Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է

Մայիս 12,2009 00:00

\"\"Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշել է, որ երբեք չի պնդել, թե Մուխրովանի ռազմական բազայում տեղի ունեցած ապստամբությանը մասնակցել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Վրաստանի իրավապահներն ունեն տեսագրություն, որում ապստամբները խոսում են ռուսաստանյան հնարավոր օգնության մասին: Սահակաշվիլու կարծիքով, դա ապստամբություն չէր, այլ ինչ-որ բան հրահրելու փորձ, որը շատ արագ կանխվեց: Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ ապստամբությունը ուղղված էր իր երկրի՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին անդամակցությունը վիժեցնելուն: Իր հարցազրույցում նա նաեւ նշում է, որ Ռուսաստանը կենտրոնացնում է իր զորքերը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքում: «Մենք դիմում ենք հյուսիսային հարեւանին՝ խնդրելով զերծ մնալ սադրանքներից, քանի որ Վրաստանն այդ սադրանքներին տուրք չի տա»,- նշել է Սահակաշվիլին: «Ինտերֆաքսը» դիմել է ռուսաստանյան ղեկավարությանը՝ խնդրելով մեկնաբանել Վրաստանի նախագահի վերջին պնդումներն այն մասին, որ զինվորականների ապստամբությանը մասնակցություն ունեն ՌԴ հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ այն հայտարարությունը, որ Սեւծովյան նավատորմը ավելացրել է իր ներկայությունն Աբխազիայի ափերի մոտ: Կրեմլի աղբյուրն այդ բոլոր պնդումներին պատասխանել է հակիրճ. «Թող դիմի բժշկի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել