Օրերս մի շարք լրատվամիջոցներ սկսել են ահազանգել այն մասին, որ վրացական իշխանությունները պատրաստվում են կալանավորել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ՝ «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության նախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանին, «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանին եւ «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանին:
Թե՛ Նորիկ Կարապետյանը, թե՛ Դավիթ Ռստակյանը եւ թե՛ Արտակ Գաբրիելյանը հասարակական-քաղաքական գործիչներ են, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավորներ, ովքեր մշտապես վարել են կանոնավոր ու հավասարակշռված գործունեություն: Նրանք երբեւէ հանդես չեն եկել այնպիսի գործողություններով կամ քայլերով, որոնք կհակասեին Վրաստանի պետական շահերին կամ օրենքներին: Չնայած այդ լրատվամիջոցների տարածած տեղեկատվություններին, նման միջոցառումների նախապատրաստություն Ջավախքում, մասնավորապես՝ Ախալքալաքում, դեռեւս չի նկատվում:
Ըստ տարածվող տեղեկությունների, Վրաստանի իրավապահ մարմինները հրահանգավորվել են Ջավախքում իրականացնել նոր ձերբակալությունների շարք՝ մի կողմից երկրի քաղաքացիների ուշադրությունը Թբիլիսիում ընթացող գործընթացներից շեղելու եւ մյուս կողմից՝ Ջավախքում տեղի բնակչության իրավունքների պաշտպանության համար մղվող քաղաքական պայքարը հունից հանելու, բռնության ու հալածանքների նոր պատրվակներ ստեղծելու նպատակով:
Այս ամենը հաշվի առնելով, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը սույն հայտարարությունով դիմում է համապատասխան մարմիններին, պահանջելով պարզել այս տարածվող տեղեկությունների ճշմարտացիությունը, այլապես՝ նման տեղեկությունները եւ հետագա քայլերը կհամարվեն Ջավախքի ժողովրդի եւ նրա քաղաքական-հասարակական գործունյա տարրի դեմ ուղղված սադրանք։ Ազգային, քաղաքական հողի վրա նման սադրիչ գործողությունները միմիայն կստեղծեն ազգամիջյան լարվածություն, ինչը նաեւ կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանը: Մեր տարածաշրջանների բնակչությանը կոչ ենք անում՝ պահպանել զգոնություն, չգնալ սադրանքների: