Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Մայիս 09,2009 00:00

Ես չգիտեմ՝ արդյոք ո՞վ եւ ինչպիսի՞ն կլինեի այսօր, եթե չլինեիք Դուք, իմ թանկագին Ուսուցիչ, իմ անմոռանալի ընկեր Վարդանյան: Արդեն 20 տարի է՝ դուրս եմ եկել Ձեր ամենօրյա խնամքից ու հսկողությունից, բայց այնքան մեծ էր Ձեր ազդեցությունն ինձ վրա, որ այն կկրեմ թերեւս էլի մի 20, 30, 40 տարի…

Առ այսօր զարմանում եմ, թե որքան համբերություն, որքան խորաթափանցություն, որքան իմաստություն էր պետք ունենալ՝ մեզ նման անկարգ, ինքնավստահ, ինքնասածի դեռահասների հետ ոչ միայն «լեզու գտնելու», այլեւ խոր ու անվերապահ հարգանքն ու սերը վաստակելու համար: Հիշո՞ւմ եք, ինչպես ելքը գտաք, որ մենք ապրիլի 24-ին համ դասերից չփախնենք, համ Եղեռնի զոհերի հուշարձան այցելենք. երեւի թե ամեն տարի այդ օրը Ծիծեռնակաբերդում ամենաշուտը՝ առավոտյան 7-7.30, մեր դասարանն էր լինում՝ Ձեր ղեկավարությամբ: Եվ Ծիծեռնակաբերդի այդ բարձունքը մեզնից արագ ու թեթեւ Դուք էիք բարձրանում, թեեւ արդեն բոլորել էիք Ձեր կյանքի կես դարը: Դուք միշտ էլ բոլոր երիտասարդներից ավելի երիտասարդ եք եղել, եւ այդպիսին էլ մնացել եք մինչեւ այսօր: Իսկ ինչպես մի քանի օրում կազմակերպեցիք մեր դասարանի ճամփորդությունը՝ Լենինգրադ, այն էլ՝ 88-ի մարտի այն խառը օրերին…

Մեր ողջ դասարանի համար Դուք ոչ միայն մարդկայնության, մեծահոգության, բարության, հոգատարության մարմնացում եք եղել ու Ձեր օրինակով, ոչ թե ճոռոմ խոսքերով, մեր մեջ փորձել եք մարդկային այդ որակները ամրապնդել, այլեւ անթերի կատարել եք Ձեր բուն աշխատանքը՝ բոլորիս համար բացելով ռուսաց լեզվի եւ գրականության հրաշալի էջերը: Այսօր Ձեր աշակերտներից քանի-քանիսն են Ռուսաստանում հիմնավորվել, եւ նրանք բոլորն էլ, վստահ եմ, միշտ երախտագիտությամբ են հիշում Ձեզ, որ կարող են հիմա ազատ շփվել իրենց հյուրընկալած ժողովրդի լեզվով:

Սիրելի ընկեր Վարդանյան, իմ, մեր ողջ դասարանի եւ տասնյակ տարիների Ձեր մանկավարժական աշխատանքի ընթացքում Ձեր դաստիարակած հարյուրավոր աշակերտների անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարելիցը: Թող Ձեր ապրած 80 տարիներին գումարվեն առողջ, ուրախ եւ երջանիկ շատ տարիներ: Միշտ այդքան ժպտերես, այդքան երիտասարդ, այդքան գեղեցիկ ու լավը եղեք: Մենք բոլորս Ձեզ շատ սիրում ենք ու խոնարհվում Ձեր առջեւ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031