Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 5-ին եւ 6-ին կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Նախագծի գլխավոր հովանավորն է մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Ընկերությունը տրամադրել էր 180 միլիոն դրամ՝ բեմադրության համար: Ռուսական Մեծ թատրոնի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչն աշխատել էր հայկական բալետի լավագույն ներկայացուցիչների հետ՝ «Սպարտակը» հայ հանդիսատեսին բարձր կատարողական մակարդակով ներկայացնելու համար: Հավելենք, որ օրերս կայացած ասուլիսում, որին Յու. Գրիգորովիչի հետ միասին ներկա էին նախագիծը հովանավորած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Ռոսգոսստրախի», «Հայկական էլեկտրացանցերի», «Կոնվերս» բանկի, «Արարատ» կոնյակի գործարանի եւ «Գոլդն փելեսի» ղեկավարներն ու ներկայացուցիչները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, չգիտես ինչու, փորձում էր խնամքով թաքցնել, թե նրանցից ով՝ ինչ չափով է համալրել «Սպարտակի» բյուջեն: Նախարարը հրապարակեց միայն պետության մասնաբաժինը՝ 20 մլն դրամ: