Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ ընտրություն կատարեք՝ հօգուտ մեր երկրի»

Մայիս 12,2009 00:00

\"\"ԲՀԿ ներկայացուցիչները Գարեգին Նժդեհ հրապարակում հայտարարեցին. «Մենք ոչ մեկին չենք քննադատում, մենք ուղղակի ասում ենք՝ մենք ի վիճակի ենք, մենք կարող ենք»:

Ի տարբերություն այլ կուսակցությունների «բակային» հանդիպումների, ԲՀԿ-ն անցկացնում է բազմամարդ հանրահավաքներ, հրապարակ են բերվում անթիվ ճերմակ դրոշներ, ցուցապաստառներ՝ «Մեր խոսքը՝ գործ է» կարգախոսով, բեմ են բարձրանում կուսակցության քաղխորհրդի գրեթե բոլոր անդամները, բեմում ուղղակի կանգնելու տեղ չի լինում, իսկ հանրահավաքները վարողը մեծ պաթոսով եւ ահռելի ձայնով է ներկայացնում ելույթ ունեցողներին: Կիրակի օրը Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի հրապարակում ուղղակի ասեղ գցելու տեղ չկար, տարածքը զարդարված էր ծաղկեզամբյուղներով, մարդիկ հրապարակը ողղակի առել էին աքցանի մեջ, իսկ բեմին մոտիկ հավաքվածները՝ հիմնականում 55-ից 70 տարեկան կանայք այնքան էին ոգեւորվել Գագիկ Ծառուկյանին մոտիկից տեսնելու հնարավորության համար, որ ոստիկանների հետ շարունակ վեճի մեջ էին, անընդհատ հրում էին ոստիկաններին՝ ԲՀԿ նախագահին մոտենալու համար: Ոստիկաններն իրենց հերթին «մեղմորեն» հրում էին հավաքվածների շղթան, խնդրելով, որ կանայք չխանգարեն, չաղմկեն, բայց կանայք անդրդվելի էին. «Մեռնեմ դրա բոյին, ես իրան անձամբ եմ ճանաչում, թող նայեմ»,- իրեն անընդհատ առաջ էր մղում մի տիկին, իսկ ոստիկանը համարժեք պատասխանում էր. «Ես էլ մեռնեմ իրա բոյին, բայց, տիկին ջան, մի հրեք, հեռու գնացեք, էս գիծը չանցնեք»: Ի վերջո կանայք հասան իրենց ուզածին. Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատելով կանանց ակտիվությունը՝ բեմից շրջվեց նրանց կողմը եւ հայացքով ողջունեց, հետո ժպտաց: Այդ հրմշտոցի մեջ, երբ դիտողություն արեցի, թե «մի քիչ հանգիստ մնացեք, մի աղմկեք», ինձ էլ մի կողմ հրեցին եւ հազիվ կարողացա ձայնագրիչս փրկել. «Հետո՞ ինչ, որ ժուռնալիստ ես, հեռու գնա, մեր բարերարին տեսնենք»,- ինձ թարս-թարս նայելով՝ վրաս հարձակվեցին մի քանի խոշոր կանայք:

ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը կառուցել է «Գագիկ Ծառուկյան» բրենդի վրա: Թիվ 50 դպրոցի փոխտնօրեն, ԲՀԿ անդամ Անժելա Հովհաննիսյանը հայտարարեց. «Եկել է պահը՝ իրականացնելու մեր այնքան ցանկալի երազանքները, մեր միշտ ծեր ու ջահել՝ Բյուրականի բարձունքից աշխարհին նայող մեր Հայաստան աշխարհի մայրաքաղաքի համար քաղաքապետ ընտրելու ժամանակը»: Եվ խորհուրդ տվեց հավատալ եւ ընտրել Գագիկ Ծառուկյանին. «Հարգելի պարոն Ծառուկյան, վստահ եմ, որ այն ամենը, ինչ նախատեսել եք, խոստացել եք, բարձրաձայնել եք՝ իրականություն կդառնա, նորից Շենգավիթում կբացվեն գործարանները, նորից շենգավիթցին կունենա աշխատավորի հպարտ կեցվածք»: Հանրահավաքը վարողը այս ելույթից քիչ անց հայտարարեց. «Օդակայանից հենց նոր այս հրապարակ է ժամանել եւ մեր կողքին, Գագիկ Ծառուկյանի անձնական հրավերով Երեւանում է գտնվում համաշխարհային խաղաղության ասոցիացիայի նախագահ, Սովետական Միության բազմակի, Եվրոպայի եւ աշխարհի հնգակի շախմատի չեմպիոն Անատոլի Կարպովը»: Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանն ի տարբերություն առաջին հանրահավաքի, այս անգամ չպարեց, բայց հայտարարեց, որ բոլոր կուսակցությունները պետք է միանան ԲՀԿ-ին. «Ես ուղղակի էնքան հպարտ եմ, որ այստեղ Վանուշին մեծարեցիք, բայց ես այդ բոլորը սիրով վերադարձնում եմ իմ սիրելի պարոն Ծառուկյանին, ես միշտ ասել եմ՝ ամեն ինչով Վանուշը ապահովված է՝ տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ, կին էլ ունեմ, աղջիկ էլ ունեմ, ամեն ինչով ապահովված եմ, ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ ուզում եմ, որ ջիգյարով գնաք ընտրությունների: Անկեղծ եմ ասում՝ եթե խելացի լինեն, բոլոր կուսակցությունները կմիանան «Բարգավաճ» կուսակցության շուրջը եւ կսարքեն մի հիանալի քաղաք, ինչի՞ միայն քաղաք, մի ամբողջ Հայաստան: Եթե պարոն Ծառուկյանի պես մարդիկ շատ լինեն, մի երկու, երեք-չորս հոգի, անկեղծ եմ ասում՝ Հայաստանն էլ բարգավաճ կդառնա: Այնպես որ, փառք ու պատիվ էս հսկային»:

ԲՀԿ ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը իր բոլոր նախընտրական ելույթները սկսում է քարոզարշավի օրերը հաշվելով. «Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մեր հանդիպումների ընթացքում մենք ներկայացնում ենք ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները: ԲՀԿ-ն, մասնակցելով այս ընտրություններին, լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք լիարժեք լուծում տալ բոլոր, դեռեւս չլուծված քաղաքային խնդիրներին»: Խոստացավ, որ ԲՀԿ-ին ընտրելու դեպքում երեւանցին կունենա «վստահելի եւ պատասխանատու իշխանություններ»: Հորդորեց «հավատալ Գագիկ Ծառուկյանին» եւ ընտրել ԲՀԿ-ին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարճ խոսեց. «Ամեն օր հեռուստատեսությամբ ու թերթերում դուք նույն բանը լսում եք, ու մոլորության մեջ են գցում մեր ժողովրդին, որովհետեւ բոլոր ծրագրերը համարյա նույնն են, միայն հարկավոր է այդ ծրագրերը իրականացնել: Ես այսօր ձեզ ասում եմ, մեր կարգախոսն է՝ «Մեր խոսքը գործ է», եւ այդ կարգախոսը մենք ոչ թե վերցրել ենք գրքերից, այլ դրանով առաջնորդվում ենք»: Խորհուրդ տվեց. «Ճիշտ ընտրություն կատարեք հօգուտ մեր երկրի, հօգուտ մեր քաղաքի: Ընտրեք՝ պահանջեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել