Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՆԴԵԼ

Մայիս 09,2009 00:00

Մայիսի 7-ին Պրահայում ավարտվեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի հիմնադիր համաժողովը, որի մասնակիցները՝ ԵՄ 24 պետություններ եւ նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ, ընդունեցին համատեղ հռչակագիր: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված է գործընկեր երկրներում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների սատարմանը եւ ԵՄ-ի հետ մերձեցման դյուրացմանը: Ռուսաստանին Պրահա չեն հրավիրել, ինչը խորացրել է Մոսկվայի կասկածները ծրագրի վերաբերյալ: Գործընկերության հիմնական ուղղություններն են ֆինանսատնտեսական աջակցությունը, որի համար նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո՝ մինչեւ 2013 թվականը, առեւտրային եւ մաքսային ռեժիմների ազատականացումը, ինչպես նաեւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացումը: Որպես երկարաժամկետ նպատակ՝ նշված է վիզային ռեժիմի վերացումը: Ռուսաստանին հատկապես մտահոգել է այդ կետը, քանի որ նույն խնդրի շուրջ այդ երկիրն ու ԵՄ-ն արդեն մի քանի տարի ապարդյուն բանակցություններ են վարում: Մոսկվան դժգոհ է նաեւ նրանից, որ համաժողովի ընթացքում քննարկվել է Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» գազատարի խնդիրը: Ամփոփիչ հռչակագրում ԵՄ երկրները աշխատեցին շրջանցել բոլոր սուր խնդիրները, օրինակ, նրանք մերժեցին Վրաստանի եւ Ադրբեջանի առաջարկը՝ հռչակագրի մեջ մտցնել տարածքային ամբողջականության վերաբերյալ կետը: Դրա փոխարեն, հռչակագրում ավելի անորոշ ձեւով նշվում է միջազգային իրավունքին եւ սկզբունքներին հետեւելու անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել