Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն ոչ մի լավ բան չի կանխատեսում

Մայիս 12,2009 00:00

Հայաստանի տնտեսական հեռանկարները 2009-2010 թվականներին բավականին հոռետեսական են: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի 8 երկրների շարքում 5%-ով տնտեսական ետընթաց կարձանագրվի միայն Հայաստանում եւ 2%-ով՝ Ղազախստանում: Բացի այդ, 2010-ին համախառն ներքին արդյունքի աճ է սպասվում տարածաշրջանի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ տնտեսական աճը կլինի զրոյական: Այս կանխատեսումները երեկ հրապարակել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Լյուիսի ներկայացմամբ, առաջիկայում Հայաստանում կնվազեն արտադրանքի ծավալները, անկում կարձանագրվի շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում: Պայմանավորված պահանջարկի նվազմամբ, տրանսֆերտները եւ արտահանումը անկում են ապրելու:

ԱՄՀ մասնագետների կանխատեսումներով, այս տարվա ընթացքում տնտեսական աճը միջինը կկազմի 1,3%, սակայն՝ պայմանավորված տվյալ պետության վարած հակաճգնաժամային քաղաքականությամբ, 2010-ին աշխարհում տնտեսական աճի ցուցանիշը կհավասարվի 1,9%-ի: Ըստ ԱՄՀ-ի, այս տարի տնտեսական աճի ամենամեծ անկումը կգրանցվի Ռուսաստանում՝ 6%, եւ Ճապոնիայում՝ 6,2%, իսկ աճի ամենաբարձր ցուցանիշը կունենա Չինաստանը՝ 6,5%: ԱՄՀ-ի մասնագետները պետությունների ղեկավարներին խորհուրդ են տալիս ավելի մեծ խնդիրների առջեւ չկանգնելու համար մի շարք միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես՝ ապահովել արտահանման եւ ներկրման ծավալների բալանսը եւ պետական այնքան պարտք չկուտակել, որ հետագայում ի վիճակի չլինեն այն մարել: Իսկ ընդհանուր առմամբ, գնահատելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա, ԱՄՀ մասնագետներն ամբողջ աշխարհում արձանագրում են ՀՆԱ-ի անկում, գործազրկության աճ, սպառողական ապրանքների շարունակական թանկացում, կապիտալի ներհոսքի նվազում եւ այլն:

ԱՄՀ-ի ուսումնասիրությունների համաձայն, աշխարհում իրավիճակը կսկսի կայունանալ 2010-ից, սակայն տնտեսական աճ կսկսի արձանագրվել միայն 2011-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել