա ոչ գրական բանավեճերին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տաղանդի պակասությունից է… Եթե մարդը գրելիք ու ասելիք ունի, նրան ոչ մի բան չի հետաքրքրի, նա նստած կստեղծագործի: Ճշմարիտ պոետի համար անգամ տպագրվելն էլ է երկրորդական հարց»:

Այն դիտարկմանը, որ երիտասարդները խռովել են գրքից, մեր զրուցակիցը պատասխանում է. «Եթե հեռուստատեսությամբ Գրողների միության ինչ-որ գզվռտոց են տեսնում, էլ այդ գրողին կհարգե՞ն… Այսօրվա գրողն ինքն է իր ընթերցողին հեռացրել: Ինչ վերաբերում է բանաստեղծությանը, հիմա ավելի շատ սկսել են մտքին զոռ տալ, այն դեպքում, երբ բանաստեղծությունն առաջին հերթին զգացմունքի լիցք է… Դեռ Արիստոտելն ասում էր՝ բանաստեղծությունը միտք է, բայց միտքը բանաստեղծություն չէ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել