Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից տարածքները քայլ առ քայլ կվերադարձվեն Ադրբեջանին»: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Բրայզայի այս հայտարարությունը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հեռու եմ այն մտքից, որ ամերիկացի համանախագահը նման հայտարարություն արած լինի, քանի որ նման անհիմն ու չհաշվարկված հայտարարություն կաներ միայն նա, ով չի ցանկանում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Մինչդեռ, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, բանակցային այս ամբողջ գործընթացում լուրջ ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Իսկ եթե Բրայզայի կողմից, իրոք, նման հայտարարություն արվել է, ապա պարզ չէ, թե ինչից ելնելով է նա նման հայտարարություն արել, քանի որ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, ինչի մասին հայկական կողմը հայտարարել է բազմիցս: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, իսկ Ադրբեջանի կողմից իր նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում` ռազմի դաշտում պաշտպանել իր անքակտելի իրավունքը եւ ստեղծել անվտանգության իր երաշխիքները: Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաջողությամբ կերտում է իր պետականությունը, ստեղծում ժողովրդավարական իր ինստիտուտները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: