Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԵՐՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԲԱՇԽՎԵԼ

Մայիս 09,2009 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է 2010-ին Հայաստանին տրամադրել ընդամենը $30 մլն ֆինանսական օգնություն, ինչը $18 մլն-ով քիչ է, քան ընթացիկ տարում: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»: Աղբյուրի տեղեկացմամբ, Ամերիկայի հայկական համագումարում (ԱՀՀ) հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղին առհասարակ օգնություն չի նախատեսվում, մինչդեռ 2009-ի բյուջեով հատկացվել էր $8 մլն:

Ինչ վերաբերում է արտաքին ռազմական ֆինանսավորմանը, ապա, ԱՄՆ նախագահի առաջարկի համաձայն, այդ նպատակով 2010-ին Հայաստանին տրամադրվելու է $3 միլիոն, իսկ Ադրբեջանին` $4 միլիոն: Առաջարկված բյուջեն ենթադրում է նաեւ Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման շրջանակներում Ադրբեջանին տրամադրել $900 հազար, իսկ Հայաստանին՝ $450 հազար:

Ինչպես նշել է ԱՀՀ ղեկավար Բրայան Արդունին, «անընդունելի է, որ այն երկիրը, որն արդեն իսկ ունի միլիարդավոր դոլարների եկամուտ՝ նավթից ու գազից, ԱՄՆ-ից ստանա ավելի մեծ ֆինանսական օգնություն, քան իր կողմից շրջափակման մեջ գտնվող հարեւան երկիրը: Դա չի նպաստում Հարավային Կովկասում կայունության աճին»:

Արդունին հայտարարել է, որ ԱՀՀ-ն մտադիր է աշխատանք տանել Կոնգրեսում իր դաշնակիցների հետ՝ նախագահի առաջարկությունը բոլոր մակարդակներում ամբողջությամբ փոխելու նպատակով:

ԱՀՀ-ն հիշեցրել է, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարում էր, որ «որպես նախագահ ես կօժանդակեմ օգնության տրամադրմանը Հայաստանին, որը ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում հուսալի գործընկեր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել