«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ երգեցին, պարեցին, նորաձեւություն ցուցադրեցին եւ քննարկեցին:
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ մայիսի 4-ին մեկնարկած «Հեղինակային մանկավարժության հեղինակների» հանրապետական 4-րդ հավաքի եզրափակումը: Բացի այն, որ կրթահամալիրի մասնագետները քննարկեցին հեռավար ուսուցման ապահովման հետ կապված հարցեր, տեղի ունեցավ «Իմացումի հրճվանք» եւ «Ծուղրուղու» ծրագրերի մրցանակաբաշխությունը:
Մինչ պաշտոնական մասին անցնելը՝ կրթահամալիրի արհեստագործական դպրոցի 9-11-րդ դասարանի սաները ցուցադրեցին իրենց մոդելավորած հագուստները, այնուհետեւ Գեղարվեստի վարժարանի սաները հանդես եկան երաժշտական կատարումներով, այդ թվում՝ մայիսի 23-ին՝ «Վերջին զանգի» արարողությանը հնչելիք «Զար Զնգըլ» երգով: Խոսելով «Վերջին զանգի» տոնակատարության մասին, որը նման չի լինելու սովորական «Վերջին զանգ»-երին, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Մայիսի 23-ին ուսուցիչների շարքում հանդիսատես չի լինելու, թե չէ՝ պայմանագրի հարցը կլուծեմ»:
Այնուհետեւ երեխաները հանդես եկան Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից հայտնի վալսի նորովի մատուցմամբ, կատարեցին կրթահամալիրի աղոթքը՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», պարեցին «Վերվերի» շուրջպարը: Ապա կայացավ մրցանակաբաշխությունը: Նախադպրոցականի զարգացման ծրագրով հետազոտական աշխատանքի համար «Ծուղրուղու» մրցանակ շնորհվեց Տաթեւ Ստեփանյանին: Դասագործընթացում ՏՀՏ-ների ամենօրյա գործածման նպատակով ստեղծված ուսումնական նյութերի փաթեթի համար «Իմացումի հրճվանք» մրցանակ շնորհվեցին Լիանա Հակոբյանին, դպրոց-պարտեզի ՏՀՏ մասնագետ Արմինե Խաչատրյանին: Մրցանակակիրներին կրթահամալիրի ծնողների կողմից ստեղծված «Պարգեւատրման ֆոնդից» կհատկացվի գումար, որով նրանք ձեռք կբերեն իրենց հետազոտական աշխատանքին նպաստող թվային տեխնիկա: Այս ամենից հետո մեկնարկեց աշխատանքային նիստը, որի ժամանակ քննարկվեցին հեռավար ուսուցմանը վերաբերող հարցեր: «Ունենք աշակերտներ, որ տարվա կեսից գնում են Իրան, ուստի այս պարագայում արդյունավետ է հեռավար ուսուցումը: Ունենք առաջադրանքների փաթեթ, որն ինտերնետով ուղարկում ենք նրանց: Առաջադրանքների հետ կապված երեխան սկսում է պրպտել, հանրագիտարաններ բացել, նյութեր հայթայթել: Հեռավար ուսուցման հետ կապված բարդություններ կան, քանի որ մեխանիզմ չկա, չնայած 2007-ին որոշում ընդունվեց հեռավար ուսուցման մասին: Ուստի մեխանիզմները փորձում ենք ինքներս մշակել: Ուսուցման այդ ձեւը օգտակար է հատկապես «Հայրենագիտություն» առարկայի դասավանդման համար, քանի որ դրան քիչ ժամեր են հատկացված, ուստի ճամփորդությունների մեկնելիս երեխաների հետ իրականացնում ենք հեռավար ուսուցում»,- նկատեց կրթահամալիրի Նոր դպրոցի մայրենիի ուսուցչուհի Նունե Մովսիսյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Սուսան Մարկոսյանն էլ նշեց. «Հեռավար ուսուցումը կարելի է համարել ստացիոնար կրթության սպասարկու, երբ երեխան իր ամենօրյա դասից, տնային աշխատանքից բացի, ինտերնետի միջոցով ստանում է համակարգչային ծրագրերով առաջադրանքներ: Ուսուցման այս ձեւը նաեւ այն մարդու համար է, որը չի կարող ստացիոնար համակարգում սովորել: Այստեղ խնդիր է առաջանում գնահատման համակարգի հետ կապված: Մեր ուսուցիչներից ոմանք այդպիսի համակարգեր են մշակում, որի արդյունքում ուսուցիչը օտարվում է գնահատման համակարգից, երեխան ինքը կատարում է աշխատանքները, իսկ գնահատման համակարգը կաշխատի եւ նրան միավորներ կբերի, գնահատում կարելի է իրականացնել նաեւ ստուգատեսների միջոցով»: