Ստուգումները ցույց են տվել, որ դրանցից շատերում վաճառվում է ժամկետանց, առանց մակնշման սննդամթերք
Մանկական սննդի հարցերով զբաղվող փորձագետները պնդում են, որ երեխան չի կարող լիովին յուրացնել դպրոցում իրեն մատուցվող հիմնարար գիտելիքները, եթե նրա ստացած սնունդը անվտանգ եւ լիարժեք չէ:
ՀՀ հանրակրթական դպրոցների վերաբերյալ «Առավոտին» ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանի տրամադրած տվյալներից դատելով կարելի է եզրակացնել, որ մեր դպրոցներում սովորող երեխաները հազիվ թե ի վիճակի լինեն իրենց դպրոցի բուֆետում սնվելուց հետո՝ յուրացնել տրված բոլոր գիտելիքները:
2008-ի ընթացքում ՀՀ-ում ստուգվել է 71 մանկապարտեզ եւ դպրոց, որից 26-ը՝ մարզերում, 45-ը՝ Երեւանում: Մարզերի բոլոր հաստատությունները տուգանվել են, իսկ Երեւանում ստուգվածներից միայն 17-ը չի տուգանվել: Օրինակ՝ տուգանվել են Երեւանի թիվ 163, 121, 46, 6 դպրոցները: Մարզերում տուգանքների գումարը կազմում է 900 հազար, Երեւանում՝ 1 միլիոն 140 հազար դրամ: Ի տարբերություն ՀՀ-ի, աշխարհի տարբեր զարգացած երկրներ հատուկ ուշադրություն են դարձնում դպրոցների բուֆետներին: Օրինակ՝ ԱՄՆ-ում համարյա երկրի խորհրդանիշ դարձած «Կոկա-կոլան» եւ չիփսերը արգելվում են վաճառել դպրոցների բուֆետներում: Իսկ Մեծ Բրիտանիայում պետական ֆինանսավորմամբ ստեղծվել է «School Food Trust» կոչվող մի կառույց, որը վերահսկողություն է սահմանում դպրոցների բուֆետների վրա:
«Առավոտի» հետ զրույցում Ս. Մինասյանն ասաց, որ մինչեւ կոշտ մեթոդների անցնելը, իրենք աշխատանքներ են տարել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փորձել ինֆորմացնել բուֆետների գործունեության հետ առնչվող բոլոր կողմերին: Այժմ բուֆետների գործունեությունն իրականացնում են ոչ թե դպրոցները, այլ բուֆետները կամ ճաշարանները, որոնք որպես տարածք որոշ տնտեսավարող սուբյեկտների կողմից վարձակալվել են: Այդ գործունեությամբ հիմնականում զբաղվում են «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն, «Երառսպասարկում» ՓԲԸ-ն, «Սահականուշ» ՍՊԸ-ն եւ այլք: Նկատենք, որ վերջին երկուսը, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, տուգանվել են: Բուֆետների կամ ճաշարանների իրականացրած գործունեությունը կոչվում է հանրային սննդի ծառայություն: Ուստի, ինչպես տիկին Մինասյանը նշեց. «Համաձայն օրենքի եւ կառավարության որոշման, դա պարտադիր սերտիֆիկացման ենթակա է: Իսկ եթե տվյալ ընկերությունը ստանում է սերտիֆիկատ, պետք է համապատասխանի բազում չափանիշների: Այնինչ, ստուգումները պարզեցին, որ սերտիֆիկատ ունեին քիչ կազմակերպություններ, ունենալու դեպքում էլ նրանց ապահոված իրավիճակը հեռու էր բավարար լինելուց: Հազվադեպ դպրոցներում կարելի է տեսնել սառնարան, նորմալ պահարան կամ սննդի նորմալ պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ: Շատ տեղերում սառնարանները ծառայում էին որպես պահարան, իսկ սանիտարական վիճակի մասին անիմաստ է խոսելը: Օրինակ՝ դպրոցների բուֆետներում կարելի է ականատես լինել չգիտեմ երբ լվացված վարագույրի կտորով ծածկված երշիկով բուտերբրոդների, որոնք չեն պահվում սառնարանում: Թեկուզ դպրոցի բուֆետապանը օրենք չի կարդացել, բայց գոնե չգիտի՞, որ չի կարելի երշիկը առավոտյան 10-ից դնել մինչեւ երեկո, չէ՞ որ երեխաները մինչեւ երեկո գնում են այդ բուտերբրոդները, ախր դրա համար սառնարան գոյություն ունի»: Տեսչությունը ստուգման ընթացքում բուֆետներից վերցված փորձանմուշները ենթարկել է փորձաքննության: 12 դեպքում արձանագրվել է բացասական փորձաքննություն: Այսինքն՝ տվյալ սննդամթերքի մեջ առկա էին այնպիսի բաղադրիչներ, որոնք վտանգավոր էին առողջության համար: Ս. Մինասյանը պատմեց. «Անմիջապես գնացինք ստուգելու արտադրողներին: Բոլոր ստուգված տեղերում իդեալական փորձաքննություն ստացանք: Այսինքն՝ բուֆետից վերցված երշիկը կամ թանը հին են եղել, չեն պահպանվել դրանց պահման պայմանները»:
Խոսելով բուֆետներում վաճառվող սննդի անվտանգության մասին, տիկին Մինասյանը շեշտեց նաեւ դպրոցի տնօրենի եւ երեխայի ծնողի գործոնը. «Օրենքով ոչ մի տեղ չես գտնի, որ տնօրենը պատասխանատու է այդ տարածքի համար: Բայց ոչ մի բուֆետապան չի կարող չենթարկվել դպրոցի տնօրենին, ուստի նա կարող է վատ պայմաններ ապահովելու դեպքում խզել պայմանագիրը տվյալ ՍՊԸ-ի հետ: Իսկ եթե երեխան 100 կամ 200 դրամով մտնում է բուֆետ, ապա երեխայի ծնողի խնդիրն է, թե նա ինչ պիտի գնի բուֆետից, քանի որ ոչ մի տեսչություն, հ/կ չի կարող երեխային ասել, որ ամեն օր չի կարելի բուտերբրոդ ուտել, «Կոկա» խմել»: Ս. Մինասյանին խնդրեցինք նշել հիմնական խախտումները, որոնք արձանագրվել են դպրոցների բուֆետներում. «Դրանք են պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի, առանց մակնշման եւ մակնշման պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի վաճառք, տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտում. օրինակ՝ եղել է դպրոց, որտեղ վերանորոգման շրջանում սննդամթերքի կողքին ներկեր են դրված եղել եւ այլն»:
«Առավոտը» եղավ նաեւ տարբեր դպրոցների բուֆետներում; Օրինակ՝ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի բուֆետապան Մարգարիտա Վարդանյանն ասաց, որ իրենց մոտ պարբերաբար ստուգումներ իրականացվում են՝ ճշտելու մթերքի թարմության աստիճանը առաքողին: Սակայն մեր այցի ժամանակ նկատեցինք, որ երշիկով բուտերբրոդները դրված էին ոչ թե սառնարանում, այլ առանց որեւէ բանով ծածկելու դրված էին սենյակային պայմաններում: Վահան Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցն էլ դեռ բուֆետ չունի: Տնօրեն Սուսաննա Խաչատրյանն ասաց. «Քաղաքապետարանի՝ մեր սեփականաշնորհման վկայականը տալուց հետո մենք կարող ենք վարձակալությամբ տալ մեր բուֆետը: Նախապես ծնողների հետ պայմանավորվել ենք, որ դպրոցում ժամանակավորապես բուֆետ չի գործելու: Ուստի տարրական դասարանի աշակերտները տնից իրենց հետ բուտերբրոդներ են բերում, իսկ մյուս աշակերտները օգտվում են դպրոցի դիմացի հացի փռից, որտեղ թարմ եւ մատչելի գներով բուլկիներ են ձեռք բերում»: Զրուցեցինք նաեւ թիվ 131 դպրոցի աշակերտ Արմանի հետ: Նա ասաց. «Կուզեի, որ երկուշաբթի օրերին շաբաթ օրվա մնացած մթերքները մեր բուֆետում չվաճառեին, որ մեր բուֆետում ընդամենը երկու սեղան եւ երկու աթոռ չլիներ, այլ գեղեցիկ սեղաններ եւ աթոռներ»: Նշենք նաեւ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ դպրոցների բուֆետների վրա: Շատ դպրոցներում նրբերշիկով բուտերբրոդը 150 դրամից դարձել է 180, իսկ «Մարսը», «Սնիկերսը», բուլկին, կորժիկը վաճառվում են 20-30 դրամով թանկ, քան խանութներում: