Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ ՀՈՒԶԵՑԻՆ ՌՈՍՏՈՎԸ

Մայիս 09,2009 00:00

\"\"Պերճ Քարազյանի եւ Հասմիկ Թորոսյանի «ուղեւորության» արդյունքները

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն ներգրավվել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի եւ Ռոստովի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի համատեղ համագործակցության մեջ: Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի եւ Ռոստովի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի իրականացրած համատեղ ծրագրի հերթական փուլը մեկնարկեց ապրիլի 24-ին, Ռոստովում՝ «Արիադնեն Նաքսոսում» օպերայի ներկայացմամբ, որին մասնակցեցին նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանողուհի, օպերային ստուդիայի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը ու Ազգային օպերային թատրոնի, կոնսերվատորիայի օպերային ստուդիայի եւ «Տաղարան» համույթի մեներգիչ Պերճ Քարազյանը: «Առավոտը» զրուցեց նրանց հետ: Քանի որ Պերճը եւ Հասմիկը սովորել են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանում, հետաքրքրվեցինք՝ արվեստագետի կայացման գործընթացում ի՞նչ դերակատարում ունի ուսուցիչը: Հասմիկն ասաց. «Դու կարող ես ունենալ բնությունից տրված գեղեցիկ ձայն, բայց տարիների ընթացքում զգալ, որ գնալով խամրում ես եւ առաջընթաց չունես: Ուստի կարեւոր է ուսուցչի դերակատարությունը, երբ նա հասկանում է քո ներքինը, առավելություններն ու թերությունները»: Պերճն էլ ասաց. «Ուսուցչից է կախված՝ դու որպես արվեստագետ կլինե՞ս, թե՞ ոչ»:

Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից՝ Օտտավիոյի, Դոնիցետիի «Գնդի աղջիկը» օպերայից՝ Տոնիոյի մեներգերով հանդես եկած Պերճը պատմեց. «Մեզ ջերմ ընդունեցին: Այդ ամենը կրկնապատկվեց, եռապատկվեց համերգից հետո, քանի որ նրանք էլ էին նշում հայկական երգեցողության դպրոցի տարբերությունը, նույնիսկ շոտլանդացիները, որոնց երկրում բարձր մակարդակի է երգեցողությունն ու դրա դասավանդումը, անտարբեր չէին մեր կատարումների հանդեպ: Մանավանդ, երբ Հասմիկը հնչեցրեց Կոմիտասի «Օրորը»՝ ողջ դահլիճը հուզվեց»: Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայից Ռոզինայի մեներգով եւ Բեռնսթայնի «Կանդիտե» օպերետայից Կանդիտեի արիայով հանդես եկած Հասմիկն էլ նշեց. «Երբ հանրապետությունում են լինում մրցույթներ, համերգներ՝ զգացողությունն այլ է, քանի որ այստեղ մրցակցության մեջ ես հասակակիցներիդ, գործընկերներիդ հետ: Իսկ երբ արտասահմանում ես գտնվում, այդ դեպքում եսդ մի կողմ է դրվում եւ գալիս է երկիր ներկայացնելու զուտ հայի խնդիրը, նրա պատիվն ու անունը բարձր պահելու զգացողություն կա»:

Սեպտեմբերին Շոտլանդիայի ներկայացուցիչները կայցելեն ՀՀ, կունկնդրեն մի քանի ուսանողների, որպեսզի նրանց եւս ներգրավեն հետագա նախագծերի մեջ: Դրանցից առաջինը կլինի Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» ստեղծագործության բեմադրությունը: Մեր զրուցակիցները պատմեցին, որ Ռոստովում էր նաեւ «Օպերա» ամսագրի խմբագիր Նեյլ Ջոնսը, որի կարծիքը երաժշտական աշխարհում մեծ նշանակություն ունի: Նա ուզում է գալ Հայաստան եւ ծանոթանալ մեր օպերային թատրոնին, հասկանալ՝ ինչ է Հայաստանը, քանի որ Ռոստովում Հասմիկն ու Պերճը ցնցել են բոլորին:

ՀՀ-ում ներկայումս «չգրված» օրենքի նման մի բան է, որ հայ արվեստագետները միայն դրսում ճանաչում ձեռք բերելուց հետո են ըստ արժանվույն գնահատվում հայրենիքում: Այս մասին Հ. Թորոսյանն ասաց. «Կարծում եմ՝ ամենակարեւորը քո երկրում եւ հասարակության մեջ հաստատվելն է, քանի որ մեր հանդիսատեսը շատ խստապահանջ է: Իհարկե, խոսքս պրոֆեսիոնալ հանդիսատեսի մասին է, քանի որ դասական երաժշտությունը լայն մասսաների համար չէ»: Պ. Քարազյանն էլ կարծում է. «Ցավոք, Եվրոպայում այսօր արվեստը ուրիշ մակարդակների է հասել, իսկ մեր մտայնությունը դեռ չի փոխվել. այն, ինչ եկել է ռուսականից, դեռ չի ադապտացվել արեւմտաեվրոպականին: Ռոստովից առաջ Շոտլանդիա գնալս ու շփումը ինձ մեծ բան տվեց: Հայաստանում ունենք լավ ձայներ, ուղղակի Եվրոպայում դրանց հղկման կարիքը կա: Պետք չէ միշտ ասել, որ պիտի դուրս գնալ, հետո ճանաչում ձեռք բերել: Ճիշտ է, մենք ազգովի սիրում ենք օտարներին մեծարել եւ հայերին թերագնահատել, բայց կարող եմ բավականին երիտասարդ արվեստագետների թվել, որոնք չեն բողոքում ըստ արժանվույն գնահատանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել