Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական ընկերությունը խախտել է ժամկետները

Մայիս 09,2009 00:00

Իրավահաջորդներն անհանգստացած են

«Առավոտն» անդրադարձել է 2006 թ. մայիսի 16-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Շնայդերի կողմից «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության դեմ ներկայացրած դատական հայցերին: Ցեղասպանության զոհերի ժառանգները՝ իրավահաջորդները, դիմումներ էին ուղարկել «ԱՔՍԱ»-ին, սակայն վերջինս պատասխանելու ժամկետները խախտել է եւ առժամանակ անհետացել:

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական, իրավախորհրդատվական հանձնաժողովի ղեկավար Թամարա Շաքարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռեւս 2007 թ. գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունում սկսվել էր ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով դիմումների ընդունման գործընթացը: «Այն, որ «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունը պատրաստ է վճարել այդ գումարները ցեղասպանության զոհերի ժառանգորդներին, առաջին անգամ հայտնեց «Վարդգես Եղիայան» փաստաբանական գրասենյակը եւ բացվեց www.armenianinsurancesettlementaxa.com ինտերնետային կայքը, որտեղ ներկայացված էին ապահովադիրների մոտ 7100 ազգանուն, դիմելու պայմանները, կարգը եւ դիմումի ձեւը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանվեց 2008 թ. հունվարի 7-ը»,- ասաց Թ. Շաքարյանը:

Վերջինս հավելեց նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն օժանդակել է դիմումատուներին՝ «իր իրավախորհրդատվական հանձնաժողովի միջոցով լրացնելու հայցերը, ստուգելու հայցին կցվող անհրաժեշտ փաստաթղթերի բավարար կամ անբավարար լինելու փաստը, ձեռք բերելու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կհաստատեին դիմումատուի եւ նրա նախնու միջեւ եղած ազգակցական կապը, եւ հայցերին կցելու այդ ազգակցական կապը հաստատող հիմնավորում, որում նշվում էին գործի համար նշանակություն ունեցող՝ այդ փաստաթղթերով հաստատվող հանգամանքները»:

Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության առաքելությունն արդեն իսկ ավարտվել է (այն կայանում էր միայն իրավաբանական խորհրդատվության, հայցերի նախապատրաստման եւ հետեւյալ հասցեով՝ Kurkjian and Ouzounian v. AXA Settlement Administrator AXA Settlement Claim fund 900 Wilshire Blvd, Suite 614 Los Angeles, CA 90017, ուղարկելու մեջ): Սակայն, ըստ Թ. Շաքարյանի, մինչ օրս հանձնաժողովի անդամները շարունակում են պատասխանել դիմումատուների հեռախոսազանգերին, որպիսիք բազմաթիվ են նաեւ «Առավոտում»: «Քաղաքացիների անհանգստությունը, իհարկե, հասկանալի է, սակայն հետագա գործընթացի, այսինքն՝ հայցերի բավարարման կամ մերժման եւ գումարների փոխհատուցման հետ կապված՝ ՀՀ արդարադատության նախարարությունը այլեւս որեւէ պարտավորություն չունի: ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուղարկված թվով մոտ 3840 հայցադիմումները դատարանի որոշմամբ ուսումնասիրելու է 3 ֆրանսահայից՝ Հ. Զոբոյան, Զ. Գաբրիելյան, Ս. Շնորոքյան, կազմված խորհուրդը, իսկ ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվելու է միմիայն դատարանի վճռով»,- նշեց Թ. Շաքարյանը:

Դատական գործընթացի ավարտվելուն պես, որը, ըստ «ԱՔՍԱ»-ի կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բ. Գարթալյանի, կավարտվի 60-90 օրվա ընթացքում, նրանք անմիջական նամակագրական կապ կհաստատեն դիմումատուների հետ՝ առանց նախարարության միջնորդության եւ գիտության: Այդ նամակով նրանք կտեղեկացվեն իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին, ինչպես նաեւ ապահովագրական գումարի չափի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել