«Երեք ցանկություն ունեմ՝ Արեւմտյան Հայաստանը միանա Արեւելյան Հայաստանին, կայանա իմ մեծ մենահամերգը եւ երրորդ՝ դառնամ մշակույթի նախարար»,- սրանք են 20-ամյա Արմինե Գաբրիելյանի ցանկությունները: Նա երեք տարի առաջ ավարտել է Պարարվեստի պետական ուսումնարանը, այժմ սովորում է Երեւանի մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի մշակութաբանության բաժնի երրորդ կուրսում, նաեւ «Կռունկ» համույթում պարուհի է: Նրա հայրը զոհվել է արցախյան հերոսամարտի ժամանակ: Արմինեին ասել են, որ հայրը հայրենասեր էր, եւ նրա վերջին ցանկությունը պատմական Հայաստանը ազատագրված տեսնելն էր: Արմինեի համար պարը ե՛ւ մասնագիտություն է, ե՛ւ ինքնաարտահայտման միջոց: Ժողովրդական պարարվեստի եւ առհասարակ արվեստի միջոցով փող վաստակելը բարդ է մեր իրականության մեջ, եւ դա է պատճառը, որ արվեստագետներից շատերը հայացքներն ուղղում են շոու- բիզնեսի կողմը: Բայց Արմինեն չի ցանկանում այդ ոլորտը մուտք գործել, որովհետեւ պարը նրա համար զուտ մասնագիտություն ու հոբի չէ, այլ կենսակերպ, իր ազգի պատմությունն ու մշակույթը: Երջանկության փնտրտուքներով այսօր մարդիկ աշխարհով մեկ են ցրվում եւ զանազան միջոցների դիմում: Արմինեն ասում է, որ գտել է իր երջանկությունը՝ պարի ու լավատեսության մեջ: