Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԼՐՏԵՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Մայիս 09,2009 00:00

Երեկ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմական փորձագետ եւ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Վախթանգ Մայիսայան խոստովանել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին անձամբ որոշեց պատմել, թե ինչպես են վրացական հատուկ ծառայությունները ձերբակալել քաղաքագետ, Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Մայիսայային, որը պատերազմի ժամանակ, վերլուծական նյութերի քողի տակ, Ռուսաստանին էր հաղորդում վրացական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է Մայիսայայի խոստովանական ցուցմունքները, որոնց համաձայն, դեռեւս 2003 թվականին նա հանդիպել է ռուսաստանյան բանակի մի սպայի հետ եւ պայմանավորվել գաղտնի նյութեր հաղորդելու վերաբերյալ: Ըստ պաշտոնական վարկածի, այդ տեղեկությունների համար նա ստանում էր տարեկան 7 հազար եվրո, գումարած՝ պարգեւավճարները: Մայիսայայի գործընկերները գտնում են, որ խոստովանական ցուցմունքները դեռեւս ոչ մի բան չեն նշանակում, իսկ հաղորդվող նյութերը հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում: Մայիսայայի փաստաբանը լրագրողներին ասաց, որ ստիպված է հրաժարվել իր պարտականություններից, քանի որ իրեն խստիվ արգելված է հանդես գալ հրապարակային հայտարարություններով, որոնք, իբր, կարող են պետական գաղտնիք պարունակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել