Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ կա՞ Գրողների միություն»

Մայիս 09,2009 00:00

\"\"Զարմացած է լոնդոնաբնակ գրող Ասատուր Գյուզելյանը

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրն էր Արամ Խաչատրյանի ամենամտերիմ եւ ջերմ ընկեր, լոնդոնաբնակ գրող Ասատուր Գյուզելյանը. առիթը հեղինակի «Համոյ եւ Ֆատիլէ» եւ նրա 50 տարվա բարեկամ Ալբերտ Փարսադանյանի «Հարատեւող բարեկամություն» գրքերի շնորհանդեսն էր: Ա. Գյուզելյանի «Համոյ եւ Ֆատիլէ» պոեմը լույս է տեսել 1960 թ. Կալկաթայում եւ քանի որ կարճ ժամանակում սպառվել է, աշխարհասփյուռ բարեկամները խնդրել են վերահրատարակել այն: Հեղինակն էլ, գրեթե 50 տարի անց, գիրքը նույնությամբ հայ ընթերցողի սեղանին է դնում՝ հավելելով նաեւ անգլերեն թարգմանությունը:

Ա. Գյուզելյանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»:

Նա պատմեց, որ երկար տարիներ ղեկավարել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, որը հիմնվել է 1821թ. եւ մինչ այսօր գործում է. «Եղավ մի ժամանակ, որ դպրոցը փակվելու վտանգի տակ էր: Հայաստանի անկախությունից հետո երկրաշարժի որբերին հավաքեցինք եւ մոտ 100 աշակերտ ուղարկեցինք Կալկաթա. դպրոցը վերականգնվեց, որովհետեւ Կալկաթայի եկեղեցին իր նպաստներով օգնեց»: Այժմ ճեմարանն ունի 80 աշակերտ, որոնց մեծամասնությունը Հայաստանից են, մի մասը՝ Իրանից, 8 երեխա էլ մեծ դժվարությամբ բերել են Իրաքից: Ա. Գյուզելյանն ասաց, որ հիմա վիճակը շատ լավ է, դատարանի միջոցով ճեմարանն անցել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական հովանու տակ: Հնդկահայուհու հետ ամուսնացած գրողը, որ 1964 թվականից բնակություն է հաստատել Լոնդոնում, հայտնեց. «Հնդկաստանում շատ են ամուսնությունները հնդիկների հետ, իսկ հայկականությունը ճեմարանում է պահպանվում. ուսանողները շփվում են հայկական ջերմ մթնոլորտում, հրաշալի միջոցառումներ են կազմակերպում, թատերախաղեր ունենում»:

Պարոն Գյուզելյանը հավելեց, որ ներկայումս Լոնդոնում 18000-19000 հայ կա, սակայն չկա մնայուն հայկական վարժարան, միայն շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ են: Բանաստեղծը ստեղծագործում է դասական ուղղագրությամբ. «Մոտ 1600 տարի մենք օգտագործել ենք դասական, գրաբարի ուղղագրություն, խորհրդային շրջանում քանի որ Մ. Աբեղյանից խնդրել էին, որ պարզեցնի լեզուն, նա, հակառակ մեծ գիտնական լինելուն, ճնշումի տակ աղավաղեց այն: Օրինակ՝ մի շրջան եղավ, որ օ տառը չկար, ո էր, օրացույցի փոխարեն պետք է գրեինք «որացույց», հետո փոխեցին, ետ բերին օ-ն»: Ա. Գյուզելյանի խոսքերով, իրենք՝ արեւմտահայերն էլ աղավաղել են լեզվի հնչյունաբանությունը. «Մենք ձ-ին ձ չենք ասում, չենք ասում ձի, ասում ենք ցի: Իմ հնդկահայ կինը ասում է՝ որքան էլ փորձես, միեւնույն է՝ սխալ ես ասում: Սա շատ դժվար հարց է, որովհետեւ ամբողջ Հայաստանն այսքան տարի նոր ուղղագրությանն է հետեւել, իսկ Սփյուռքն էլ դասական ուղղագրությանը: Բավական է, ի վերջո, պետք է ընտրել մեկնումեկը»:

Անգլիայում գործող հայկական կազմակերպությունների մասին էլ մեր զրուցակիցն «Առավոտին» ասաց. «Մեր ժողովրդի գլխի փորձանքները՝ քաղաքական 3 կուսակցությունները միշտ կան. հնչակ, դաշնակ, ռամկավար իրար միս են ուտում, թե ինչի՞ են ուտում, չգիտեմ… որովհետեւ ազատ, անկախ Հայաստան ունենք, չեն գալիս էստեղ կռիվ անեն, ասում են՝ էնտեղ արդեն ավելի շատ կռիվ կա, մենք էլ չենք ուզում վրան նորն ավելացնել: Ունենք մշակութային կազմակերպություններ, առաջ շատ ուժեղ էինք՝ թատերախումբ, երգչախումբ ունեինք, դասընթացներ էին լինում, բայց հիմա չկան: Այսօր հրատարակվում է միայն հնչակյանների «Նոր սերունդ» թերթը: Ասում են, որ ամսաթերթ է, բայց հազիվ 2 ամիսը մեկ է լույս տեսնում: Վերջերս եկեղեցու աջակցությամբ սկսել է լույս տեսնել մի թերթ, որ կոչվում է «Համայնք»: Հրաշալի հայկական ոճով Սուրբ Սարգիս փոքր եկեղեցին կառուցել է Գալուստ Գյուլբենկյանը, իսկ մոտ 15 տարի առաջ Վաչե Մանուկյանն անգլիկաններից գնեց մի եկեղեցի, որը հիմա ե՛ւ համերգասրահ է, ե՛ւ եկեղեցի: Տոնական օրերին բավականին մարդ է լինում, իսկ սովորական օրերին շատ մարդ չի գնում աղոթելու, ասում են. տնից աղոթենք՝ ավելի լավ է»:

Հայաստանի գրողների Միությունում տեղի ունեցող խռովությունների մասին գրողը տեղյակ էր, բայց զարմացավ. «Դեռ կա՞ Գրողների միություն, ովքե՞ր են արժեքավոր գրողները, չգիտեմ… Մեզ մոտ ամեն ինչ կռվի է վերածվում: Օրինակ, Անգլիայի պառլամենտում վիճում են, հետո միասին գնում են վիսկի խմելու: Այնտեղ հակառակորդ կուսակցությունը շան նման հսկում է, որ սխալ բաներ չանեն, իսկ մեզ մոտ ամեն ինչ անձնական վիրավորանքի է վերածվում. Լեւոն Տեր- Պետրոսյանը այս սրճարանը չի գնում, մյուսը՝ այն: Սփյուռքի նախարարը շնորհանդեսին չեկավ, որովհետեւ մշակույթի նախարարն էր ներկա լինելու…»:

Պարոն Գյուզելյանի խոսքերով. «Հայաստանում ամեն հայ ինքն իր մեջ երկու կուսակցության բաժնված է: Մենք այսօր պետականություն ունենք եւ պետք է վարվենք որպես պետականություն ունեցող ժողովուրդ, կոմունիզմի ժամանակ որոշ դիսցիպլին կար, հիմա չկա, կուտ ուտողներու սերունդ է եկել, ուտում, թափում են փողոցները… Առաջ երբ գալիս էի Հայաստան, դպրոց էինք մտնում, երեխան այնպիսի՜ բաներ էր իմանում, հիմա այդ մակարդակից բան չի մնացել: Այսօր իրավունք չունենք որեւէ աղքատ երեխայի անուսում պահել, հսկա տաղանդավոր ուսանողներու շարք ունենք, որ փող չունեն, չեն կարող դպրոց գնալ: Դա մեր ժողովրդի ամենամեծ ամոթն է: Հինգ մատ ունեմ, այդ հինգ մատներն առանձին-առանձին ոչ մի բան չեն նշանակում, մեկ-մեկ կարող են մատները կոտրել, բայց որ մեկ բռունցք դառնանք՝ էլ չեն կարող: Մենք անընդհատ հեշտությամբ քննադատում ենք, քննադատենք, բայց՝ առողջ, քննադատությունը ճիշտ վիրաբույժի դանակի նման է. պետք է թարախոտած տեղերը կտրտես, ոչ թե՝ առողջ: Մենք այդ գիտակցությանը չենք հասել, երանի մի օր հասնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել