Ալավերդու բնակարանային ֆոնդը, որը իր մեջ ընդգրկում է շուրջ 175 բնակելի շենք, ծայրահեղ վթարային վիճակում է: Բնակարանների սեփականաշնորհումից հետո քաղաքապետարանը «ձեռքերը լվացել է» եւ մի կողմ քաշվել, ինչը հատկապես զգալի է սոցիալապես անապահով բնակչության համար: Մարդիկ չեն կարողանում վերանորոգել սեփական բնակարանները: Արդյունքում բնակելի շենքերում փլուզումներ են լինում:
Մայիսի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի թիվ 16 շենքի երկրորդ հարկում գնտվող թիվ 13 բնակարանի պատշգամբը փլվել է հենց այն ժամանակ, երբ բնակարանի բնակչուհի՝ 64-ամյա Էմմա Իսրայելյանը եւ նրա 45-ամյա աղջիկը՝ Անահիտ Իսրայելյանը կանգնած են եղել պատշգամբում: Մայր եւ աղջիկ Իսրայելյանները ծանր կոտրվածքներով տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց: Ինչպես տեղեկացանք Ալավերդու առողջապահական կենտրոնի վնասվածքաբան Լյովա Ասրյանից, մայրը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի եւ որովայնի սալջարդ, ձախ սրունքոսկրերի կոտրվածք: Ծանր կոտրվածքներ է ստացել նաեւ Անահիտ Իսրայելյանը: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկ Լյովա Ասրյանը: Պատշգամբի փլուզման մասին Էմմա Իսրայելյանը պատմեց. «Դուրս եկա բալկոն, տեսնեմ ինչ կա, չկա: Չեմ հասկացել, որ աղջիկս նույնպես եկել ու պատշգամբում կողքիս կանգնել է: Ընկնելուց հետո ասացի՝ վայ, Անահիտ ջան, դու է՞լ ես ինձ հետ, դու էտո՞ւր եկար հետեւիցս: Վերջը օգնություն կանչեցի, ժողովուրդը հավաքվեց, շատ գոհ եմ ժողովրդից եւ հիվանդանոցի ողջ կոլեկտիվից»: Անահիտ Իսրայելյանն էլ պատմեց. «Երկուսով էինք բալկոնում, շատ արագ կատարվեց, զգում էինք փլվելը, բայց արդեն ուշ էր»:
Էմմա Իսրայելյանը հայտնեց, որ մեկ ամիս առաջ գնացել է քաղաքապետարան, որ քաղաքապետին տեղեկացնի պատշգամբի վթարային վիճակի մասին եւ վերանորոգելու համար օգնություն խնդրի, սակայն այնտեղ նրան պատասխանել են, որ քաղաքապետը տեղում չէ: Ըստ Էմմա Իսրայելանի հարազատների՝ պատշգամբի վթարային վիճակի մասին տեղեկացվել է տնային կառավարիչ Արամայիս Խանդամիրյանը, որն էլ պատասխանել է, թե վթարային պատշգամբի վերանորոգումը իր իրավասությունների մեջ չի մտնում: Էմմա Իսրայելյանը կենսաթոշակառու է, իսկ նրա աղջիկը՝ գործազուրկ: Ընտանիքը իր գոյությունը պահպանում է Էմմայի 33 հազար դրամ կենսաթոշակով:
Էնգելսի փողոցի թիվ 13 շենքի բնակիչները խուճապի են մատնված, քանի որ վթարային վիճակում են շենքի գրեթե բոլոր պատշգամբները: Այս կապակցությամբ շենքի բնակիչ Վազգեն Ղուշչյանը ասաց. «Կենսաթոշակառու մարդ եմ, ո՞նց կարող եմ պատշգամբս վերանորոգել, էլի քաղաքապետարանը պետք է մի բանով մեզ օգնի»:
Էնգելսի փողոցի թիվ 13 շենքը, ըստ շենքի բնակիչների, կառուցվել է 1950-ական թվականներին: Ալավերդիում 1970 թվականին տեղի ունեցած մեծ ջրհեղեղից հետո շենքը վերանորոգվել է, պատշգամբները՝ ոչ: Ակնհայտ էր, որ վթարված պատշգամբի երկաթյա կոնստրուկցիաները քայքայված էին: