Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կբացի՞ մեր աչքերը

Մայիս 12,2009 00:00

\"\"Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն իշխանությունից

հեռացել է, քանի որ իշխանությունների տարած «արտաքին քաղաքական կուրսը վտանգավոր կուրս է եւ չի համապատասխանում Հայաստանի ազգային-պետական շահերին»:

Երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հյուրընկալվել էր «Մաշտոց» համալսարանում, որտեղ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր համալսարանի ուսանողների հետ: ՀՅԴ բյուրոյի անդամ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում, նկատելով, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են Երեւանի բոլոր համայնքների թաղապետերը, ենթադրել է, որ այդ կուսակցության հաջողության դեպքում այդ թաղապետերը կպահպանեն իրենց պաշտոնները, ու հռետորական հարցադրում է արել՝ «ուրեմն, ոչ մի փոփոխություն դրական առումով չի լինի, որովհետեւ իրենք ի վիճակի չեն իրականացնելու այդ փոփոխությունները: Եթե ի վիճակի լինեին, ապա ոչինչ չէր խանգարում նրանց իրականացնել դա: Ինչո՞ւ չեն արել»:

Ի պատասխան ՀՅԴ-ին ուղղված կշտամբանքներին, թե այդ կուսակցության ցուցակում ճանաչված մարդիկ քիչ կան, Վ. Հովհաննիսյանը խոստովանել է. «Հենց դա էր մեր նպատակը, որովհետեւ երբ մենք տեսնում ենք ուրիշ ցանկերի ճանաչված մարդկանց, մենք հիշում ենք, թե ինչի համար են նրանք ճանաչված, եւ բացարձակապես դրական չի եղել մեր քաղաքացիների՝ երեւանցիներիս ճանաչողությունը այդ գործիչների նկատմամբ: Իսկ մեր ցանկում վատ իմաստով ճանաչված մարդ չկա, չկա մեկը, որ մասնակցած լիներ Երեւանի հողերի, տարածքների, այգիների մասնավորեցմանը, չկա ոչ ոք, որ ագահությունից դրդված ամեն քառակուսի սանտիմետրի վրա բարձրահարկ շենք է բարձրացրել, չկա ոչ ոք, որ հափշտակել ու կաշառք է վերցրել: Այո, այդ իմաստով մեր ցանկում ճանաչված մարդիկ չկան»:

Փոխարենը նա հայտարարել է, որ ՀՅԴ թիմն «անկոտրում է», եւ «կուսակցությունը կարողացավ ապացուցել, որ կան գաղափարներ, որոնք պաշտոնից, հարստությունից թանկ են»:

Խոսելով իշխանական կոալիցիան լքելու եւ ընդդիմադիր ճամբարում հայտնվելու հավակնության պատճառների մասին՝ Վ. Հովհաննիսյանը պարզաբանել է, թե՝ «այն արտաքին քաղաքական կուրսը, որ տանում է այս իշխանությունը, բացարձակապես չի համապատասխանում հայ ժողովրդի եւ Հայաստանի ազգային, պետական շահերին: Դա վտանգավոր կուրս է»: Նա երեւանցիներին խոստացել է արդեն ընդդիմադիրի կարգավիճակում լինելով՝ բացել նրանց աչքերը կուտակված շատ խնդիրների վրա, որոնք ՀՅԴ-ն չէր կարեւորում այնքան ժամանակ, մինչեւ այն պահը, երբ հասկացավ, որ վտանգված է երկրի անվտանգությունը: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեւանցի չէ, պատասխանեց. «Իսկ Երեւանում ո՞վ է երեւանցի: Դրանք պրիմիտիվ շահարկումներ են, որովհետեւ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ընդհանրապես այս քաղաքում երեւանցի: 56 հազար բնակչություն ուներ այս քաղաքը առաջին հանրապետության տարիներին, հիմա մեկ միլիոնից ավելի է, որտեղի՞ց այդ բնակչությունը՝ գյուղերից են եկել, այսինքն՝ շահարկել երեւանցի լինելը, կարծում եմ, արդարացված չի, մանավանդ այն հին երեւանցիները, ում մենք իսկապես որպես երեւանցի նկատի ունենք, այս նոր երեւանցիների ձեռքից թողել-գնացել են Գլենդել ու Մոսկվա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել