Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Մայիս 12,2009 00:00

\"\"«Առավոտը» արդեն ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների նախընտրական ծրագրերի իրավական, մշակութային, սոցիալական, քաղաքական բաժինների վերլուծությունները:

Այս հրապարակմամբ անդրադարձել ենք նրան, ինչ Երեւանի կառավարման հայտ ներկայացրած ուժերը չեն խոստանում:

Երեւանի շուկաներն ու շուկայամերձ տարածքներն այսօր ոչ հիգիենիկ, ոչ գեղագիտական, ոչ որեւէ այլ հարթությունում նորմալ վիճակում չեն. իրար գլխի լցված կրպակներ, ձեռքն ընկած նյութով «ձեւավորված» տաղավարներ, քայլելու տարածքների խիստ սահմանափակում եւ այլն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 7 միավորներն էլ խոսում են հասարակական տարածքների մասին՝ հրապարակներ, զբոսայգիներ, փողոցներ, կամուրջներ, վերգետնյա եւ ստորգետնյա անցումներ, դպրոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, բակեր, ջրավազաններ, շատրվաններ, ցայտաղբյուրներ, խաղահրապարակներ, կանգառներ, մարզադահլիճներ, գրադարաններ: Բայց շուկաների մասին հիշել է միայն ՀՀԿ-ն: Փողոցային առեւտրի մասին՝ միայն ԲՀԿ-ն: Երկուսն էլ՝ ի տարբերություն այլ վայրերի, շատ ընդհանրական ձեւակերպումներով: Ըստ ՀՀԿ-ի, հարկ է «նոր եւ ժամանակակից առեւտրա-կենցաղային շենքերի եւ համալիրների միջոցով ստեղծել քաղաքակիրթ սպառողական շուկա»: ԲՀԿ-ն էլ պնդում է, որ «մեկընդմիշտ պետք է լուծվեն փողոցային առեւտրի, հակասանիտարական պայմաններում հասարակական սննդի օբյեկտների կազմակերպման եւ նմանատիպ այլ, տարիներով չլուծվող խնդիրները: Միաժամանակ, քաղաքային իշխանությունը պետք է հասկանա, որ մեր բազմահազար քաղաքացիները դեռեւս հացի խնդիր են լուծում, ուստի նրանց պետք է առաջարկել այլընտրանքային աշխատանքային վայրեր եւ պայմաններ»:

Երեւանցիների համար գլխացավանք դարձած գիշերային ակումբների գործունեությունը խիստ հսկելու հարցով միայն ԲՀԿ-ում են մտահոգված: Երեւանով մեկ ինքնաբուխ «բացված» ավտոշուկաների եւ անօթեւանների գիշերային խնամքի կենտրոններ ստեղծելու մասին հիշել է միայն ՀՅԴ-ն: Իսկ ահա բաղնիքների եւ սաունաների մասին ոչ ոք չի հիշել:

Առաջին օրն ու տարին չէ, որ հասարակական կառույցները ահազանգում են, իսկ պետական կառույցները՝ համաձայնում, թե Հայաստանի մարզերը զարգացման մակարդակով եւ տեմպերով մի քանի անգամ զիջում են Երեւանին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 7 ուժերից 6-ը չի պատրաստվում հանուն Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացման՝ «բեռնաթափել» Երեւանը: ՀՅԴ-ն է, որ առաջարկում է «ակտիվ տնտեսական քաղաքականության ձեռնարկումը Հայաստանի այն տարածքներում (մարզերում), որտեղ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները ներքին միգրացիայի պատճառ են դառնում»:

Յոթից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, առաջարկում են Երեւանի ուսերին լրացուցիչ բեռ դնել՝ Սփյուռքի հետ կապերը: Ըստ ՕԵԿ-ի, արժե «ստեղծել Երեւան-Սփյուռք հարաբերությունները համակարգող ստորաբաժանում քաղաքապետարանում, խրախուսել եւ ըստ ամենայնի պաշտպանել սփյուռքահայերի ցանկությունը՝ Երեւանում ներդրումներ կատարելու ուղղությամբ, ձեւավորել ընդհանուր տեղեկատվական դաշտ աշխարհի հայաշատ քաղաքների միջեւ: Երեւանը պետք է աջակցի համասփյուռ հայությանը լեզվի պահպանման եւ ուսուցման, հայոց լեզվի եւ պատմության սփյուռքահայ մասնագետների պատրաստման, բուհերում սփյուռքահայ ուսանողների քանակի ավելացման հարցերում՝ այս ճանապարհին որպես առաջին քայլ Երեւանում ստեղծել «էլեկտրոնային համալսարան», որը կարող է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա դառնալ Երեւան-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւորագույն օղակ»: ՀՅԴ-ն էլ Երեւանը տեսնում է ոչ միայն Հայաստանի, այլ՝ համայն հայության մայրաքաղաք եւ առաջարկում լրացուցիչ ծախսեր եւ պաշտոններ՝ «Երեւան քաղաքի ներկայացուցչությունների հիմնում Արցախում, Ջավախքում, ինչպես նաեւ Սփյուռքի հայաշատ վայրերում»:

Առանձին դեպքերում տպավորություն է ստեղծվում, որ ընտրապայքարի ելածները առաջարկները կազմել են այն կանխավարկածով, թե հանրությունը անտեղյակ է «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» եւ այլ օրենքներից: Օրինակ՝ ՀՅԴ-ն առաջարկում է «ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողովի ստեղծումը՝ էական դերակատարություն վերապահելով ընդդիմությանը»: Համաձայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Երեւանի ավագանին է որոշում որոշ հարկերի եւ տուրքերի չափը, վերահսկում բյուջեն, քաղաքապետը պարտավոր է բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն ներկայացնել, ավագանու ցանկացած խմբակցություն կարող է քննող հանձնաժողով ձեւավորել, ավագանու մեկ երրորդը կարող է հրատապ քննարկում կազմակերպել եւ այլն:

«Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով ձեւավորվելու է Երեւանի հասարակական կարգի  պահպանության համայնքային   ծառայություն: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրները բազմիցս հայտարարեցին, որ այսկերպ իշխանությունները իրենց սափրագլուխ-օրինախախտ թիկնապահներին օրենքով իրավունք կտան բռնություններ գործադրել ցանկացած քաղաքացու նկատմամբ: Նախընտրական ծրագրերից ոչ մեկում այս հարցին անդրադարձ չկա:

Երեւանցիների մեկ այլ գլխացավանքի՝ թափառող շների մասին հիշել են միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Վերջինս առաջարկում է «թափառող կենդանիների մեկուսացման բարեսիրական եղանակներ»: Թափառող կենդանիները նաեւ վարակներ են տարածում: Թե ինչու տնային վարակված կենդանիներին կարելի է ոչնչացնել, իսկ փողոցային կենդանիներին՝ ոչ, ՀՅԴ-ն չի ասում: Իսկ ընդհանրապես բոլոր ծրագրերում էլ կան շատ ընդհանրական ձեւակերպումներ՝ քաղաքային միջավայրի հարմարավետություն եւ անվտանգություն, տարածքների ռացիոնալ օգտագործում, համաքաղաքային ենթակառուցածքների արդիականացում, կանաչ ճարտարապետություն, ներդաշնակ կենսական միջավայր եւ այլն, որոնց տակ կարելի է հասկանալ ամեն ինչ: Այլ ընդհանրություն էլ կա՝ բոլորն էլ խոստանում են Երեւանը վերածել Լաս-Վեգասի՝ ուր ոչինչ չկա փողից եւ լույսից բացի: Ամենաուշագրավը այս առումով ՕԵԿ-ն է: «Երեւանում ծնվելը եւ նրա քաղաքացի լինելը կդառնա ոչ միայն պատվավոր, այլեւ, որպես համայն հայության մայրաքաղաք՝ բարեկեցության տեսանկյունից նաեւ շահավետ»,- խոստանում է ՕԵԿ-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել