Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին ԵՄ-ի հետ համագործակցության նոր՝ «Արեւելյան գործընկերության ծրագիրը»:Ի՞նչ է, բացի ֆինանսական օժանդակությունից, երկու երկրներին տալիս եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, արդյո՞ք համընկնում են միջազգային կազմակերպությունների մասին հասարակությունների միջեւ եղած պատկերացումները եւ միջազգային կազմակերպություների՝ հարավկովկասյան երկրների հետ կապված սպասելիքները: Ստորեւ բերված հարցազրույցներով ավարտում ենք հայ եւ ադրբեջանցի մասնագետների՝ այս թեմային առնչվող մեր հարցումների ներկայացումը:
«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության աջակցությամբ:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Գրում ենք եվրոպական օրենքներ, ապրում՝ սովորութային իրավունքով
Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ
– Հայաստանում կա՞ երկրի հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում:
– Եթե մի կողմ թողնենք միջազգային ռազմական դաշինքների հետ Հայաստանի հարաբերությունները (անդամությունը ՀԱՊԿ-ին, համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ), ապա համարվում է, որ խիստ արդյունավետ է համագործակցությունը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ-WTO), Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ:
Սակայն կարծում եմ, որ միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության արդյունավետությունը զգալիորեն ուռճացված է: Համաշխարհային բանկի հետ համագործակցության առանցքը կազմող բարեփոխումների ծրագրերը եւ դրանց ներդրումը ոչ միայն ավարտին չեն մոտենում, այլեւ մի շարք փորձագիտական ու հասարակական գնահատականներով՝ մինչ այսօր շարունակում են ընթանալ կասկածելի արդյունավետությամբ կամ նույնիսկ՝ բացասական արդյունքով. վերցված վարկերը չեն համապատասխանում ծրագրավորված արդյունքին եւ ծանր բեռի նման մնում են Հայաստանի հասարակության ուսերին: Այլ կերպ ասած, տնտեսական ոլորտում Հայաստանի միջազգային ներգրավվածությունն ամենեւին չի համապատասխանում այդ համագործակցությունից սպասելիքներին:
Եվրաինտեգրման հանդեպ կա երկակի մոտեցում. մի կողմից այն հայտարարված է որպես Հայաստանի հիմնական քաղաքական ծրագիր, մյուս կողմից առկա է խուլ, իսկ երբեմն էլ բացահայտ ընդդիմացում այդ ծրագրի իրականացմանը: Մի կողմից մեր հասարակությունն ինքն իրեն եվրոպական արժեհամակարգի հասարակություն է համարում, մյուս կողմից չի ընդդիմանում եվրոարժեհամակարգով մեր ինքնությունը վտանգի տակ դնող երբեմն ծայրահեղ տագնապ հնչեցնողներին: Հայաստանում ամենաինտեգրվածը օրենքներն են: Սակայն օրենքի կիրառումն ամենավատն է, եւ հենց այս երկդիմությունը ծրագրավորում է մեր ողջ արժեհամակարգը. մի բան է թղթի վրա, բոլորովին այլ բան է կյանքում: Թղթի վրա մենք կառուցում ենք օրենքների երկիր, իրական կյանքում ապրում ենք սովորութային իրավունքի նորմերով: Ավելին, իրական կյանքում ձեւավորում ենք փաստացի, օրենքը շրջանցող հարաբերություններ, որոնք իրենց հերթին ձեւավորում են սովորութային իրավունքի նոր մշակույթ: Ինչպես եվրաինտեգրումը հայտարարված է հիմնական ուղղություն, սակայն կյանքում ուղղակի «բոյկոտվում» են այդ ինտեգրման փաստացի քայլերը, այնպես էլ մեր հասարակության մեջ կա ընկալում, որ ինքը եվրոպական արժեհամակարգի կրողն է, եւ դրա կողքին խրախուսվում է եվրոպական արժեհամակարգին ընդդիմանալու գիտակցված կամ չգիտակցված հոգեբանությունը: Ընդ որում՝ հրապարակային քննարկումներում տարածված են համասեռամոլության, սերունդների բախման, ընտանիքիների կազմալուծման, մարդու՝ հասարակությունից մեկուսացման, թմրամոլության թեմաները եւ, անշուշտ, ժողովուրդների ինքնատիպ մշակույթների համահարթեցման տագնապները: Ցավոք, Հայաստանի բնակչության մեծամասնությանն անհայտ են մնում մարդու իրավունքի, եվրոպական երիտասարդության սոցիալ-մշակութային փնտրտուքի թեմաները եւ ձեւերը, պարզ մարդասիրության արժեքի ներդրման ուղղությամբ ջանքերը, օրենքի կիրառման միջոցով մարդու հնարավորությունների պաշտպանությունը, հասարակության հիմնական բարոյական արժեքները՝ հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ, ազնվության մշակույթի խրախուսումը եւ անազնվության դատապարտումը եւ այլն: Չեն քննարկվում ժողովուրդների մշակույթների առանձնահատկությունները պաշտպանող, այլ մշակույթների հանդեպ հարգանքի մշակույթ ձեւավորելու նպատակ ունեցող ծրագրերը, չեն մասսայականանում գիտելիքը եւ դաստիարակությունը կարեւորող արժեքների մասին տեղեկությունները: Հայաստանում քչերը գիտեն ընտանիքը որպես արժեք կարեւորող եվրոպական մոտեցումները, տղամարդու եւ կնոջ միջեւ հավասարություն խրախուսող քաղաքականությունը: Վերջինս առհասարակ մնացել է «ֆեմինիզացիայի» գռեհիկ ընկալման ոլորտում: Եվրոպայի հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք ուղղակի չենք էլ օգտագործում միջազգային կառույցների հետ համագործակցության՝ մեզ տրված իրական հնարավորությունները: Ամենահայտնի օրինակն այն է, որ իրավամշակութային դաշտում, արժեքների ձեւավորման քննարկումներին մենք գործնականում չենք մասնակցում: Լինելով ԵԱՀԿ անդամ եւ ԵՄ մասը դառնալու հավակնություն ունեցող երկիր՝ մենք չենք էլ մասնակցում իրավունքի զարգացման ոլորտում այդ կառույցներում հենց այսօր տեղի ունեցող քննարկումներին, չենք ներկայացնում եւ պաշտպանում մեր դիրքորոշումը, մեր վերլուծությունները: Այդ կառույցների կողմից վերջին վեց-յոթ տարիների ընթացքում ընդունվել են նոր կոնվենցիաներ, հանձնարարականներ, իրավական այլ փաստաթղթեր, որոնք, վերջիվերջո, կամ արդեն մեր երկրի իրավունքի մաս են, կամ այդպիսիք կդառնան: Բայց դրանց կայացման ընթացքին մենք գործնականում չենք մասնակցել: Եվրախորհրդի ոչ մի կառույցում, նույնիսկ ԵԱՀԿ շրջանակներում, որտեղ քննարկվում է Ղարաբաղի ճակատագիրը, մենք քննարկումների թեմա չդարձրինք ոչ Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստը, ոչ Վրաստանում հայկական մշակութային հուշարձանների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունների հարցը, ոչ ադրբեջանահայ փախստականների ճակատագրի հարցը, ոչ Ադրբեջանում այդ փախստականների կորցրած տարածքների ու սեփականության հարցը:
Մինչդեռ հենց այդ կառույցներում լայնորեն տարփողվում է Թուրքիայի կողմից Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու նորոգման փաստը՝ որպես այդ երկրի կողմից քաղաքական բարի կամքի դրսեւորում: Մենք ոչ օգտագործում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության մեր հնարավորությունները, ոչ մասնակցում ենք արժեհամակարգի ձեւավորման ընթացքին, ոչ էլ ռեալ քաղաքական ծրագիր ու հեռանկար ենք կապում եվրաինտեգրման հետ: Դրանով իրականում մենք մեծ խզում ենք առաջացնում մեր եւ Եվրոպայի միջեւ, վախենամ, որ սա կարող է ցավալի ու տխուր հետեւանքներ ունենալ:
– Հայաստանը եւ Ադրբեջանը միասին դարձան ԵԽ անդամ եւ ընդունվելիս ստանձնեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն: Արդյոք ԵԽ-ում, նրա կառույցներում (ասենք՝ ԵԽԽՎ-ում) ընդունված տարբեր որոշումները, Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ազդեցություն ունե՞ն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա:
– Կարծում եմ՝ այո: Եթե Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում հարաբերական հավասարակշռությունը պահպանվում է, ապա դա հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շարունակականության արդյունքն է: Դրա շնորհիվ է, որ Հայաստանը որոշ չափով ուշքի եկավ, կարողացավ իր պաշտպանությունը բարելավել, այս պահին կարողանում է Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին արժանապատվորեն ու խաղաղ դիմադրել: Ես չեմ կարող ասել, որ ԵԽ-ն եւ նրա կառույցները անպայմանորեն եւ վստահորեն ուզում են, որպեսզի ամեն ինչ արվի խնդիրը լուծելու համար: Հնարավոր է ԵԽ-ն այս կամ այն իրավիճակում ունենա առանձին համակրություններ եւ հակակրություններ՝ կախված այդ երկրներում նախագահող կազմերից եւ այլ ընթացիկ քաղաքական գործոններից: Սակայն, սա ուղղակի մի հնարավորություն է, որ մեր երկու երկրներն ինքնուրույն իրենց լուծումը գտնեն: Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը իրենք գան որոշ համաձայնության, եւ ԵԽ-ն ու նրա կառույցներն ընդդիմանան այդ համաձայնությանը: Կրկնում եմ, սակայն, որ Հայաստանը, ցավոք, իր դիվանագիտական ու քաղաքական բառամթերքում իսպառ վերացրել է այնպիսի կարեւոր հարցեր, ինչպես Սումգայիթում եւ 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերն էին, հայ փախստականների կողմից լքված տարածքների, կորցրած ունեցվածքի խնդիրները եւ այլն: Բանակցային թեմաները կայունացել են առանց հայության կարեւորագույն խնդիրների ներառման, եւ, ըստ իս, մենք այստեղ արդեն չենք կարող մեղադրել ոչ ԵԽ-ին, ոչ Մինսկի խմբին. սա բացառապես մեր բացթողումն է:
– ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ: Այսօր (հաշվի առնելով հետօգոստոսյան զարգացումները տարածաշրջանում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում) Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու կամ այն ուրիշ կառույցներով փոխարինելու անհրաժեշտություն կա՞:
– Մինսկի խումբը մի կողմից շատ լավ ձեւաչափ է, մյուս կողմից՝ վատ: Լավն այն է, որ այդ խումբը բավական տեւական եւ մանրամասն գիտե խնդիրները, վատն այն է, որ այն կարծրացել է եւ նոր փաստարկներ չի ընդունում, իսկ, ինչպես ասացի, իմ խորին համոզմամբ՝ Մինսկի խմբի քննարկմանը դրված հարցերի շրջանակը շատ փոքր ու նեղ է: Արդյո՞ք նոր ձեւաչափ ու նոր խումբ ձեւավորելը կնշանակի հարցերի նոր շրջանակ ձեւավորել՝ կասկածում եմ: Մայնդորֆյան համաձայնագիրը, համենայնդեպս, այդպիսի հույս չի ներշնչում: Եթե մի նոր ձեւաչափ լիներ, գուցե հնարավոր լիներ ներկայացնել մեր փաստարկների ամբողջ ծավալը, որին, ճիշտն ասած, կասկածում եմ: Բացի այդ, Մինսկի խմբի շրջանակներում ամերիկյան ներկայությունը Մեթյու Բրայզայի կերպարով՝ միշտ եղել է հակասական: Նրա շարունակական «այս իմաստով չեմ ասել, սխալ թարգմանություն է» արտահայտությունները, հայտարարությունների հակասականությունը եւ այլն առաջացնում են թերահավատություն, որ Մինսկի խմբում կա հարցը լուծելու վճռականություն եւ իրական ցանկություն: Տպավորությունն այնպիսին է, որ հարցը առկախ է թողնվում ներկայումս մեր տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումների վրա ազդելու ցանկությամբ: Ինձ շատ զարմացնում է, որ մինչեւ այսօր ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն գլխավոր կոմիսարը որեւէ հետաքրքրություն՝ գոնե բարձրաձայն արտահայտած, չի ցուցաբերել Ղարաբաղի վերաբերյալ, մինչդեռ Ղարաբաղի խնդիրը հենց ազգային փոքրամասնության խնդիր է: Կարծում եմ, որ այս դանդաղության եւ ձգձգությունների պատճառով էլ օգոստոսյան դեպքերից հետո իրավիճակը փոխվել է: Այն, որ Ռուսաստանը գործնական եւ լուրջ քայլեր արեց խնդիրը ինքնուրույն ու կտրուկ որոշելու գործում, որի փուլային ընթացքն էր Մայնդորֆյան անհասկանալի, հեղհեղուկ համաձայնագիրը, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների պատմության հիշողության հետեւանքով իմ մեջ տագնապներ է առաջացնում: Երբեք չեմ բացառել, որ Ռուսաստանն ուժային ճանապարհով եւ միայնակ որոշի Ադրբեջանի հետ մեր կոնֆլիկտի ճակատագիրը: Հենց այդ դեպքերի հենքի վրա է, որ Թուրքիայի՝ կովկասյան հավասարակշռություն վերականգնելու իբրեւ հումանիստական առաջարկը հնչեց: Սրանք բոլորը երեւույթներ են, որոնք թե Ռուսաստանի, թե Թուրքիայի կողմից հնարավոր են դառնում Մինսկի խմբի աշխատանքների պասիվության, անվճռականության, դանդաղ աշխատանքի եւ Հայաստանի դիվանագիտական բառամթերքի ու փաստարկների պակասի հետեւանքով:
– Ժամանակակից միջազգային հարաբերությունների պայմաններում միջազգային ո՞ր կառույցների հետ համագործակցությունն է Հայաստանում ընկալվում որպես անհրաժեշտություն սեփական անվտանգության ապահովման համար:
– Ցավոք, մեր կողմնորոշումը միջազգային չէ, այլ՝ ռուսական: Ռուսաստանի հետ հույսեր կապելը նաեւ մեր հասարակության հիմնական մասի կողմնորոշումն է: Մենք, ԵԽ-ի հետ ինտեգրվելու ճանապարհ ընտրելով եւ ԵՄ անդամակցությունը ծրագրավորելով, ԵԱՀԿ շրջանակներում մեր կարեւորագույն քաղաքական խնդիրները քննարկելով, իրականում ավելի շատ Ռուսաստանի հետ հարաբերություններով ենք այս խնդիրներին մասնակցում: Ես շատերի նման կարծում եմ, որ Հայաստանը հույսը պետք է իր վրա դնի, եւ սրա ամենակարճ ճանապարհը ՀՀ Սահմանադրությունը մեր երկրում ազնվորեն իրականացնելն է: Այդ դեպքում մեր հարաբերություններն այլ երկրների հետ զգալի չափով ազատ կլինեն ստվերային ծանրաբեռնվածությունից: