Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 09,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ յոթերորդ

 ԻՍԿԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 Եվ Կիբուռը հառաչելով ասաց՝ «ախր Անդոն հեչ մոռանալու մարդ չէր», եւ ես արդարանալով ասացի՝ «ոչ թե մոռացել էի, այլ չէի հիշում», եւ Կիբուռն ասաց՝ «մոռանալն ու չհիշելը նույն բանն են», եւ ես արդարանալով ասացի՝ «համ Օդնային էի հիշում, համ էլ՝ Անդոյին. ուղղակի մտքովս չի անցել, որ էդ էրկուսը նույն մարդն են» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ո՞ւմ մտքով կանցներ, որ Օդնան մի օր վարչապետ կդառնա», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մեկիս մտքով էլ չէր անցնի» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ավելացրեց՝ «իրա մտքով էլ երեւի չէր անցնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտքներովս նույնիսկ չէր անցնի, որ դու կարող ա մի օր բանաստեղծ դառնաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ արձակագիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ վեպդ մի վախտ կպած կարդում էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վայ թե՝ Անդոն էլ էր կարդում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Կիբուռն ասաց՝ «մեր կուրսի էդ հավաքի վախտ ասեց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասեց՝ էդ Արմենը շատ անշնորհք մարդ ա. ամեն ինչի մասին գրում ա՝ բացի Վահանավանքից», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «լավ ա, որ Վահանավանքի մասին չեմ գրել», եւ Կիբուռը զարմացած հարցրեց՝ «խի՞ ա լավ», եւ ես ասացի՝ «որ Վահանավանքի մասին գրեի, վարչապետի մասին չէի գրելու», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վարչապետի մասին չէիր գրի, բայց Օդնայի մասին հաստատ կգրեիր», եւ ես ասացի՝ «բայց վարչապետը գլխի կընկներ, որ իրան տեղը չեմ բերել», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ ավելի՛ հետաքրքիր կըլներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «երեւի», եւ Կիբուռն ասաց՝ «ճիշտն ասած՝ սկզբում ամեն շաբաթ «Առավոտ» էի առնում ու էդ վեպդ կարդում էի, բայց որ տեսա՝ Վահանավանքի մեր օրերին չես անդրադառնում, թարգեցի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի օր կանդրադառնամ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «արդեն շատ ուշ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու վարչապետի գերեզմանը գլխով ցույց տալով ավելացրեց՝ «արդեն ինքը չի կարդա», եւ ես նայեցի ու տեսա, որ վարչապետի գերեզմանաթումբը գերեզմանափորների, Յուրայի ու Աշոտի ջանքերով արդեն գոյացել ու բարձրացել էր, եւ թմբին արդեն ծաղիկներ էին դարսում, ու Կիբուռը հեկեկալով ասաց՝ «մեր ախպերը հող դառավ» ու հեկեկալով ավելացրեց՝ «մոտենանք՝ խունկ վառենք», եւ երբ խունկ էինք գցում, Խոդիկյան Կարինեն մոտեցավ, թաց աչքերով նայեց ինձ ու ասաց՝ «հոգեհացին գալու ես, չէ՞, ընգեր», եւ ես մեխանիկորեն պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ անմիջապես հիշեցի, որ Հրանտ Մաթեւոսյանի թաղման ժամանակ անձամբ վարչապետն էր ինձ էդ նույն տեղում էդ նույն ձեւով էդ նույն հարցը տվել, իսկ Սիլվա Կապուտիկյանի թաղման ժամանակ արդեն Խոդիկյան Կարինեն փոխնախարար էր ու ի՛նքը ինձ հոգեհացի հրավիրեց, եւ եթե Կապուտիկյանի ժամանակ Կարինեն վարչապետի հուշելով ինձ հրավիրեց, հիմա էդ բանը միանգամայն ինքնուրույն արեց, եւ երբ Կարինեն ինձ ասաց՝ «հոգեհացին գալու ես, չէ՞, ընգեր», ես անմիջապես հիշեցի, որ վարչապետը միշտ ու բոլորի ներկայությամբ ինձ ոչ թե անունով էր դիմում, այլ ասում էր՝ ընգեր, ու էդ «ընգերն» անթաքույց, հաճույքով ու նույնիսկ ցուցադրաբար էր ասում, եւ Հրանտի հոգեհացի ժամանակ փոխանակ հատուկ իրեն հատկացված վարչապետական աթոռին նստեր, եկավ եւ իմ, Ազատի ու Մեխակի սեղանին նստեց, ու չնայած էդ օրն էլ էր հաճույքով ու հետեւողականորեն ինձ ընգեր ասում, էդ օրը դեռեւս մտածում էի, որ ինքը մեզ հետ նստեց ու մինչեւ արարողության վերջը մեզ հետ մնաց, որովհետեւ Ազատն ու Մեխակն իր դիսիդենտության ընկերներն էին, մինչդեռ հիմա արդեն մտածում եմ եւ նույնիսկ համոզված եմ, որ ինքն էդ օրը նաեւ իմ խաթեր մեզ հետ նստեց, որովհետեւ արդեն գիտեմ, որ ճակատագրի ու կյանքի բերումով վարչապետին ավելի շուտ եմ ճանաչել, քան՝ Ազատը, Մեխակն ու նույնիսկ Պարույրը, եւ երբ խունկը գցեցինք պրծանք, Կիբուռն ինձ ասաց՝ «հիմի մեր հետ չես գալի՞ս», եւ ես հարցրի՝ «ո՞ւր», եւ Կիբուռն ասաց՝ «չգիտեմ. մի տեղ կնստենք՝ մեր ախպոր օղորմաթասը կխմենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չէ. դուք գնացեք», եւ էդ պահին Խոդիկյան Կարինեն մոտեցավ ինձ ու ասաց՝ «մեր ավտոյի մեջ մի հատ տեղ կա», եւ ես Կարինեին ասացի՝ «մենք էլ ենք ավտոյով», եւ Կարինեն նայեց Կիբուռին ու ինձ ասաց՝ «անպայման կգաք», եւ ես ասացի՝ «հա», եւ երբ Կարինեն նստեց իրենց ավտոմեքենան, Կիբուռն ինձ ասաց՝ «հիմի իրանց հետ ե՞ս գնում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ», եւ Կիբուռն ասաց՝ «էդ աղջկա՝ զամմինիստրի», եւ ես հարցրի՝ «էդ աղջկա՞ն որտեղից գիտես», եւ Կիբուռն ասաց՝ «սկզբում Անդոն ինձ Խոդիկյանի մոտ ուղարկեց, որ պապայի գիրքը պետպատվերով տպեն, բայց հետո որոշեց իրա անձնական միջոցներով տպի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չհասցրեց», եւ ես ասացի՝ «ափսոս», եւ Կիբուռը հառաչելով ասաց՝ «ինքն էր ափսոս, թե չէ՝ էդ գիրքը մի ձեւով տպել կտանք», եւ ես ասացի՝ «շատ անսպասելի մահ էր», եւ Ռուբոն հառաչելով ասաց՝ «անսպասելին էն խոսքը չի», եւ ես ասացի՝ «մարդիկ չեն էլ հավատում, որ իրա մահով ա մեռել», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու նորից հարցրեց՝ «հիմի մեր հետ չես գալի՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու գիտես», ու էդ պահին տեսա, որ Կիբուռի եղբայրն ու Յուրան մոտենում են, ու Կիբուռին ասացի՝ «տղերքին չասես», եւ Կիբուռը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չասեմ», եւ ես ասացի՝ «տղերքին չասես, որ չեմ իմացել», եւ Ռուբոն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չես իմացել», եւ ես ասացի՝ «որ Անդոն Օդնան ա», եւ Կիբուռը թախծոտ ժպտալով ասաց՝ «ինչ ես կորցրել՝ ինչ ես ման գալի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ ասի», եւ երբ Յուրան ու Ռուբոյի եղբայր Աշոտը մոտեցան, Յուրան ինձ ասաց՝ «մեր ախպերը գնաց» եւ մի քիչ մտածեց ու հառաչելով ավելացրեց՝ «մեզ մենակ թողեց ու գնաց», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ասացի՝ «խե՜ղճ Անդո», եւ Յուրան թախծոտ ժպտալով ասաց՝ «հիշում ե՞ս՝ ոնց տասը մետրից տապոռը խոզի վիզը խրեց», եւ Կիբուռի եղբայր Աշոտն ասաց՝ «ի՞նչ տասը մետր. ամենաքիչը տասնհինգ մետր կըլներ», եւ Յուրան թախծոտ ժպտալով ինձ հարցրեց՝ «գործերդ ո՞նց են, Նեմրա ջան», եւ ես ուսերս թոթվելով ասացի՝ «ուրախանալու առիթներ չկան, Արույ ջան», եւ Յուրան թախծոտ ասաց՝ «մեր Օդնան գնաց», եւ Կիբուռն ինձ ասաց՝ «մենք գնանք, Արմեն ջան», եւ Յուրան Կիբուռին հարցրեց՝ «Արմենը հետներս չի գալի՞ս», եւ Կիբուռն ասաց՝ «չէ», եւ Յուրան ինձ հարցրեց՝ «խի՞ չես գալիս», եւ ես ասացի՝ «գործեր ունեմ», եւ Յուրան ինձ ասաց՝ «ամեն ինչի մասին գրում ես՝ բացի Վահանավանքից», եւ Ռուբոն Յուրային ասաց՝ «ես էլ էի նոր իրան էդ ասում», եւ Յուրան ինձ ասաց՝ «որ Վահանավանքի մասին չգրես՝ էլ էդ գրածներդ չենք կարդա», եւ Ռուբոն ասաց՝ «ես արդեն չեմ կարդում», եւ ես ասացի՝ «ամեն ինչի մասին էլ գրելու եմ», եւ Յուրան ինձ ասաց՝ «էլ ո՞նց կգրես. արդեն էդ թվերն անցել ես», եւ Ռուբոն Յուրային ասաց՝ «որ ուզենա՝ լավ էլ կգրի. ինքը ժամանակներն իրար խառնելով ա գրում», եւ ես ասացի՝ «հատուկ չեմ խառնում. ըսենց ձեր պես հիշացնում են՝ գրում եմ», եւ Ռուբոն ներողամտորեն ինձ նայեց ու ասաց՝ «հանաք ենք անում, Արմեն ջան. ուզում ես՝ գրի, չես ուզում՝ մի գրի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մի անգամ անպայման պիտի հանդիպենք՝ պապայի բանաստեղծությունները նայենք. մինչեւ տպվելն անպայման ուզում եմ մի հատ նայես», եւ ես ասացի՝ «երբ քեզ հարմար ա՝ հանդիպենք», եւ Կիբուռի եղբայր Աշոտն ինձ ասաց՝ «քանի անգամ քեզ ուզեցել ենք գտնենք՝ չենք կարացել», եւ Կիբուռն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ հեռախոսդ փոխվել ա», եւ ես ասացի՝ «չէ. նույնն ա», եւ Աշոտն ասաց՝ «էդ համարով մի քանի անգամ զանգել ենք՝ հեռախոսը վերցնող չի էղել», եւ ես ասացի՝ «մինչեւ չորսը միշտ տանն եմ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրիկվա կողմերն էինք զանգում», եւ Յուրան ժպտալով ինձ ասաց՝ «մենք էլ չորսից հետո ենք միշտ տանը. կարաս մեկ-մեկ էլ դու մեզ զանգես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էլի սոտըվի չես պահո՞ւմ», եւ Ռուբոն ասաց՝ «սոտըվի չի պահում, որ օրիգինալ էրեւա», եւ Յուրան ասաց՝ «որ էսքան վախտ Վահանավանքի մասին չի գրել, էդ արդեն շատ օրիգինալ ա», եւ ես ասացի՝ «անպայման կգրեմ», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «դու գնա գրի, մենք էլ գնանք՝ մեր ախպոր օղորմաթասը խմենք», եւ երբ խոսելով արդեն հասել էինք պանթեոնի դարպասներին, Յուրան ինձ ասաց՝ «ո՞ւր ես գնում, նստի՝ տանենք», եւ ես ասացի՝ «գնում եմ «Առավոտի» խմբագրություն», եւ Յուրան ասաց՝ «նստի՝ ցիրկի մոտ կիջնես», եւ ես ասացի՝ «էրկու ոտ տեղ ա. ոտով կգնամ», եւ Յուրան հարցրեց՝ «բայց խի՞ ոտով գնաս», եւ Կիբուռը Յուրային ասաց՝ «մի զոռի. որ ուզում ա՝ թող ոտով գնա» եւ մի քիչ մտածեց ու ձեռքս սեղմելով ավելացրեց՝ «սրանից հետո լավ առիթներով հանդիպենք, Արմեն ջան», եւ ես իր ձեռքը սեղմելով ասացի՝ «օղորմի Անդոյին», եւ Յուրան ձեռքս սեղմելով ասաց՝ «որ հետներս գայիր՝ իրար հետ մեր ախպոր օղորմաթասը կխմեինք ու իրան կհիշեինք», եւ ես ասացի՝ «իրան միշտ էլ հիշել ենք ու կհիշենք», եւ Յուրան ասաց՝ «ինչքան իրան հիշենք՝ էնքան ինքը կենդանի ա մնալու», եւ Կիբուռն ասաց՝ «ինչքան իրան հիշենք՝ մե՛նք ենք կենդանի մնալու», եւ ես ասացի՝ «իրան սաղ ժողովուրդն ա հիշելու», եւ Աշոտն ասաց՝ «գերեզմանի մոտ ահագին լացողներ կային», եւ ես հարցրի՝ «ո՞վ էր լացում», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «հասարակ ժողովուրդը», եւ ես ասացի՝ «որովհետեւ ինքը շատ կարգին մարդ էր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ինքը շատ բարի մարդ էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «շատ մեծահոգի մարդ էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իսկական վարչապետ էր»։

Երբ Յուրայի «Նիվան» շարժվեց, ինքս էլ չհասկացա՝ ինչու ու ինչպես վերադարձա վարչապետի թարմ շիրմաթմբի մոտ, եւ բոլորն արդեն գնացել էին, եւ միայն պանթեոնի պառավ հավաքարարն էր՝ որ պսակներն էր ուղղում ու շիրմաթմբի ծաղիկներն էր վերադասավորում, ու էդ պահին էդ պառավ հավաքարարին նայելով՝ Յասնայա Պոլյանան հիշեցի, ուր քսանհինգ տարի առաջ էի եղել, ու էնտեղի հավաքարարն էլ երեւի սրա տարիքին կլիներ եւ Տոլստոյի շիրմաթումբն էր Աստծո ամեն առավոտ հարդարում, որովհետեւ, համաձայն Տոլստոյի կտակի, մեծ գրողի շիրմին շիրմաքար չէր դրվել, եւ ընդամենը հողե մի թումբ էր, որին Աստծո ամեն առավոտ էդ պառավ հավաքարարը շիրմաթմբի տեսք էր տալիս, եւ ահա՝ 2007 թվականի մարտի 28-ին Մարգարյան Անդոյի թարմ շիրմաթմբին նայելով՝ ճգնում էի յոթանասուներկուսի Օդնայի դիմագծերը մտապատկերիս մեջ վերականգնել, եւ ահա Յասնայա Պոլյանայի էդ պառավն աչքիս առաջ եկավ, բայց շուտով նաեւ Օդնան հայտնվեց, եւ նախ Օդնայի ձայնը ականջներիս մեջ տատանվեց, ու ես ահավոր ուշացումով հասկացա, որ ճիշտ ու ճիշտ վարչապետի ձայնն է, այնուհետեւ դիմագծերի մեջ էլ որոշակի ընդհանրություն հայտնաբերեցի, ու էդ բանն ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց, եւ չնայած իմ գիտակցական կյանքում բազմիցս էի Օդնայի կերպարը մտապատկերիս մեջ մեկին մեկ վերականգնել, այդուհանդերձ, 2007-ի մարտի 28-ի էդ ահավոր կեսօրին, երբ արդեն գիտեի, որ Օդնան ու վարչապետը միեւնույն հոգու կրողներն էին, ինձ դժվարությամբ էր հաջողվում վերագտնել Օդնայի դիմագծերը, եւ մտապատկերիս մեջ իշխողը ծանրումեծ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որն ամեն ինձ տեսնելիս «ընգեր» էր ասում, եւ էդ ահավոր կեսօրին, երբ ինձ համար արդեն վերջնականապես պարզ էր՝ ինչու էր ինձ մշտապես «ընգեր» ասում, իր շիրմաթմբին նայելով հանկարծակի հասկացա, որ էդ օրն ընկերոջս թաղմանը գալով՝ միանգամից երկու ընկեր էի թաղել, եւ կորուստս ու ցավս ոչ թե կրկնակի էին, այլ՝ անչափելի, որովհետեւ միեւնույն օրը միեւնույն գերեզմանում թաղված երկուսն էլ բացառիկ ու հազվագյուտ անձնավորություններ էին, եւ եթե Օդնան բացառիկ հայրենասեր էր ու մաթեմատիկական չափազանց բարդ խնդիրներ էր լուծում, երկրորդը համակ բարություն ու խաղաղություն էր, եւ էդ օրվա թերթերում նույնիսկ նրա սրտին բազմիցս կրակած քաղաքական գործիչներն ու լրագրողներն էին նրա բարությունն ու մեծահոգությունը հետմահու նշել ու շեշտել, եւ երբ հավաքարարն արդեն հեռացել էր, ես Օդնային ու վարչապետին վերջնականապես ի մի բերելով ու իրար գումարելով՝ հիշեցի նաեւ, որ յոթանասուներկուսի մի աստղաշատ գիշեր խարույկի մոտ ինքը Սողոմոն Թեյլերյանի մասին էնքան երկար պատմեց՝ մինչեւ լուսացավ, ու ես մինչեւ լույս խարույկի տակ խորովվող կարտոֆիլներն ըմբոշխնելով՝ ապշահար լսում, նայում ու տեսնում էի, որ մարդ արարածը կարող է միաժամանակ ե՛ւ մաթեմատիկական բարդագույն խնդիրներ լուծել, ե՛ւ հայրենասեր լինել, եւ երբ հավաքարարն արդեն հեռացել էր, ես ավելի կենտրոնացա ու հիշեցի նաեւ, որ ինքը ոչ միայն տեսականորեն էր հայրենասեր, այլեւ՝ գործնականորեն. Օդնան փառահեղ կացին նետող էր, եւ չնայած էդ գործի մեջ կատարելության էր հասել, այդուհանդերձ, ամեն առավոտ շարունակում էր ավելի ու ավելի կատարելագործվել, եւ երբ էդ առթիվ զարմանքս հայտնեցի Յուրային, Յուրան ծիծաղելով ասաց՝ «ամեն առավոտ պարապում ա, որ թուրքերին հատ առ հատ սպանի», բայց մի քանի օր անց Օդնայի պստիկ ու սուր կացինը մխրճվեց ոչ թե ինչ-որ թուրքի, այլ հայազգի ղափանցի անտառապահ Ջավադի խոզերից մեկի վիզը, եւ Օդնայի կողմից դա ոչ թե հատուկ դիտավորություն էր, այլ ընդամենը՝ առավոտվա հերթական նախավարժանք, եւ չնայած զոհին հմտորեն թաքցրինք, իրիկվա կողմ Ջավադի զույգ շները՝ Զանգին ու Զրանգին հոտն առան ու ձենները գլուխները գցեցին, եւ դրանից հետո մեզ ու հատկապես Օդնային անկեղծ խոստովանությունը փրկեց, որովհետեւ Ջավադն իր թոռներից մեծի միջոցով միլիցիային արդեն խաբար էր արել, բայց երբ գիշերվա կողմ ոստիկանների ջոկատն արդեն մոտեցել էր Վահանավանքի անտառի փեշերին, Ջավադը նրանց դեմն առավ, բացատրելով, որ փնտրվածին արդեն ողջառողջ հայտնաբերել է, եւ Ջավադի էդ վարքը միանգամայն հասկանալի ու բացատրելի էր, որովհետեւ մենք արդեն ոչ միայն խոզի գինն էինք շուկայականից ավել գնով Ջավադին տվել, այլեւ իրեն ու թոռներին պաշտոնապես հրավիրել էինք կեսգիշերային խորովածին, եւ Ջավադն արդեն համաձայնությունը տվել էր ու կեսգիշերին թոռների հետ ներկայացավ երկու շիշ հոնի արաղով, եւ մինչեւ լույս սրտանց քեֆ արինք, ու էդ օրվանից Օդնան ու բոլորս Ջավադին Ռեւազ էինք ասում, որովհետեւ յոթանասուներկուսի ամառն էր, եւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն արդեն կար, ու մեր էդ պատմությունը չափազանց նման էր Ռեւազի ոչխարների պատմությանը:

Հավաքարարն արդեն գնացել էր, եւ ես պանթեոնի ծառուղու նստարանին նստած՝ ճգնում էի նույնացնել երիտասարդ Օդնայի ու վարչապետի ժպիտները, բայց ոչ մի կերպ չէր ստացվում՝ երեւի նաեւ էն պատճառով, որ դրանք իսկապես որոշակիորեն տարբեր էին, եւ, բացի այդ, ես մտապատկերիս մեջ տարիներ շարունակ դրանք առանձին-առանձին էի հիշելով տեսել, եւ պանթեոնի ծառուղու էդ նստարանին մտամոլոր նստած՝ արդեն փոշմանել էի, որ Կիբուռենց հետ չգնացի, որովհետեւ 2007-ի էդ մարտի 28-ն ինձ ահավոր էր ճնշում, եւ չնայած էդ օրը Կիբուռենք էլ էին չափազանց ճնշված, ես պանթեոնի ծառուղու էդ նստարանին նստած՝ արդեն հասկանում էի, որ էդ ահավոր ու չարաբաստիկ օրն ընկերովի գրողի ծոցն ուղարկելն անհամեմատ հեշտ կլիներ, ու էդ տարբերակը հատկապես ինձ համար լավ կլիներ, որովհետեւ, չնայած տղերքի համար էլ էր 2007-ի էդ մարտի 28-ը չափազանց ծանր օր, այդուհանդերձ, էդ օրն ինձ համար առավել ծանր ու առավել խորհրդավոր էր՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ օրն ինձ համար վարչապետն ու Օդնան նույնացել էին, այլեւ էն պատճառով, որ մարտի 28-ը ծննդյանս օրն էր, ինչպես նաեւ՝ Նավասարդյան Աշոտի ծննդյան օրը, ու էս հանգամանքը մշտապես եմ հիշում, որովհետեւ իննսունչորսին իմ ու Աշոտի ծնունդները միասին էինք նշել, ընդ որում՝ Ազատի ու Անդոյի նախաձեռնությամբ, եւ երբ 2007-ի մարտի 25-ին հրապարակի «Եվրոֆուտբոլի» տարածքում վարչապետի մահվան բոթը Հրաչից լսեցի, սկզբում փորձեցի չհավատալ, որովհետեւ Հրաչն ընդամենն ասաց՝ «վարչապետն էլ գնաց», եւ չնայած էդ պահին արդեն մտքովս ահավորն անցավ, հոգուս խորքում դեռեւս հույս ունեի, թե՝ ընդամենը վարչապետի պաշտոնից են հանել, ու դա էր պատճառը, որ անմիջապես չհարցրի՝ «ո՞ւր գնաց», եւ երբ իմ փոխարեն Խչոն Հրաչին հարցրեց՝ «ո՞ւր գնաց», Հրաչը հաստատելով իմ ահավոր կանխազգացումը՝ սառնասրտորեն ու անհոգի պատասխանեց եւ ասաց՝ «էն աշխարհ», եւ չնայած էդ պահի դրությամբ «Տոտենհեմի» վրա խաղադրույք էի դրել, եւ չնայած էդ պահին «Տոտենհեմը» երրորդ գոլը խփեց «Նյուքասլի» դարպասը, արդեն ուրախության դեմ սրտիս բոլոր դարպասներն ամուր կողպված էին, ու ես արդեն ոչ թե ֆուտբոլն էի նայում, այլ՝ մյուս էկրանին, որի վազող տողատակից արյուն ու ցավ էր հորդում՝ գուժելով, որ մի քանի րոպեից սկսվելու է «Հայլուրի» հատուկ թողարկումը, եւ երբ հատուկ թողարկումը վարչապետի նկարով սկսվեց, տղերքը հեռուստացույցի ձայնը բարձրացրին, որպեսզի պարզեն վարչապետի մահվան պատճառը, եւ շուտով էդ հատուկ թողարկումն ավարտվեց, եւ վարչապետի մահվան պատճառը չիմացանք, ու էդ պահին մյուս էկրանին դատավորը երեք րոպե ավելացրեց, ու էդ ավելացված ժամանակում «Տոտենհեմը» եւս մի գոլ խփեց, բայց սրտիս դարպասներն ուրախության ու գոլերի դեմ ամուր կողպված էին, եւ չնայած մոտեցա ու Կարենից «Տոտենհեմի» պարգեւած տասնհինգ հազարս ստացա, ուշքս ու միտքս վարչապետն էր, ու էդ պահին, բնականաբար, Օդնան մտքիցս ամբողջովին բացակայում էր, եւ չնայած էդ պահին Օդնայի ու վարչապետի առնչությունից բացարձակապես անտեղյակ էի, այդուհանդերձ, սիրտս նույնքան էր նվաղած՝ ինչքան Օդնայի ու վարչապետի առնչության ի հայտ գալուց հետո, եւ չնայած սիրտս ահավոր էր նեղված վարչապետի համար, միտքս կարծես շարունակում էր նորմալ գործել, չնայած, հիմա որ հիշում եմ, հեչ էլ նորմալ չէր գործում, որովհետեւ երբ տասնհինգ հազարս ստացել ու սուրճս էի խմում, էդ պահին մտքիս մեջ հետեւյալ տագնապը սողոսկեց. հանկարծ Անդոյին ծննդյանս օրը չթաղեն, ու էդ պահին հիշելով, որ մարտի 28-ը նաեւ Նավասարդյան Աշոտի ծննդյան օրն է, մի քիչ խաղաղվեցի, մտածելով, որ դժվար թե վարչապետին Աշոտի ծննդյան օրը թաղեն, բայց շուտով տագնապս վերսկսվեց, որովհետեւ էդ օրն ու էդ պահերին մարտի 25-ն էր, եւ վտանգ կար, որ Ազգային ժողովի ընտրություններից ամիսուկես առաջ ընտրություններից ու ամեն ինչից հեռացած վարչապետին ափալթափալ չեն թաղի ու հենց մարտի 28-ը հարմար կհամարեն, ու էդպես էլ եղավ, եւ երբ հաջորդ օրը թաղման հանձնաժողովն իր սառնասիրտ ու հաշվենկատ որոշումը հրապարակեց, հոգուս ու մարմնիս միջով ահավոր սարսուռ անցավ, եւ դուք հիմա երեւի իմ էդ պահին զգացածը ոչ միայն ի վիճակի չլինեք զգալ, այլեւ իմ զգացածը չպատկերացնեք էլ, եւ չեմ էլ ցանկանում՝ որ զգաք կամ պատկերացնեք, որովհետեւ չեմ ցանկանում, որ երբեւէ ձեր իսկ ծննդյան օրն ընկեր թաղեք, եւ երբ վարչապետի թաղման կառավարական հանձնաժողովն իր էդ սահմռկեցուցիչ որոշումը հրապարակեց, ես վերստին նույն էդ բուքմեյքերական տարածքում էի, եւ չնայած հիմնականում ու հատկապես իմ ծննդյան ու վարչապետի թաղման օրերի համընկնումից էի սարսափած, մտածեցի՝ «գոնե Աշոտին խնայեին», եւ չեք պատկերացնի՝ էդ ամբողջ ընթացքում ինչքան անհանգիստ էի, եւ չեմ էլ ցանկանում՝ որ պատկերացնեք, եւ թշնամուս անգամ չեմ ցանկանում, որ մի օրվա մեջ երկու ընկեր թաղի, ընդ որում՝ նույն գերեզմանում ու իր իսկ ծննդյան օրը, եւ երբ Կիբուռենք ու հավաքարարը գնացին, ես ընկերներիս թարմ շիրմաթմբի դեմ մենմենակ ու անպաշտպան էի, ինչպես նաեւ՝ անօգնական, ինչպես նաեւ՝ անվճռական. է՛ն աստիճանի անվճռական, որ նույնիսկ չէի համարձակվում ծննդյանս օրն անիծել, եւ երբ վեր կացա ու գնացի դեպի ելքի դարպասները, դեռեւս չգիտեի՝ ինչ ուղղությամբ եւ ուր եմ գնալու, եւ երբ Տրամվի պարկն ու Ոսկերչականն անցա, դեռեւս էն կարծիքին էի, թե՝ «Առավոտ» եմ գնում, եւ երբ Մամուլի շենքի դռների մոտ մտածեցի ու հասկացա, որ «Առավոտում» անելիք չունեմ, շարունակեցի մտածել ու վերջապես հասկացա, որ ես էլ եմ պարտավոր Օդնայի ու Անդոյի օղորմաթասը խմել, ու էդ պահին ընդարմացած ուղեղս ինձ հիշեցրեց, որ մի տարի առաջ «Առավոտի» Վալոդի ու Տիկոյի հետ Մամուլի տան տպարանի ճաշարանում մեր շախմատիստների օլիմպիական հաղթանակը նշեցինք, ու էդ հաղթանակը հիշելով՝ ընդարմացած ուղեղովս հիշեցի նաեւ՝ էդ հաղթանակի իրիկուն օպերայի հարթակի վրա ինչպես էր վարչապետը ծանրումեծ պարում, ու էդ ամենը հիշելով՝ տպարանի ճաշարան մտա, եւ քանի որ ճաշարանի սրահը դափդատարկ էր, ճաշարանի տիկնոջից հարցրի՝ «հո չե՞ք փակում», եւ տիկինը բարեհամբույր պատասխանեց ու ասաց՝ «երեւի մի կես ժամից կփակենք», եւ ես հարցրի՝ «օղի ունե՞ք», եւ տիկինը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սովորական օղի չունենք, բայց տնական մաքուր թթի արաղ ունենք», եւ ես ասացի՝ «հարուր գրամ տվեք», եւ տիկինը բարեհամբույր հարցրեց՝ «ուտելու բան պետք չի՞», եւ ես ասացի՝ «հաց ու պանիր», եւ տիկինը բարեհամբույր հարցրեց՝ «թթու կուզե՞ք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031