Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունից 15 տարի հետո

Մայիս 09,2009 00:00

\"\"1994 թ. մայիսի 2-ին, երբ հազիվ 12 օր էր մնացել ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատմանը, Երեւանում, իր տան շեմին դավադիր կրակոցով սպանվեց Գագիկ Սահակյանը: 15 տարի է անցել ողբերգական օրից: Գագիկ Սահակյանը մեկ անգամ չէ, որ եղել էր առաջին գծում: Մեկ անգամ չէ, որ անհրաժեշտ զենքը, զինամթերքը, պարենը, հագուստը կամ ռազմի դաշտում անհրաժեշտ որեւէ այլ բան զինվորին է հասել հենց Գագիկի ձեռքով: Ու նաեւ Գագիկի շնորհքն է, որ հրադադարի համաձայնագրի տակ որպես հակամարտության կողմ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը: Ցավոք, չտեսավ իր ու իր ընկերների հարյուրավոր անքուն գիշերների, տնից ու ընտանիքից կտրված օրերի, ցուրտ, խոնավ խրամատներում անցկացրած անհաշիվ օրերի արդյունքը:

Դեռ երիտասարդ տարիքից էր նկատելի, որ Գագիկը իր տեղը գտնելու փնտրտուքից չէր հոգնելու: Նախ որոշել էր տնտեսագետ դառնալ, երկրորդ կուրսից որոշեց ծառայել բանակում: Զորացրվելուց հետո մանկավարժ դարձավ ու զուգահեռ «Հայֆիլմ» կինոստուդիայում էր աշխատում: Մասնակցություն ունեցավ «Մարդը Օլիմպոսից», «Երջանկության մեխանիկան», «Խնձորի այգին», «Կորսված դրախտ», «Աստղային ամառ» ֆիլմերի ստեղծմանը: Վերջին երկու ֆիլմերում՝ նաեւ դերակատար էր: Առաջին օրից անդամագրվեց ազգային-ազատագրական շարժմանը՝ դարձավ Հայաստանի ազգային անկախություն կուսակցության անդամ, իսկ ՀՅԴ-ի՝ Հայաստանում «տնավորվելուց» հետո, 1990-ից դարձավ ՀՅԴ-ական: Ու այսօր Գագիկի ընկերներն ու հարազատները համոզված են, որ նրա սպանությունը խարան է ՀՅԴ ճակատին, եւ կուսակցությունը՝ թեկուզ ուշացած, թեկուզ սպանությունից 15 տարի անց պետք է քաջություն գտնի եւ բարձրաձայն խոսի տեղի ունեցածի մասին:

Ու էլի շատ բաներ կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Անտեղյակներին տեղեկացնել, մոռացկոտներին՝ հիշեցնել, պատմությունը սրբագրողներին՝ կարգի հրավիրել, կռվից հետո բռունցքները թափահարողներին՝ սաստել: Որովհետեւ հերոսներին մոռացող երկրում նոր հերոսներ չեն ծնվի: Իսկ Գագիկ Սահակյանը հերոս էր: Ու ոչ միայն: Նրան ճանաչողներից յուրաքանչյուրն իր իմացած Գագիկ Սահակյանի մասին խոսելով պնդում է, որ նա տաք եւ ջերմ սիրտ ուներ, պայծառ էր ու կյանքով լի, գործին անմնացորդ նվիրված, անհոգ ու անդարդ չէր, տանել չէր կարողանում անհոգ ու անդարդ մարդկանց: Շարժումը նրա տարերքն էր՝ երեւում էր, որ գտել է իր տեղը: Այս ամենը լսելուց հետո, կարիք կա՞ բացատրելու, թե ինչու հենց Գագիկ Սահակյանը դարձավ Շուշիի ազատագրման թիկունքի պետ: Դժվար է հասկանալ մեծ հային սպանող հայի հոգեբանությունը, դժվար է հային սպանողին հայ ասելը, բայց դժվար չէ հասկանալը, որ մեր օրերում Գագիկը Հայաստանի առաջին նվիրյալներից կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել