Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունները ադրբեջանցի քաղաքագետների «օբյեկտիվ» դիրքորոշումների առիթով:
Ադրբեջանական մամուլը միշտ էլ աչքի է ընկել իր հակահայկական քաղաքականությամբ, բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու շնորհքով: Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ կուրսը հատկապես սրվել է վերջերս՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց:
www.day.az կայքում օրերս հանդես էր եկել քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն. «Ռուսաստանը միայն ժամանակավորապես կարող է կանխել Հայաստանի՝ Արեւմուտքի գիրկը վազելու գործընթացը, այնուամենայնիվ, Ռուսաստանն ի վիճակի չէ այն ամբողջությամբ կանխել»,- կարծում է Ահմեդօղլուն: Ադրբեջանցի քաղաքագետի դիրքորոշման վերաբերյալ «Առավոտը» մեկնաբանություններ ստացավ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի քաղաքական գիտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանից: Նա նման հայտարարությունները պատճառաբանեց Ադրբեջանի մոտ առաջացած խուճապով, ինչը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններով. «Վերջին մեկ ամսում ադրբեջանական մամուլը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչպես արձագանքել այն կտրուկ փոփոխություններին, որոնք բերում են հայ-թուրքական հարաբերությունները: Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները ձեւավորվում են ոչ միայն այդ երկրների նախաձեռնությամբ, այլեւ ԱՄՆ-ի ուժեղ աջակցությամբ, տրադիցիոն վերաբերմունքի են արժանանում Եվրամիության կողմից, ՌԴ-ն էլ դեմ չէ դրան, զայրացնում է Ադրբեջանին: Չէ՞ որ հրադադարից հետո նրա վարած քաղաքականության մեջ գլխավոր շեշտն այն էր, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ շրջափակման մեջ է դրել ՀՀ-ին, եւ փորձում են ստիպել վերջինիս գնալ զիջումների ոչ միայն ԼՂ-ի հարցում: Իրականում ամեն ինչ փոխեց Գյուլի՝ սեպտեմբերի 6-ի ՀՀ այցը, իսկ վերջնական նոտան ապրիլի 22-ի պայմանագիրն էր, ինչն Ադրբեջանը տարբեր ձեւերով է մեկնաբանում»:
Ահմեդօղլուն նաեւ ասել է. «Ոչ ոք չի հասկանում, թե աղքատ Հայաստանը, որը չունի հարուստ բնական ռեսուրսներ եւ օգնություն է խնդրում մյուս երկրներից, ինչպե՞ս է իր առջեւ խոշոր նպատակներ դնում: Պատճառն այն է, որ նա նպատակ ունի խաղալ այն դերը, որն այժմ Իսրայելինն է»: Այս մասին հայ քաղաքագետն ասաց. «Ուրախ եմ, որ Ահմեդօղլուն այդպես է կարծում: Յուրաքանչյուր երկիր էլ կուզեր Իսրայելի պես դերակատարություն ունենալ: Ադրբեջանն աշխարհին հետաքրքրում է նավթով, դրա համար էլ զարմանում է, թե ՀՀ-ն, չունենալով նավթ, դեմոգրաֆիական եւ տնտեսական առումներով ավելի նվազ պոտենցիալով, ո՞նց կարող է դիմակայել Ադրբեջանի կողմից եկող մարտահրավերներին: Ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի՝ ՀՀ-ն բավականին ադեկվատ խաղացող է: 1991-ից ՀՀ արտաքին քաղաքականությունը գրեթե չի փոխվել, կոմպլեմենտարիզմը օգտագործվել է դեռ առաջին նախագահի ժամանակ, ըստ որի՝ մեր երկիրը փորձել է ընդունելի լինել ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Արեւմուտքին: ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, եւ նրա տարածքում կան ռազմաբազաներ, բայց մեր երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը հնարավորություն ունեն հանդիպել ԱՄՆ նախագահին. դա ոչ բոլոր փոքր երկրներին է հասու: Իսկ Թուրքիայի համար ՀՀ-ն ոչ միայն Կովկասի տարածաշրջանի երկիր է, այլեւ Արեւմուտքի հետ կապված գործոն: Հետեւաբար ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները դուրս են զուտ հայ-թուրքական լինելուց»:
Ս. Մինասյանը նաեւ կարծում է. «Օգոստոսյան պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հռետորիկան նվազել է. նույնիսկ այդ երկրում լուրջ չեն կարող խոսել այդ մասին, քանի որ ոչ ոք չի հավատում: Մյուս կողմից էլ՝ օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմները հեշտ չեն սկսվում եւ կարող են վատ վերջանալ»: Այլ առիթով քաղաքագետ Ահմեդօղլուն խեղում է պատմական ճշմարտությունը՝ խոսելով Հայաստանի պատմության մեջ իրականում գոյություն չունեցող Տիգրան Չորրորդի մասին, որն իբր խաբել է պարսից շահին, ամուսնացել նրա դստեր հետ, հետո նրան կախաղան հանել եւ տիրացել նրա հողերին: Քաղաքագետը նշում է նաեւ, որ օսմանյան կայսրության վստահությունը ձեռք բերելով՝ հայերը դավաճանեցին նրանց, երբ կայսրությունը թուլացավ: Ըստ նրա՝ նույնիսկ ԽՍՀՄ-ն է փլուզվել հայերի պատճառով: Ի վերջո, ադրբեջանցի քաղաքագետը հանգում է այն եզրակացության, որ հայերը այժմ կդավաճանեն նաեւ ՌԴ-ին, քանի որ Մոսկվան բավականին թուլացել է: Այս մասին Ս. Մինասյանն ասաց. «Ադրբեջանցիները բարդույթ ունեն. կարծում են, որ հայերը չափազանց խելացի եւ ճարպիկ են եւ արել են ամեն ինչ՝ մյուսներին խաբելու համար: Պարզապես նրանք մինչեւ հիմա չեն կարող ներել եւ հասկանալ, թե ոնց եղավ, որ 140 հազարանոց Ղարաբաղն ու 3 միլիոնանոց Հայաստանը կարողացան ոչ միայն դիմադրել, այլեւ չկորցնել Ղարաբաղը եւ հաղթել պատերազմում: Զոհի կոմպլեքսը, որ մենք ունենք թուրքերի հանդեպ, ավելի սուր եւ դաժան կերպով արտահայտված է ադրբեջանցիների մոտ՝ հայերի հանդեպ»:
www.1news.az կայքին տված հարցազրույցում քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնում, որ Վաշինգտոնն այժմ Հայաստանին Ռուսաստանից խլելու առաքելություն է վարում: Այս առիթով Ս. Մինասյանը ՀՀ-ին համեմատեց մի օրիորդի հետ, որն ունի մի քանի երկրպագուներ. «Իրականում թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն դա փորձում են անել: Մի քանի թեկնածուներ ունեցող օրիորդը միշտ էլ ընտրություն անելու հնարավորություն ունի, նաեւ՝ մինչեւ վերջ ընտրություն չկատարելու եւ դրանով ինչ-որ դիվիդենդներ շահելու»: