Այսօր վաստակավոր մարզիչ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի՝ կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալ, Նկարիչների միության պատվավոր անդամ, գնդապետ Վազգեն Բադալյանը դառնում է 55 տարեկան:
Վազգեն Բադալյանին մարդիկ ավելի շատ ճանաչում են որպես փորձառու մարզչի, որը հայկական եւ միջազգային բռնցքամարտին տվել է ռինգի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետներ, Եվրոպայի արծաթե մեդալակիր Բաբկեն Սահրադյանը, ԽՍՀՄ գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Լեռնիկ Պապյանը, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Սուրեն Օհանյանը, ԽՍՀՄ գավաթակիր, իր անվանակից Վազգեն Բադալյանը եւ ուրիշներ:
Աշխատելով ոստիկանության համակարգում՝ Վազգեն Բադալյանը միշտ էլ կարեւորել է հատկապես պատանիների ու երիտասարդների ճիշտ դաստիարակությունը, որի լավագույն ձեւերից մեկն էլ նրանց սպորտի հետ բարեկամացնելն է: Հենց այդ նպատակով էլ նա տարիներ առաջ հիմնել է «Բադալյան» բռնցքամարտի ակումբը, ուր հիմա էլ հաճախում են հարյուրից ավելի պատանիներ: Իսկ նրանց մարզում են ակտիվ սպորտից հեռացած իր սաները:
Քչերը գիտեն, որ Վազգեն Բադալյանը հաճախ է ձեռքը վրձին վերցնում: Նրա գեղանկարների գլխավոր թեմաներն են մայրությունը, սերը, դիցաբանությունը: «Մարզիկը կյանքում մեծ հաջողությունների չի հասնի, եթե բազմակողմանի զարգացած չլինի, արվեստ չսիրի»,- համոզված է նա:
Մարզիչ Բադալյանի սաները երբեք կապը չեն կտրում նրա հետ: Հենց Վիկը, որ բնակվում է Ավստրալիայում եւ այնտեղ ունի իր մարզիչը, գոտիների ամեն մի պաշտպանությանը նախապատրաստվելիս պարտադիր հրավիրում է նաեւ «ընկեր Բադալյանին»: Եվ հիմա էլ: Վախթանգը հուլիսի 11-ին Մայամիի ռինգում հանդիպելու է գանացի Ժոզեֆ Ագբեկոյի հետ: Այդ նպատակով արդեն նա հունիսի 10-ին մեկնելու է Լաս Վեգաս՝ նախապատրաստության վերջին փուլն անցկացնելու: Ու կրկին մարզումները չի պատկերացնում առանց իր առաջին մարզչի, նրա խորհուրդների ու մեկ, բայց ամենակարեւոր խոսքը լսելու:
Շնորհավորում ենք Վազգեն Բադալյանին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն, նոր հաջողություններ՝ սպորտում, ծառայությունում եւ արվեստում: