Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հարկատուների միջոցներից վճարել է 6 հազար 577 ֆունտ (մոտ $10 հազար) իր եղբորը՝ լոնդոնյան իր բնակարանը մաքրելու համար: Ինչպես հիշեցնում է Newsru.com-ը, Բրիտանիայում գործում է օրենք, համաձայն որի՝ կառավարության անդամներն ու պատգամավորները կարող են պետական բյուջեից փոխհատուցում ստանալ իրենց բնակարանների ու տների սպասարկման, շրջագայությունների, կահույքի ձեռքբերման, վերանորոգման եւ այլ կարիքների համար: Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի վերոհիշյալ պաշտոնյաներն, ամենեւին աղքատ մարդիկ չլինելով, բոլոր հնարավորությունները օգտագործում են այդ փոխհատուցումների համակարգն իրենց ծառայեցնելու համար: Ընդ որում, այդ փոխհատուցումները հաճախակի ստանում են պաշտոնյաների բարեկամներն ու ծանոթները: Գորդոն Բրաունը 26 ամիս վճարում էր իր եղբորը՝ Էնդրյուին, իր մասնավոր բնակարանում մաքրություն անելու համար:
Բրիտանական մամուլի հրապարակումներում չի ասվում, թե կոնկրետ ինչով էր զբաղվում Էնդրյուն Բրաունի բնակարանում՝ հատակն էր լվանում կամ կահույքի փոշին էր հավաքում, սակայն, ըստ ամենայնի, վարչապետն իր եղբոր ջանքերը շատ բարձր է գնահատել՝ միջին հաշվով 250 ֆունտ՝ ամսական: Վարչապետի գրասենյակից հայտնեցին, որ Բրաունն ինքը օգնում էր եղբորը բնակարանը մաքրելու գործում, սակայն անձնապես իր համար որեւէ գումար չի վերցրել: