Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՕԳՏԱԿԱ՞Ր ԷԻՆ

Մայիս 12,2009 00:00

Ըստ իշխանության՝ այո, ըստ ընդդիմության՝ ոչ, ըստ Դաշնակցության՝ «եսիմ»

Պրահայում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ի՞նչ կստանա մեր երկիրը, ի՞նչ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, ինչպե՞ս կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները. այս եւ մի շարք այլ հարցեր էինք ուղղում մեր մի խումբ զրուցակիցների: Ուրբաթ օրը ստացված պատասխանները խիստ իրարամերժ էին, սակայն ամենից հետաքրքիրը դաշնակցական գործիչների պահվածքն էր: ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ արտաքին քաղաքականության հետ կապված լուրջ տարաձայնությունների պատճառով: Համենայնդեպս, ՀՅԴ-ն այդպես հայտարարեց: Եվ, զարմանալիորեն, մեր զրուցակից դաշնակցականները անցած շաբաթվա վերջին բացարձակ անտեղյակ էին, թե ինչ է կատարվել Պրահայում, ինչ մանրամասներ կան, եւ այդ ամենի հետեւանքով ի՞նչ պետք է ակնկալվի: Ե՛վ Վահան Հովհաննիսյանը, ե՛ւ Արտյուշա Շահբազյանը անկեղծորեն խոստովանեցին, որ զբաղած են այլ հարցերով, մասնավորապես՝ Երեւանի ավագանու ընտրություններով, եւ դեռ չեն հասցրել տեղեկանալ, թե ինչ է կատարվել Պրահայում:

Ի տարբերություն դաշնակցականների, ՀՀԿ-ական մեր զրուցակիցը հարցին բավականին լավատեղյակ էր: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքը Պրահյան գործընթացի եւ հիմնարար սկզբունքների մասին բավականին լավատեսական է: Ըստ պատգամավորի, հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր երկրի իշխանությունների մոտեցումները արտացոլում են Հելսինկյան հայտնի երեք սկզբունքները, իսկ Պրահայում ակնհայտ դարձավ, թե հայ-թուրքական հարաբերություններում եւ բանակցություններում չկան նախապայմաններ: Պարոն Շարմազանովը հարկ համարեց հատուկ անդրադառնալ նաեւ այն փաստին, որ «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» ծրագրի հիմնադիր գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում տեղ չգտավ Ադրբեջանի եւ Վրաստանի նախաձեռնած՝ «ծրագրի մասնակից բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին» դրույթը: Ըստ մեր զրուցակցի, սա եւս վկայում է, որ «ԵՄ-ն հետեւողական է իր այն մոտեցումներում, թե հակամարտությունները (այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը), որոնք առկա են հարավկովկասյան տարածաշրջանում, պետք է լուծվեն միջազգային իրավունքի եւ հակամարտության կողմերի համար ընդունելի սկզբունքների շրջանակներում: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Պրահյան հանդիպումը ԼՂ գործընթացի վրա միայն դրական ազդեցություն կունենա. «Չմոռանանք, որ հանդիպումից հետո տարածված տեղեկատվության մեջ նշվում էր, թե բանակցությունների ժամանակ խոսքը գնում էր ինքնորոշման, չհարձակման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ բանակցությունների վարման մասին»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւս տեղյակ էր, թե ինչ է կատարվել Պրահայում, եւ արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքից էականորեն տարբերվող կարծիք. «Ես կարծում եմ՝ ավելի շատ պետք է նայել՝ այս բանակցությունները օգնելո՞ւ են մեր խնդիրների լուծմանը, թե՞ չեն օգնելու: Ես կարծում եմ՝ ոչ, չեն օգնելու: Խանգարելու են: Համամիտ եմ, Ադրբեջանի եւ Վրաստանի առաջարկած բառակապակցությունը չի մտել բանաձեւի մեջ, բայց դեռ 50-ական թվականներից ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները իրար հետ հակասության մեջ են, եւ երբ նրանք գրել են «ընդհանուր» բառը, իրենց համար տեղ են թողել որոշակի ուղղությամբ այդ պրոցեսը տանելու համար: Շատ դեպքեր ես չեմ հիշում, որ տարածքային ամբողջականությունը ինչ-որ ձեւով կասկածի տակ դրվի եւ ազգերի ինքնորոշմանը ավելի բարձր ստատուս տրվի: Ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց, ցավոք, նախադեպը չունենք»։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվեց Պրահայում՝ «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, «եւս մեկ փորձ է նախկին Խորհրդային Միության հանրապետություններին Ռուսաստանից անջատելու նպատակով, ինչն իր մեջ կրում է երկակիություն. ըստ էության, Եվրոպան փորձում է առավել նվազագույն միջոցների ծախսմամբ առավել մեծ ազդեցություն ձեռք բերել: Մյուս կողմից, սա հանդիպելու է Ռուսաստանի անթաքույց դիմադրությանը, որովհետեւ պարզորոշ երեւաց, որ հարակից տարածքների առումով Ռուսաստանը խիստ խանդոտ է, եւ պետք է ընդգծել, որ Եվրոպան այս քայլով ինչ-որ չափով կորցրեց բարոյական բաղադրիչը քաղաքականության մեջ. այսօր Եվրոպան աշխարհատարածքային շահը գերադասեց բարոյական սկզբունքներին»: Վարդան Խաչատրյանը վստահ է, որ մենք չենք կարողանում գնահատել Ադրբեջանի իրական ազդեցությունը Թուրքիայի վրա, եւ չի հասկանում, թե ինչո՞ւ է այդպես. «Ինչպես նաեւ ես չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ մենք չենք կարողանում գնահատել Թուրքիայի իրական դերը տարածաշրջանում: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի շահը այսօրվա իրավիճակում, տարածաշրջանային առումով՝ Պարսկաստանին գոնե հակակշռելու համար, դա Ադրբեջանն է եւ թուրքալեզու ժողովուրդներն են, որոնք բնակվում են Կասպից ծովից այն կողմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել