Բակո Սահակյանից պահանջում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը
– Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել` «Կարծում եմ, որ վերջ ի վերջո Ադրբեջանին վերադարձվելու են տարածքները, վերադառնալու են նաեւ ադրբեջանցի փախստականները։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ։ Այն պետք է ունենա նոր կարգավիճակ։ Թե ինչպիսի՞, այս հարցի շուրջ ընթանում են բանակցություններ»,- ասել է նա։ Որքանո՞վ է իրատեսական այս հայտարարությունը եւ ի՞նչ արձագանք է ստացել Արցախում:
– Արցախյան արձագանքների մասին խոսելիս հարկ է նկատի ունենալ, որ մեզ մոտ չկան «ամենօրյա ռեժիմով աշխատող» քաղաքական դաշտ ու քաղաքական ուժեր, եւ արձագանքներն էլ, ըստ այդմ, դժվար է գնահատել կամ որակել։ Ցավոք սրտի, Արցախն առայժմ քաղաքական միավոր չէ, չկա դասական առումով կայացած քաղաքական դաշտ, կայացած քաղաքական գործիչներին հաշվելու համար մի ձեռքի մատները շատ են։ Այնպես որ, եթե արձագանքներ լինեին, ապա դուք ինձնից շուտ կիմանայիք։
Ինչ վերաբերում է Բրայզայի հերթական հայտարարությունը մեկնաբանելուն, ապա, կարծում եմ, պետք չէ դա անել, ինչպես պետք չէ մեկնաբանել ցանկացած այլ հայտարարություն։ Ավելի ճիշտ՝ մեկնաբանելուց առաջ այլ բան պիտի անել։ Մեր՝ քաղաքացիներիս ու հանրության անելիքն այսօր այլ է։ Պիտի տեղյակ լինել, առաջին հերթին տեղյակ լինել, օգտվել տեղեկացված լինելու մեր իրավունքից, իշխանություններից պատասխան ու հաշվետվություն պահանջել։
Մեր հիմնական թերությունն այս պահին այն է, որ հանրությունը տեղյակ չէ բանակցային գործընթացի մանրամասներին: Սա լուրջ թերություն է՝ հանրության եւ մեծ առավելություն՝ իշխանությունների համար: Գաղտնապահության ներկայիս մակարդակն արդեն գաղտագողություն է հիշեցնում։ Երբ քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները եւ այլք կարծիքներ են հայտնում, իշխանությունը կամ, ավելի ստույգ, այն իշխանավորները, ովքեր տեղյակ են կարգավորման մանրամասներին, քամահրանքով են վերաբերվում դրանց։ Ու ստացվում է, որ մենք երբեմն խոսում ենք այնպիսի բաների մասին, որոնք այնքան էլ չեն համապատասխանում բանակցային գործընթացի տվյալ կոնկրետ վիճակին կամ էլ արդեն անցած փուլ են։ Ահա թե ինչու խորապես համոզված եմ, որ այս պահին հանրության գլխավոր անելիքը ոչ թե ենթադրաբար կարծիք հայտնելը պիտի լինի, այլ բանակցային մանրամասնությունների պահանջումը սեփական իշխանություններից։ Այլապես իշխանությանը միանգամայն ձեռնտու են մեր անառարկա քննարկումներն ու կարծիքները։ Կոնկրետ այս պարագայում փոխանակ կարծիք հայտնելու Բրայզայի եւ այլոց հայտարարությունների մասին, պիտի պահանջենք մեր իշխանություններից բացել փակագծերը։ Ի վերջո, մեր ճակատագիրն է խաղաքարտերի վրա։ Պահանջելուց ու ստանալուց հետո էլ կմեկնաբանենք։
– Ազատագրված տարածքները վերադարձնելու պահանջով կրկին հանդես է եկել Թուրքիայի վարչապետը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում Արցախի հարցը չկա:
– Նույն խնդիրն է, նույն ջրաղացն ու նույն ջուրը։ Հայ-թուրքական հարաբերություններում եւս նույն գաղտագողությունն է։ Հնարավոր չէ ժողովուրդներին գաղտագողի հաշտեցնել։ Այս հարցում եւս մենք այսօր միահամուռ պիտի պահանջենք հրապարակել ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել նաեւ պայմանավորվածությունների մանրամասները։ Կրկնում եմ՝ այսօր մեր անելիքը դա է։ Եթե դա չենք անում՝ մնացածն անլուրջ է։
– Սերժ Սարգսյանի արցախյան այցի շրջանակներում ինչո՞ւ հանդիպելու եւ բացատրություններ տալու պահանջ չներկայացրեց ԼՂՀ խորհրդարանը: Անհատական հանդիպումներ եւ զրույցներ եղե՞լ են, Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ հարցերի շուրջ են զրուցել եւ ի՞նչ երաշխիքներ է տվել արցախցիներին Հայաստանի նախագահը:
– Որքան տեղյակ եմ, լայն շրջանակներով հանդիպումներ տեղի չեն ունեցել, Սպայի տանը կայացած հանդիսավոր ժողովում էլ նա ելույթ չի ունեցել։ Ըստ երեւույթին, ՀՀ նախագահը շփվել է ԼՂՀ բարձրագույն ղեկավարության հետ միայն։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու արցախյան խորհրդարանը հանդիպելու պահանջ չի ներկայացրել, ապա ես դա անիմաստ ու անլուրջ գործ եմ համարում։ Նորերս էլ երեւանյան մի լրատվամիջոցից զանգեցին եւ հարցրին, թե ինչ հարց կտայի ՀՀ նախագահին։ Ես պատասխանեցի, որ ՀՀ նախագահին հարց չունեմ տալու։ Ես հարց ունեմ տալու ԼՂՀ նախագահին։ Արցախյան խորհրդարանն էլ ճիշտ կաներ, որ հրավիրեր ԼՂՀ նախագահին եւ նրանից իմանար ղարաբաղյան կարգավորման մանրամասները։ Ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ չէ, մենք իշխանություն ունե՞նք, թե՞ չէ։ Եվ ինչքա՞ն կարելի է պատասխանատվությունը միայն Հայաստանի իշխանության վրա բարդել։ Վերջինս առանց այն էլ պատասխան տալու շատ բան ունի։
Հիմա եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը։ Չգիտեմ, թե մեր իշխանական շրջանակներում ինչ տրամադրություններ են, բայց արցախյան հանրությունում լուրջ խլրտում կա։