«Առավոտը» «Հրաչյա Աճառյան» համալսարանին հազվադեպ է առիթ ունենում անդրադառնալու, սակայն այդ հազվադեպ դեպքերում էլ առնչվում ենք այն փաստի հետ, որ այս բուհում չգիտեն ոչ միայն ԶԼՄ-ների հետ աշխատել, այլեւ՝ տարրական բարեկրթության կանոններն են բացակայում:
Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոսներից, որ իրենց 5 ամիս է՝ աշխատավարձ չեն տալիս:
Այս խնդրի պարզաբանման համար հեռախոսով դիմեցինք համալսարանի պրոռեկտոր Արամ Խաչատրյանին, որը բավականին «քաղաքավարի» վարվեց մեզ հետ: Երբ նա լսափողը վերցրեց, կարճ ներկայացրինք, թե դժգոհությունն ինչ հարցի հետ է կապված: Նրա պատասխանը հնչեց այսպես. «Այդ մարդուն (դժգոհող դասախոսին- Տ. Հ.) ուղարկեք ինձ մոտ: Ես հեռախոսով ինտերվյու չեմ տալիս, ցտեսություն»: Այս խոսքերից հետո հարգարժան պրոռեկտորը մեզ հնարավորություն չտվեց իր հետ հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ միանգամից «շրխկացրեց» լսափողը: Այնուհետեւ, որպեսզի փրկենք պրոռեկտորի «հեղինակությունը» եւ չհրապարակենք նրա արարքը, կրկին զանգեցինք եւ քարտուղարուհուն խնդրեցինք միացնել պրոռեկտորին: Սակայն դա մեզ այդպես էլ չհաջողվեց, քանի որ կամ պարոն Խաչատրյանի մոտ մարդ կար, կամ էլ նա հրաժարվում էր զրուցել մեզ հետ: Ուստի որոշեցինք առանց նախապես պայմանավորվելու (ինչը քաղաքակիրթ տարբերակն է)՝ այցելել, հուսալով, որ մեր բարեկրթությանը պրոռեկտորը կպատասխանի բարեկիրթ տոնով եւ կտա պարզաբանում: Սակայն երբ հանդիպեցինք «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտորին, նա որեւէ պարզաբանում չտվեց. «Ես հրաժարվում եմ որեւէ մեկնաբանություն տալ»: Իսկ երբ նրան հիշեցրինք, որ որպես պրոռեկտոր՝ դա նրա պարտականությունն է եւ իրավասության ոլորտը, նա բավականին կտրուկ տոնով ասաց. «Ես հրաժարվում եմ, դա իմ իրավունքն է, թող տվյալ անձը գա՝ ինձ ներկայանա»:
Քանի որ համալսարանից մենք այդպես էլ չկարողացանք պաշտոնական պատասխան ստանալ, կներկայացնենք մեր ունեցած չճշտված տեղեկությունները, թե ինչո՞ւ են այս բուհում դասախոսների աշխատավարձերն ուշացնում: Ըստ մեզ հասած լուրերի՝ պատճառն այն է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանի որդին՝ նախկինում Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանը, դատի է տվել հորը եւ պահանջել համալսարանից բաժնեմաս: Դատը դեռ չի կայացել, սակայն համալսարանի հաշիվների վրա արգելանք է դրված, այդ պատճառով էլ աշխատավարձ չեն կարողանում վճարել:
Ի դեպ, վերոհիշյալ «բարեկիրթ» պրոռեկտորը Ավագ Խաչատրյանի մյուս որդին է: