Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեր երկիրը կարող է Իրանից ստացված բնական գազի դիմաց արտադրել էլեկտրաէներգիա եւ վերադարձնել նրան: Այս ծրագրի մանրամասները քննարկելու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» կառավարիչ Սեիդ Քասիզադեի գլխավորած պատվիրակությունը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկացմամբ, առաջիկա մի քանի օրերին կքննարկվեն այդ ծրագրի գործնականում իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ ինչ ծավալով գազ է ներկրվելու, ինչ քանակի էլեկտրաէներգիա է մատակարարվելու եւ պայմանավորվածությանը վերաբերող այլ խնդիրներ: Նշենք, որ Իրան-Հայաստան գազատարի բացումը տեղի է ունեցել 2007-ի մարտին: Հայկական տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի կառուցման համար ներդրվել է $33 մլն, որի 15%-ը՝ հայկական համաֆինանսավորմամբ, իսկ մնացածը հատկացրել է Իրանի Արտաքին զարգացման բանկը՝ վարկի տեսքով: Նշենք, որ, ըստ նախնական պայմանավորվածության, Իրան-Հայաստան այլընտրանքային գազատարից ստացվող գազը պետք է վերամշակի Երեւանի ՋԷԿ-ը: