Հայրենի իրավապահները բերման են ենթարկում քաղբանտարկյալների գործերով անցնող վկաներին
Իշխանությունները սկսեցին զբաղվել բոլոր նրանցով, ովքեր սպառնում են տապալել «Յոթի» գործերն ու 7 քաղկալանավորներին առաջադրված մեղադրանքները: Խոսքն այդ գործերով անցնող այն վկաների մասին է, որոնք դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական մեղադրական ցուցմունքներից՝ ասելով, որ դրանք կորզվել են ֆիզիկական բռնությունների եւ հոգեբանական ճնշումների ազդեցության տակ: Հիշեցնենք, որ այդպիսի դատաքննական ցուցմունքներ տվել են ե՛ւ Ալիկ Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի, ե՛ւ Սասուն Միքայելյանի գործերով անցնող առանձին վկաներ: Իշխանություններն այդ վկաներով պաշտոնապես սկսեցին զբաղվել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ վերջին օրերին իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են այցելել մյուս քաղկալանավորների՝ Հակոբ Հակոբյանի, նույն Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի գործերով անցած ու խոշտանգված վկաների տներն ու սպառնացել եւ ճնշել նրանց, որպեսզի դատարանում տան այն ցուցմունքները, որոնք նրանց անունից տրվել եւ ստորագրվել են նախաքննության ընթացքում: Վկաների նկատմամբ այսօրինակ ահաբեկումներին քաղաքակիրթ ձեւակերպում եւ նրանց իրավապահ մարմիններ քարշ տալու միանգամայն օրինական պատճառներ մատնանշելու համար էլ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրգործեր են հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 341 հոդվածի հատկանիշներով՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը:
Ներկայացվում է, թե Գլխավոր դատախազի այս ցուցումի համար հիմք են հանդիսացել, մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով անցնող վկաների՝ Էդիկ Խաչատրյանի, Արսեն Մկրտչյանի եւ Յաշա Մելքոնյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված «խորթ մեթոդների մասին» վերջիններիս կողմից դատարանում արված հայտարարությունները: Հիշեցնենք, որ վկա Յա. Մելքոնյանը հայտարարել էր ոչ միայն ոստիկանության Հրազդանի բաժնի պետի տեղակալ Ս. Մարկոսյանի կողմից իրեն բերման ենթարկելիս ծեծելու, այլեւ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս իրեն բռնության ենթարկելու մասին:
Հետաքրքիրն այն է, որ ծեծված վկաների այս գործերով նախաքննությունը հանձնարարվել է այն նույն մարմիններին, որոնք իրենք են եթե ոչ կոնկրետ այդ, ապա մարտիմեկյան գործերով անցնող այլ վկաների նկատմամբ բռնարարքներ գործադրել: Այսպես, Գլխավոր դատախազի ցուցումով Էդ. Խաչատրյանի եւ Ա. Մկրտչյանի հայտարարություններով հարուցված քրգործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Յա. Մելքոնյանի մասով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը: Թե ինչպես կարող է «հատուկ քննչականը» բացահայտել մի հանցագործություն, երբ ճիշտ այդպիսի հանցագործության մեջ մեղադրվում է նաեւ ինքը, երբ կան վկաներ ու դատապարտված քաղկալանավորներ, ի դեմս, օրինակ՝ Քրիստափոր Էլազյանի, որոնք հայտարարել են, թե հենց ՀՔԾ պետն ու այդ ծառայության ՀԿԳ քննիչներն են իրեն մի քանի օր շարունակ խոշտանգումների ենթարկել, իսկական ռեբուս է: Հենց այս անհեթեթ վիճակն է, որ հուշում է, թե այս քրգործերի հարուցումը ընդամենը պատրվակ է քաղկալանավորների գործերով անցնող վկաներին «օրինական» հիմքով ՀՔԾ կամ ԱԱԾ կանչելու եւ արդեն այնտեղ «վերամշակելու» համար: Որ այս օրերին էլ շարունակվում է այդ գործընթացը, երեկ դատարաններում հայտարարել են ե՛ւ Մյասնիկ Մալխասյանի, ե՛ւ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպաններ Մելանյա Առուստամյանն ու Հովիկ Արսենյանը, նաեւ՝ Մ. Մալխասյանի գործով անցնող վկա Հմայակ Գալստյանը: Ի դեպ, վերջինս, որ նաեւ Ալ. Արզումանյանի գործով դատակոչված վկաներից մեկն էր եւ, հրաժարվելով իր նախաքննական ցուցմունքներից, ասել էր, թե դրանք կորզվել են ծեծի եւ խոշտանգումների կիրառմամբ, օրերս հրավիրվել է Ապարանի ոստիկանություն, որտեղ նրան «հորդորել» են դատարանում կրկնել այն ցուցմունքները, որոնք նա տվել է նախաքննության ընթացքում: Երեկ ոստիկանները այցելել են նաեւ վկաներ Ռոմիկ Շահինյանի եւ Հենրիկ Հարթենյանի բնակարաններ՝ նրանց բերման ենթարկելու համար, բայց նրանք երկուսն էլ այդ պահին տանը չեն եղել: Հ. Հակոբյանի պաշտպան Մ. Առուստամյանն էլ երեկ ահազանգել է մեկ այլ վկայի՝ Սերոբ Սերոբյանին ոստիկանության բաժին հրավիրելու եւ նրան սպառնալու մասին: Խնդիրն այն է նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների, օրերս Հրազդանից Երեւան բերման ենթարկված եւ մասնավորապես Ս. Միքայելյանի գործով անցնող մի քանի վկաների նույնիսկ գիշերն են պահել անազատության մեջ: Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության փոխանցած տվյալների համաձայն էլ, վկա Թաթուլ Կարապետյանը, որը եւս բերման էր ենթարկվել, այժմ գտնվում է ոստիկանների հսկողության տակ: