Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐ ՕՐԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 12,2009 00:00

Թաղապետարաններն անօթեւանների համար ունեն ազատ բնակֆոնդեր, սակայն հատուկենտ անօթեւաններ են դրանից օգտվում:

«10 տարի անտուն ենք: Վարձով էստեղից էնտեղ ընկած՝ բնակարան ենք փոխում: Հազիվ ենք հացի փող աշխատում, չենք հասցնում անգամ բնակարանի վարձը մուծել: Արդեն 6 ամիս է՝ տան տիրոջը պարտք ենք: Ես նույնիսկ գործազրկության նպաստ չեմ ստանում: Շուտով էս բնակարանից էլ կզրկվենք ու փողոցում կմնանք: Ախր վարձով բնակարան գտնելն էլ դժվար է, որ իմանում են կայուն գործ չունենք, վարձով տուն էլ չեն տալիս: Որ տալիս են էլ, մի քանի օրից մեկ էլ պարզվում է, որ տանտերերը արտասահմանից գալիս են»,-«Առավոտի» հետ զրույցում պատմեց Գոհար Երիցյանը: Նրա ներկայացմամբ, ընտանիքը սեփական բնակարանից զրկվել եւ անտուն է մնացել դեռեւս 1997 թվականից, երբ ամուսինը որոշել է «Հայներարտբանկից» 500 հազար դրամ վարկ վերցնել՝ սեփական բիզնեսը ստեղծելու համար. «Այդ ժամանակ տղաներս էլ ծառայում էին բանակում: Փոքրիս առողջական վիճակը ծայրաստիճան վատ էր ու ստիպված հիվանդանոց պառկացրինք: Էդ գումարն էլ, որ վարկով էինք վերցրել, ծախսեցինք երեխայիս առողջությունը վերականգնելու համար: Հետո էլ աշխատանք չկար, տոկոսներն էլ կուտակվեցին ու չկարողացանք տակից դուրս գալ: Բանկն էլ տունը ձեռներիցս վերցրեց»: Տիկին Գոհարի պատմելով՝ այսօր ամուսնու վաստակած օրական 3 հազար դրամով են յոլա գնում ու տան վարձն էլ արդեն 5 ամիս չեն վճարել: Եթե տան վարձը չկարողանան վճարել՝ ընտանիքը կհայտնվի փողոցում: Տիկին Գոհարը որքան էլ փորձում է աշխատանք գտնել ու գոնե քիչ թե շատ ամուսնու բեռը թեթեւացնել, չի ստացվում. «Որ գնում եմ՝ կամ ասում են ջահել աշխատող ենք ուզում, կամ էլ պատճառաբանում են, թե տեղ չկա: Իսկ աշխատանքի տեղավորման գործակալություններին էլ որ դիմում եմ, նախօրոք պետք է 2 հազար դրամ վճարեմ, է՛, որ էդ գումարն ունենամ, ուտելու բան կառնեմ: Բայց մի քանի անգամ վճարել եմ, որ ասեն աշխատանքի վայրը, գնացել եմ, գործատուն կամ ասել է տեղ չկա, կամ էլ ասել է՝ սխալ եք եկել: Ամեն քայլի մարդկանց խաբում են: Տունս էլ էդպես խաբվելով ձեռիցս գնաց»:

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Գոհար Երիցյանն իր խնդիրը ներկայացրել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ընտրվելու դեպքում տիկին Գոհարին պարոն Սարգսյանը խոստացել է օգնել. «Նախընտրական հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանին մոտեցա ու ասեցի, որ իմ ընտանիքը բնակարանային ու աշխատանքի խնդիր ունի, որ գոնե մի բանով մեզ օգնի, խոստացավ, որ հարցը կլուծի, բայց հիմա էլ, որ նամակ եմ գրում, նամակս ուղարկում են քաղաքապետարան, սա էլ ուղարկում է թաղապետարան: Ու այսպես տարիներով ես անտուն եմ մնում: Գոնե մի պատասխան տան, կամ հա ասեն, կամ էլ՝ չէ: Ես նույնիսկ մտածում են, որ նախագահին իմ նամակը չեն հասցնում: Ինքը երեւի չգիտի էլ կամ մոռացել է, որ իրեն դիմել ենք»: Տիկին Գոհարի խնդրանքը՝ գոնե որոշ ժամանակ անվճար կացարան ունենալն է. «Էս պետությունը մի հատ ազատ բնակարան չունի՞, որ մեզ գոնե մի քանի տարով տա: Էդ ընթացքում կաշխատենք, մի քիչ փող կհավաքենք: Թե չէ՝ հիմա ամբողջ աշխատածը վարձի ենք տալիս: Տղեքս, ճիշտ է, չափահաս են, բայց էլի նորմալ աշխատանք չունեն: Էս դարդից որոշել են Հայաստանից գնալ: Ասում են՝ այստեղ իրենք ապագա չունեն: Խնդրում եմ Սերժ Սարգսյանին՝ ուշադրություն դարձնի մեր խնդրին եւ մի բանով օգնի»:

Այսօր մեր երկրում տիկին Գոհարի ճակատագիրը կիսող անօթեւան հազարավոր մարդիկ կան, ոմանք «տոկոսի տակ» են մնացել ու այդ դարդից բնակարանը վաճառել, ոմանք այլ պատճառներով են դարձել անօթեւան:

Նշենք, որ թաղապետարաններն իրենց ենթակայության տակ ունենում են ազատ բնակարաններ՝ անհրաժեշտության դեպքում իրենց համայնքի բնակիչներին հատկացնելու համար: Քանի որ տիկին Գոհարի նախկին բնակարանը գտնվել է Արաբկիր համայնքում, այժմ էլ նա վարձով բնակվում է Արաբկիրի Ավետ Ավետիսյան փողոցում, ուստի «Առավոտը» Արաբկիրի թաղապետարանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրենց բնակֆոնդում ազատ բնակարան չկա, որպեսզի ընտանիքը փողոցում չհայտնվի:

Թաղապետարանից «Առավոտին» հայտնեցին, որ համայնքի ենթակայության տակ է գտնվում 4-5 հանրակացարան, որոնց սենյակները տրվում են առաջին հերթին այն ընտանիքներին, որոնք ծայրահեղ անապահով են, կամ որոնք ունեն անչափահաս երեխաներ, կամ՝ ծնողազուրկներին:

Արաբկիրի թաղապետարանի հասարակայնության եւ քաղաքացիների հետ կապի բաժնի ղեկավար Սիլվա Աղաջանյանը մեզ վստահեցրեց, որ հանրակացարաններից 2-ն ամբողջությամբ բնակեցված եւ սեփականաշնորհված է: Իսկ մնացած հանրակացարանների սենյակների որոշ մասն արդեն սեփականաշնորհված է, որոշ մասն էլ այդ գործընթացում է. «Այդ կապակցությամբ առկա են համայնքի ավագանու համապատասխան որոշումները, որոնց հիման վրա նվիրաբերության գործընթացը ընթացքի մեջ է: Նշված ընտանիքները նույնպես սոցիալապես անապահով են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել