Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ հողում Հռոմի պապն ուխտագնաց է

Մայիս 09,2009 00:00

\"\"Այսօր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կժամանի մի երկիր, որը սուրբ են համարում աշխարհի հրեաները, մահմեդականներն ու քրիստոնյաները: Ըստ «Գազետա» թերթի, արձանագրության համաձայն, պապի բոլոր այցելությունները ուխտագնացություններ են եւ ոչ թե քաղաքական այցեր: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մտադիր է նախ եւ առաջ աղոթել բոլոր հավատացյալների հետ միասին: Հռոմի պապը հանդիպում է քաղաքական գործիչների հետ, բայց երբեք նրանց հետ չի ճաշում: Այս անգամ էլ Բենեդիկտոս 16-րդը չի պատրաստվում հաց կիսել Հորդանանի թագավոր Աբդուլա 2-րդի, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ: Երուսաղեմի լատինական պատրիարքը հայտնել է, որ Հռոմի պապն այցելելու է Հոլոքոստի հուշարձան, բայց չի մտնելու թանգարան, որովհետեւ համաձայն չէ Իսրայելում ընդունված՝ 2-րդ համաշխարհային պատերազմում Վատիկանի դերի մեկնաբանության հետ: Այդ թանգարանում հրեաներին հետապնդողների շարքում է տեղադրված պատերազմի տարիներին Հռոմի պապի պաշտոնը զբաղեցնող Պիոս 12-րդի դիմանկարը:

Անցած կիրակի օրը հավատացյալների առաջ հանդես գալով Վատիկանում՝ Բենեդիկտոս 16-րդն ասաց, որ մեկնում է սուրբ հող՝ որպես խաղաղության ուխտագնաց եւ ցանկանում է ոգեւորել այդ տարածքի քրիստոնյաներին, որոնք ամեն օր հանդիպում են բազմաթիվ դժվարությունների: Իսրայելում պաշտոնական շրջանակների կողմից կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը գնահատվում է որպես խիստ դրական երեւույթ: Հուդայիզմի տարբեր ուղղությունների պատկանող ավելի քան 100 ռաբբիներ ողջույնի կոլեկտիվ նամակ են ուղղել պապին: Իսկ Իսրայելի արտգործնախարարությունն այցի կապակցությամբ հատուկ կայք է ստեղծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել