Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասողանք կամ գյուղատնտեսություն

Մայիս 09,2009 00:00

\"\"Հայաստանում 2500 սողանքային տարածք-գոտիներ կան, որոնցից 131-ը առավել վտանգավոր են: Հենց այդ վտանգավոր տարածքներում էլ երկրի տնտեսական կյանքում լուրջ ազդեցություն ունեցող կենսական նշանակության օբյեկտներ են գործում, մարդիկ բնակվում:

Դեռեւս 2007 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հույժ վտանգավոր 131 սողանքների վերաբերյալ ծրագիր, համաձայն որի, համալիր միջոցառումների արդյունքում 2008-2016 ժամանակահատվածում սողանքների հարցը կկարգավորվի: «Նախ, պետք է ուսումնասիրություններ կատարենք սողանքների շարժի վերաբերյալ, հետո՝ ինժեներա-պաշտպանական միջոցառումներ ձեռնարկենք, վերջում միայն, ըստ անհրաժեշտության, կտեղափոխենք բնակիչներին կամ կլուծենք նրանց բնակապահովման խնդիրը»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը:

Սողանքային գոտու բնակիչների անհանգստությունը վերածվել է տագնապի: Ասում են՝ սարերը շարժվում են, մի օր իրենց տակով են անելու: Փոխնախարարը թեեւ կիսում է բնակիչների մտահոգությունը, բայց անկեղծանում է, որ բնության դեմ պայքարը շատ թանկ արժե: Նախ պետք է իջեցվի ստորգետնյա ջրերի մակարդակը, այնուհետեւ կառուցվեն մի շարք պաշտպանական ամրություններ: Սակայն Կառլեն Գեւորգյանին մտահոգում է այլ հարց. այդքան միջոցներ ծախսելուց հետո արժե՞, արդյոք, այդ տարածքները որպես բնակավայր պահպանելը, եթե բնակիչները ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներով չեն զբաղվելու՝ այն պատճառով, որ գյուղատնտեսական աշխատանքները, հատկապես ոռոգումը, ակտիվացնում է սողանքը:

Ստացվում է՝ սողանքի դեմ պայքարը ծառայում է սոսկ բնակավայրերի պահպանմանը, այլ ոչ նորմալ կեցություն ապահովելուն՝ գյուղացին ապրելու է առանց հող մշակելու:

Հողագործության հետեւանքով Արարատի մարզում ակտիվացած սողանքի նախադեպը փոխնախարար Գեւորգյանը չէր մոռացել: Երկու տարի առաջ լուրջ խնդիրներ եղան Ուրցաձորում, երբ հագեցած աղբյուրների ջրերը, հեռանալու տեղ չունենալով, վերածվել էին ջրային զանգվածի եւ 10-15 կմ հոսելով՝ մեծ վնասներ հասցրել Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասին:

Անդրադառնալով սողանքից տուժած ընտանիքներին՝ կառավարության աջակցության հարցին, փոխնախարարը կարեւոր համարեց այդ ընտանիքներին հիշեցնել, որ կառավարությունն ընդամենը օգնում է, ոչ թե փոխհատուցում ամբողջ վնասը: Տրամադրված գումարի չափից բնակիչների դժգոհությունն ու շատ դեպքերում՝ մերժումը փոխնախարարը անհիմն համարեց:

Իսկ սողանքային գոտու բնակիչներին բնակապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին քաղաքաշինության փոխնախարարը ասաց, որ 2009-ի բյուջեով միջոցառումներ նախատեսված չեն, հարցը տեղափոխվել է 2010 թվական:

Հ. Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել մայիսի 7-ից առաջ: Իսկ մայիսի 7-ին ՀՀ վարչապետի հրամանով Կառլեն Գեւորգյանը ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել