Սպորտը գեղեցկություն է: Ով զբաղվում է սպորտով, ինչպես ասում են՝ հարյուր կիլոմետրի վրա է տարբերվում սովորական մարդուց: Նա առողջ տեսք ունի, սլացիկ կառուցվածք:
Մեծ սպորտում, հատկապես անհատական մարզաձեւերում, որտեղ կան քաշային դասակարգման աստիճաններ, եթե խոսքը միջազգային մակարդակի նվաճումների մասին է, որոշակի օրենքներ են գործում: Ծանրորդը, ըմբիշը կամ բռնցքամարտիկը, որպես կանոն, մինչեւ մրցման մեկնարկը, ավելի ճիշտ՝ կշեռքը, իր մրցակցական քաշից մի քանի կիլոգրամ ծանր է լինում: Եվ միայն մեկնարկից մի քանի օր առաջ սկսում է քաշ գցել՝ պահանջվող սահմանափակման մեջ տեղավորվելու համար: Անգամ գերծանր քաշայինները, որոնցից պահանջվում է կշռել առնվազն այսքան կամ այնքան կիլոգրամ, աշխատում են դրանից շատ վեր չբարձրանալ, որպեսզի պահպանեն շարժունակությունը:
Բայց, թերեւս, կա մի մարզաձեւ, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ: Համենայնդեպս, տպավորությունն է այդպիսին: Դա սումոն է, արեւելյան մարտարվեստի յուրօրինակ տարատեսակներից մեկը, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում ու հիմա էլ՝ հատկապես Արեւելքում, մեծ տարածում ունի: Սումոն միայն մարտարվեստ չէ, այլ ավելի շատ ինչ-որ մի փիլիսոփայություն, հավատամք, երկնային ուժերի պահանջներին համապատասխանող ապրելակերպ: Սումոիստը պարտավոր է բարոյական կյանքով ապրել՝ հրաժարվելով աշխարհիկ կյանքի շատ ու շատ վայելքներից:
Այստեղ թեթեւ կամ նիհար մարդն անելիք չունի: Մարզաձեւին նվիրված ինտերնետային կայքերից մեկում նշված է, որ պրոֆեսիոնալ սումոյում առաջին քայլերն անել թույլատրվում է սկսած 15 տարեկանից: Մարզիկը պետք է ունենա գերազանց առողջություն, 173 սմ-ից ոչ պակաս հասակ եւ առնվազն 75 կիլոգրամ անձնական քաշ (դա, որքան հասկանում ենք, այս մարզաձեւի ամենացածր քաշային կարգն է):
Իսկ ինչ վերաբերում է ծանր քաշային կարգերին, այստեղ ամենաբարձրահասակներն ունենում են 197-203 սմ հասակ, ամենածանրերը կշռում են 203, 237 եւ ավելի կիլոգրամ: