Ընդունված է համարել, որ տղամարդիկ մշտապես սեքսի մասին են մտածում: Բայց պարզվում է, որ նրանք ֆուտբոլ մարզաձեւը գնահատում են ավելի բարձր, քան ամենալավ սեքսը: «Sports Interactive Sega» ընկերությունը մի հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի շատ մտածում են ֆուտբոլի, քան սեքսի մասին:
Հարցման ենթարկված բրիտանացի տղամարդիկ օրվա ընթացքում իրենց ժամանակի 10%-ը վատնում են ֆուտբոլի մասին մտածելով: 58%-ը այդ հոգսերի մեջ է լինում մեկ ժամից ավելի: Իսկ ահա տղամարդկանց մոտ 44%-ն է, որ մոտ մեկ ժամ մտածում է սեքսի մասին եւ 38%-ը՝ կարիերայի:
Հարցվածների մոտ 15%-ը տեղեկացրել է, որ շաբաթվա ընթացքում առնվազն 10 ժամ հեռուստացույցով ֆուտբոլ է նայում, մեկ երրորդը նույն ժամանակահատվածում երեք ժամ տրամադրում է անձամբ խաղալուն: Ֆուտբոլասերների 35%-ը պատրաստ է սիրելի թիմին աջակցելու նպատակով տարեկան ծախսել առնվազն 50 ֆունտ, 17 %-ը դրանից ավելի տալիս է ֆուտբոլային հեռուստահաղորդումները գնելուն:
Հարցման ենթարկվածներից յուրաքանչյուր չորրորդը հայտարարել է, թե պատրաստ է տրամադրել ցանկացած գումար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ներկա լինելու համար, եթե խաղում է իր սիրելի թիմը, իսկ հիսուն տոկոսը՝ այդ ժամերին լքել աշխատավայրը:
Եվ ամենահետաքրքիր փաստը: Տղամարդկանց 53%-ը նշել է, թե ֆուտբոլն իր աշխատանքից ավելի է սիրում, 8%-ը խոստովանել է, թե ֆուտբոլն իր համար ավելի կարեւոր է, քան կինը կամ զուգընկերը, իսկ 5%-ը մարզաձեւն ավելի բարձր է դասել անգամ իր ամբողջ ընտանիքից: