Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆԸ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՉԷ»

Մայիս 12,2009 00:00

\"\"Երեւանաբնակ Ռազմիկ Գեւորգյանի կարծիքով, Երեւանի քաղաքապետի ընտրություններով խախտվում են մայրաքաղաքի անկուսակցական բնակիչների իրավունքները:

Զրուցակիցս 1965թ. ազգային-ազատագրական շարժման մասնակից է, խորհրդային տարիներին անլեգալ գործող Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ է: Մինչեւ 1988թ. աշխատել է ֆինանսների նախարարությունում: 1990-ին առաջադրվել էր Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու՝ 53 ընտրատեղամասում: Նրա մրցակիցներն են եղել «Ավանգարդ» թերթի խմբագրի նախկին տեղակալ Այդին Մորիկյանն ու քարտեզագիր Բաբկեն Հարությունյանը: Դրանից հետո առժամանակ «հեռացել» է քաղաքականությունից:

– Պարոն Գեւորգյան, երբեւէ Ձեր մտքով կանցնե՞ր, որ կուսակցության մեջ չլինելով՝ կարող էիք զրկվել համամասնական ընտրակարգով Երեւանի քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց:

– Լինելով ի ծնե անկախական՝ չէի պատկերացնում, որ ազատություն որդեգրած պետության մեջ չեմ կարող ինքնադրսեւորվել: Երբ սկսվեց «Երեւանի մասին» օրենքի ընդունումը, փորձեցի ճշտել, թե իմ իրավունքներն ինչո՞ւ են խախտվել: Փետրվարի 23-ին դիմեցի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով բացատրել՝ ինչո՞ւ չեմ կարող ուղղակի առաջադրվել քաղաքապետի թեկնածու, այլ պետք է դա լինի կուսակցական ցուցակներով: Այն դեպքում, երբ ասում են, թե քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն: Եթե քաղաքական չեն, ապա ինչո՞ւ են կուսակցությունները պայքարում եւ ինչո՞ւ է համամասնական ընտրակարգ սահմանվել: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացա պատասխան, թե Սահմանադրության հոդվածները խախտված չեն: Մասնավորապես՝ Սահմանադրության 108 հոդվածը: Ըստ այդ հոդվածի՝ «Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն»:

Իրականում Սահմանադրությունը թույլ է տալիս, որ Երեւանն ունենա ավագանի կամ ուղիղ ընտրի իր ղեկավարին: Խնդիրն այն է, որ Պաշտպանի պատասխանն ինձ չի գոհացրել: Պաշտպանը պիտի հասկանար, որ այդ հարցը տանջում է ոչ թե կուսակցական շերտին կամ «խավին», այլ՝ իմ նմաններին: Եթե Սահմանադրության 2-րդ հոդվածով պետությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը պետության տերն է դառնում միայն ընտրություններով, ուրեմն խախտված է հենց 2-րդ հոդվածը: Այն է՝ ինքը չի կարող մասնակցել ընտրությանը, քանի որ կուսակցության ցուցակներում չէ:

– Դուք վիրավորվա՞ծ եք:

– Այո, քանի որ խախտվել են Երեւան քաղաքի բնակիչների իրավունքները:

– Սկսվել է նախընտրական քարոզչությունը: Ուշ չէ՞ հարցի բարձրացումը:

– Ուշ չէ, քանի որ այդ մասին խոսում եմ փետրվարից: Երեւանում 1 մլն 500 հազարից ավելի մարդ կա, որոնց մեծամասնությունն անկուսակցական է, եւ իմ նման մտածողները չպետք է ընտրության մասնակցեն: Ես երբեք իմ արհամարհված ձայնը չեմ տա որեւէ կուսակցության, որովհետեւ նրանք իմ ձայնն անտեսել են ու ասել՝ քո ձայնը մեզ պետք չէ: Կարեւորը մեխանիզմն է: Փչացած մեխանիզմով ուզում են ձայն մուրալ: Մեր բնակչությանն էլ կասեմ. չհավատալ կեղծ արցունքներին, խոստումներին, կեղծ պայքարին:

– Ի վերջո, Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է:

– Քաղաքական ասելով՝ երկիրը տանում են կործանման: Մենք էլ՝ հարկատուներս վճարում ենք: Քաղաքականը միայն ընտրովի պաշտոնն է, ոչ թե՝ նշանակովին: Երեւանը որոշիչ է, եւ ընտրություններից հետո նոր վերաբաժանում կլինի: Ի՞նչ քաղաքական պաշտոն: Երեւանը կառուցվել է արդյունաբերության հիման վրա: Կար աշխատատեղ ու սպասարկող անձնակազմ: Երեւանն ուներ 400 000 բանվոր, աշխատող եւ նրանց 800 000 մարդ պետք է սպասարկեր. դպրոց, կինո, տաքսի, ջրմուղ, թատրոն: 60-80 խոշոր շուկա ունեցող Երեւան քաղաքին 1 մլն 200 հազար բնակիչն ինչ պետք է անի, եթե անօրինականություններ են արվում: Դրա համար էլ աղբահանության հիմնարկ են ասում: Այն դեպքում, երբ մշակույթի 100 տոկոսն է այստեղ, սպասարկման ոլորտի՝ 100 տոկոսը: Բոլորն էլ լավ աղբ կհավաքեն, եթե այդ պաշտոնը դրա համար է: Լեւոնն էլ աղբ կհավաքի, ինչպես նախորդները: Սակայն Երեւանը ջրմուղկոյուղի չէ: Հայաստանի դեմքն է Երեւանը: 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրի սիրտը, հայելին, աշխարհին ներկայանալու միակ կառույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել