Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված ամուսնությունների թիվն աճել է 2,2 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.569 ամուսնություն:
Բաժնի պետի խոսքով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 3,1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս տարի առաջին եռամսյակում գրանցվել է 715 ամուսնալուծության դեպք:
Կ. Կույումջյանի խոսքով, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում: Իսկ ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Արարատի եւ Սյունիքի մարզերում: Բաժնի պետը հայտնեց, որ ամենաշատ ամուսնալուծության դեպքերը գրանցվել են Լոռիում, Երեւանում եւ Շիրակում, իսկ ամենաքիչը՝ Արմավիրի մարզում: