Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՈՒՆԻՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ

Մայիս 09,2009 00:00

\"\"Այս պահին ամենաշատ կառավարիչները ամենափոքր մարզում են

Հայաստանի Հանրապետության 10 մարզերի հաստիքացուցակները, կառուցվածքները կարգավորվել են ՀՀ վարչապետի դեռեւս 1998 թվականին ընդունված 926 որոշմամբ եւ պարբերաբար փոփոխությունների ենթարկվել: Ու հիմա մարզպետարանների կառուցվածքը կամ աշխատակազմը միասնական հստակ տրամաբանություն չունի:

Սյունիքը 4506 քառ. կմ տարածք է՝ մոտ 153 հազար բնակիչ, 109 համայնք: Սյունիքի մարզպետը ունի երկու տեղակալ, օգնական կամ խորհրդական չունի: Իսկ ահա Լոռին, որ Սյունիքից փոքր է տարածքով (3750 քառ. կմ) եւ մեծ բնակչությամբ՝ 285 հազար եւ գրեթե նույնքան համայնք ունի՝ 112, ղեկավարվում է մեկ մարզպետ եւ երեք տեղակալ «ձեւաչափով»:

Երեքից ավելի տեղակալ ոչ ոք չունի, իսկ երեք տեղակալ ունի մեկ էլ տարածքով ամենափոքր մարզի՝ Արմավիրի մարզպետը: Արմավիրը տարածքով ավելի քան երկու անգամ փոքր է Լոռու մարզից՝ ընդամենը 1242 քառ. կմ, բնակչությամբ մեծ է՝ 318 հազար, 97 համայնք:

Կոտայքը 2089 քառ. կմ-ի վրա է, 74 համայնք եւ 280 հազար բնակչություն ունի: Կոտայքի մարզպետը, բացի երկու տեղակալներից, նաեւ մեկ խորհրդական եւ երկու օգնական ունի:

Տարածքով Կոտայքից մեծ է Արագածոտնը՝ 2753 քառ. կմ: Ունի 114 համայնք ու 139 հազար բնակչություն, սակայն Արագածոտնի մարզպետը միայն մեկ տեղակալ ունի: Երկու խորհրդական, նույնքան էլ՝ օգնական:

Արարատի մարզը 2087 քառ. կմ տարածք է՝ 97 համայնքներում ապրող 274 հազար մարդով: Այս մարզը վստահված է մեկ մարզպետ եւ երկու փոխմարզպետ եռյակի՝ առանց օգնական-խորհրդականների:

Վայոց ձորն էլ է ղեկավարվում Արարատի նման, չնայած՝ ի տարբերություն Արարատի, Վայոց ձորում ավելի քան երկու անգամ պակաս՝ 44 համայնքում ապրում է չորս անգամ քիչ մարդ՝ 56 հազար:

Տավուշը 2704 քառ. կմ է, ունի 62 համայնք եւ 135 հազար բնակչություն: Մարզպետը ունի մեկական տեղակալ, օգնական, խորհրդական:

Գեղարքունիքը տարածքով ամենամեծ մարզն է՝ 5348 քառ. կմ: Սա Սեւանա լճի հաշվին, բայց դրանից մարզի խնդիրները չեն պակասում եւ դեռ ավելանում են: Գեղարքունիքի 238 հազար բնակիչները ապրում են 92 համայնքներում եւ այս մարդկանց հարցերի լուծման պատասխանատու մարզպետը ունի երկուական տեղակալ, օգնական, խորհրդական:

Միակ կին մարզպետը Շիրակի ղեկավար Լիդա Նանյանն է, ով Գեղարքունիքի մարզպետի նման երկու տեղակալ ունի, երկու օգնական եւ երկու խորհրդական, բոլորն էլ՝ տղամարդիկ, եւ նրանց հետ միասին զբաղված է 2684 քառ. կմ տարածքում՝ 119 համայնքում ապրող 282 հազար մարդու խնդիրներով:

Մարզպետարանների կառուցվածքներում էլ տարբերություններ կան, եւ եթե դիտարկենք-բացենք նույն անունով վարչությունների պատկերը, վիճակի անտրամաբանական բնույթը ավելի ակնառու կդառնա:

Հավանաբար այս խայտաբղետությունից ելնելով, ՀՀ կառավարությունը որոշել է ունիֆիկացնել մարզպետարանների կառուցվածքները: Որոշումն արդեն ընդունված է եւ, ըստ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, հաջորդ քայլը կլինի աշխատակազմերի քանակի ունիֆիկացումը: Գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մինչեւ այս տարվա վերջ եւ արդյունքում մարզպետարանների այսօրվա վիճակի փոխարեն կունենանք կառուցվածքով իրար նման մարզպետարաններ: Ի դեպ, Հայաստանի տասը մարզպետների կեսից ավելին Հանրապետական կուսակցության անդամ են:

Հ. Գ. Ներկայացված բոլոր տվյալները վերցրել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից: Մարզերի ղեկավար պաշտոններում կանայք չափազանց քիչ են, բայց սա այլ թեմա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել