Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Մայիս 12,2009 00:00

\"\"Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած որոշ ընկերությունների հավաստմամբ, հակաճգնաժամային ծրագրերի շարքում տրամադրվող վարկի պայմանները արտոնյալ չեն, քանի որ տոկոսադրույքները խիստ բարձր են:

Հակաճգնաժամային ծրագրերի շարքում կառավարության օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել 16 կազմակերպությունների ներկայացրած բիզնես-ծրագրերը, որոնք կարող են հավակնել պետության աջակցությանը: «Առավոտն» այս թեմային արդեն անդրադարձել է (05.05.2009): Մասնավորապես նշել էինք, որ, ուսումնասիրելով այդ ընկերությունների ցանկն ու նրանց գործունեության ոլորտները, այնքան էլ հասկանալի չէ, թե հատկապես որ չափանիշներին համապատասխանելու համար են նրանք արժանացել կառավարության աջակցությանը, մանավանդ որ՝ ֆինանսական օգնությունը, ըստ հակաճգնաժամային ծրագրի, տրամադրվում է ոչ թե նոր ընկերություն հիմնադրելու կամ կառուցապատում իրականացնելու, այլ բացառապես ճգնաժամին դիմակայելու եւ եղած ռեսուրսները զարգացնելու համար: Իսկ 16 ընկերությունների շարքում կան այնպիսիները, որոնց աջակցություն է տրամադրվել կառուցապատման կամ 10 տարուց ավելի պարապուրդի մատնված ընկերության վերագործարկման համար:

Սակայն, այդ ընկերություններից մեկի հետ մեր զրույցից պարզվեց, որ կառավարության հավանությանն արժանանալը դեռեւս չի նշանակում, որ տվյալ ձեռնարկությունը կարող է հեշտ ու հանգիստ գումար ստանալ: «Կոնսեր» ընկերության սեփականատեր Համլետ Ավագյանի ներկայացմամբ. «Օպերատիվ շտաբի կողմից դրական հավանության արժանացած ծրագիրը դեռեւս չի նշանակում, որ նրանք այդ գումարը տվել են: Համաձայնում են, բայց որոշակի պայմանների դեպքում՝ մեկ էլ հետ են կանգնում, գալիս են ավելի մոտիկից են մոնիտորինգ անում, ստուգում, որ տեսնեն՝ եթե ներդրում կատարեն, արդյո՞ք այդ կազմակերպությունը ունի համապատասխան գրավ, որպեսզի վաղը չէ մյուս օրը խնդիրներ չառաջանան ու պետությունը «չքաշվի»: Ուրիշինը չգիտեմ, իմ պարագայում այսպես էր: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից եկան, նայեցին ու ասացին, որ չէ, մենք ձեզ ներդրում չենք տալու, պետությունը ձեզ մոտ չի կարող ներդրում կատարել: Հետո տեսան, թե գործարանը ինչպիսի սարքավորումներ ունի, գնահատել տվեցին իմ գործարանը եւ տեսան, որ այն բավականին արժեքավոր է, միայն դրանից հետո ինձ առաջարկեցին 5 տարի ժամկետով վարկ՝ տարեկան 12%-ով: Ընդ որում, ոչ թե նրանք ինձ վարկ են տրամադրում, այլ երաշխավոր են կանգնում, որ բանկը ինձ վարկ տրամադրի: Ամբողջ գործարանս ես պետության մոտ գրավ եմ դրել, որը գնահատվել է 2,5 մլն դոլար: Իրականում այդ գործարանի արժեքը այսօրվա դրությամբ 5 մլն դոլարից անցնում է: Բայց, քանի որ անկախ գնահատող էր, այդպես գնահատեց»: Պարոն Ավագյանի ներկայացմամբ, $5 միլիոն արժեցող գործարանի գրավի դիմաց ինքը ստացել է $1 մլն, բացի այդ, պարտավորվել է ամեն ամիս իր ձեռքի տակ ունենալ օպերատիվ տվյալներ այն մասին, թե ինչ նպատակով են օգտագործվում այդ գումարները: Մեր այն հարցին, թե այդ աջակցությունը իսկապե՞ս կարելի է համարել արտոնյալ պայմաններով տրվող վարկ, Հ. Ավագյանը պատասխանեց. «Այսօրվա գյուղատնտեսության զարգացման համար դա շատ բարձր տոկոսադրույք է: Սակայն այսօրվա բանկերից էլ հնարավոր չէ վարկ ստանալ: Իմ կարծիքով, նրանք դեռեւս լոմբարդային մակարդակից այն կողմ չեն անցել: Նրանց համար ավելի լավ է Երեւանում գրավ վերցնել տուն կամ հասարակական սննդի օբյեկտ, քան գործարան՝ Էջմիածնում: Ես կարող եմ փաստաթղթեր ներկայացնել, թե վարկ ստանալու համար քանի բանկի եմ դիմել, սակայն իմ գործարանի համար ինձ ընդամենը 100 հազար դոլար են առաջարկել: Ես շատ զարմացած եմ մնացել, որ այսօր կառավարությունը առաջին անգամ առանց որեւէ ծանոթի եւ առանց որեւէ բանի, գնահատել է իմ գործը: Չնայած՝ գոհ եմ այս աջակցության համար, քանի որ եթե այն չլիներ, ապա ստիպված վաճառելու էի ամբողջ գործարանը»: Պարոն Ավագյանի տեղեկացմամբ, ինքը դիմել է նաեւ, որպեսզի իրեն աջակցեն արտադրական նոր հոսքագծեր գնելու համար, սակայն մերժում է ստացել:

Նշենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերին աջակցության ծրագիրը իրականացվում է ՓՄՁ զարգացման ազգային կետրոնի միջոցով:

Մեր թերթում մայիսի 5-ին հրապարակված հոդվածի առնչությամբ, կենտրոնի տնօրեն Իշխան Կարապետյանը նամակով դիմել էր «Առավոտին», որտեղ, մեր պետության աջակցությանն արժանացած մի քանի ընկերությունների մասին ամփոփ տեղեկատվության հետ մեկտեղ (այդ տեղեկությունները կան նաեւ կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղից էլ «Առավոտը» հոդվածում մեջբերումներ էր արել), պատմել էր իրենց կենտրոնի հիմնադրման եւ կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին: Նամակում նշված էր նաեւ. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 2009-ի 4 ամիսների ընթացքում աջակցություն է տրամադրվել 23 ՓՄՁ սուբյեկտի, որոնք ներգրավել են 170,5 մլն դրամի վարկային միջոցներ: Բացի այդ, սկսած 2004-ից, վերը բերված աջակցությունից օգտվել են ՀՀ մարզերում գործող հարյուրավոր ՓՄՁ սուբյեկտներ: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը իր գործունեության շրջանակներում իրականացնում է նաեւ այլ աջակցության ծրագրեր, որոնք բաց են բոլոր ՓՄՁ սուբյեկտների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել