Սպանություն, որը չի բացահայտվում
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում հրապարակվեց Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով ամբաստանյալներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի, Սերոբ Տեր-Մելիքսեթյանի դատավճիռը: Նրանք, ճիշտ է, բերվել էին դատարան, սակայն դատական նիստերի դահլիճում չէին եւ, ըստ լուրերի, հրաժարվել էին մտնել նիստերի դահլիճ: Ի դեպ, դահլիճում չէին 19-ամյա սպանված Մեսրոպ Մաքոյանի հայրը՝ Կամո Մաքոյանը, Շենգավիթ համայնքի դատախազները՝ մեղադրողները, անգամ ամբաստանյալների պաշտպանները: Դատարանն անփոփոխ թողեց Երեւանի լուծարված քրեական դատարանի դատավճիռը, որով Հրաչ Սահակյանն ու Զավեն Մկրտչյանը դատապարտվել էին 15-ական, Վլադիմիր Մկրտչյանը՝ 13, իսկ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը՝ 9 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Երեւանի քրեական դատարանի աթոռները ամբաստանյալների հարազատները կոտրեցին այս դատավճիռը հրապարակվելուց հետո, իսկ մեղադրողները փախան դատարանի դահլիճից: Ամբաստանյալները մինչ օրս չեն ընդունել իրենց մեղսագրված սպանությունը:
Մեսրոպ Մաքոյանը սպանվել է 2005թ. օգոստոսի 11-ին եւ նրա դիակը դանակի 7 հետքերով գտնվել է մայրաքաղաքի Չեխովի փողոցում: Ըստ Զավեն Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի, Զավենն ընդհանրապես չի ճանաչել Մեսրոպ Մաքոյանին, իսկ դեպքի օրը եղել է իր հարեւանուհու տանը, այնտեղ մնացել մինչեւ գիշերվա 2 անց 45 րոպեն: Շենգավիթի ոստիկանները որպես սպանության ժամ նշել են գիշերվա ժ.1-2-ը: Մինչդեռ, ըստ պաշտպան Ռ. Գրիգորյանի վերաքննիչ բողոքի, տուժողի բջջային հեռախոսն անխափան գործել է: Մաքոյանին վերջին անգամ զանգել է նրա ծանոթը՝ Խաչիկ Մինասյանը՝ ժ.1.55-ին: Խ.Մինասյանը թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ ասել է, որ իր հեռախոսազրույցի ժամանակ Մաքոյանը որեւէ անհանգստություն չի արտահայտել, եւ խնդրել է, որ ընդամենն ինքը զանգի ծնողներին, հայտնի, որ կուշանա: Խ.Մինասյանի հետ զրույցի ժամանակ լսելի է եղել երաժշտության ձայն: Մաքոյանը նրան ասել է, որ մեքենայի մեջ է եւ մագնիտոֆոն է միացված: Այսինքն, Մեսրոպը սպանված չի եղել եւ Զավենի հետ էլ, ինչպես մեղադրանքի կողմն է պնդել, կոնֆլիկտի մեջ չի գտնվել:
Ի դեպ, քրեական վերաքննիչ դատարանը երեկ բավարարեց տուժողի հոր միջնորդությունը: Այն է՝ որպեսզի քրեական գործ հարուցվի եւս երկուսի՝ Չարբախի հեղինակություններ Արտյոմ Ազարումյանի («Տյոմ» մականունով) եւ Միքայել Բուռնաչյանի («Միկա» մականունով) նկատմամբ: «Դեպքի» մասին ոստիկանությանը տեղյակ է պահվել Արտյոմի հեռախոսով՝ ժ.3-ի սահմաններում: Արտյոմն առաջինն է տեսել Մաքոյանի դիակը: Դրանից հետո նրանք անհետացել են, վաճառել սեւ գույնի «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենան:
Մաքոյանի դիակը հայտնաբերվել է թրջված: Ըստ հիդրոմետի, այդ օրն իսկապես անձրեւ է եկել եւ այն տեղացել է մինչեւ ժ.2 անց 15 րոպեն: Մաքոյանը կարող էր այդպես թրջվել «տեւական ժամանակ բացօթյա եւ անօգնական վիճակում մնալուց, մինչեւ անձրեւի կտրվելը», ասում է փաստաբան Ռ. Գրիգորյանը: Այս գործով ներգրավված փաստաբանի կարծիքով, Մաքոյանի սպանությունը եղել է այլ մարդկանց կողմից, այլ վայրում, այլ հանգամանքներում եւ որ դատապարտվածները չէին կարող գտնվել տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակահատվածում սպանել միեւնույն մարդուն: