Քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի՝ բռնություններն աճել են:
Ամփոփելով 2009թ. առաջին եռամսյակում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների հաշվետվությունը, Հովհաննես Թամամյանը նշեց, որ գրանցվել է 1082 դեպք, որը ընդհանուր հանցագործությունների թվի 37,3%-ն է: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը աճել է 337 դեպքով: Աճել են անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերը, ավազակային հարձակումները, կողոպուտները, գողությունները եւ այլն: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 65,7%, որը անցած տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ ավելի է 0,6%-ով կամ 88 դեպքով: Հանցագործությունների թվի աճին, ըստ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի, նպաստում են բնակչության սոցիալական վիճակը, դրսից՝ հատկապես Վրաստանից, հանցագործների Հայաստան մուտք գործելը, շենքերի, շքամուտքերի անբավարար վիճակը: Շատ շենքերում չկան դռներ, լուսավորություն կամ ազդանշանային համակարգ, բազմաթիվ բնակարանների դռներն ու պատուհանները չեն փակվում կամ ունեն հեշտ բացվող փականներ: Ըստ պարոն Թամամյանի, հաճախ էլ բնակիչները՝ առանց ճշտելու անծանոթ անձի կամ անձանց ով լինելը, նրանց առջեւ դռներ են բացում: Հովհ. Թամամյանը հանցագործությունների թվի աճը պայմանավորում է նաեւ իրենց կողմից դրանք չթաքցնելով եւ պարտադիր գրանցելով:
Բնակարանային գողությունների 15%-ը կատարվել է բաց դռներով բնակարան մուտք գործելու միջոցով:
Վարչության պետն իր դժգոհությունը հայտնեց ԶԼՄ-ներից, ովքեր, ըստ իրեն, կանխարգելիչ միջոցառումների մասին հանրությանը չեն իրազեկում: Թեեւ հանդիպումը լրագրողների հետ կոչված էր լուսաբանելու հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, սակայն իմ գործընկերները բարձրացրեցին նաեւ այլ բնույթի հարցեր: Մասնավորապես, վերջին շրջանում լրագրողների դեմ կատարվող բռնությունների առնչությամբ Հ. Թամամյանն ասաց, որ դա իրենց ամենացավոտ խնդիրն է եւ որ ՀՀ ոստիկանապետը երեկ խորհրդակցության է հրավիրել բոլոր շահագրգիռ ծառայություններին եւ հստակ հարց դրել, որ պետք է ամեն ինչ անեն՝ չարիքի դեմն առնելու համար: Թամամյանը խոստովանեց, որ այս հանցատեսակը ընտրությունից ընտրություն աճում է եւ դարձել է իրենց աշխատանքի արդյունքի վրա ցեխ շպրտող հարց: Նա հավաստիացրեց, որ այդ հանցագործությունները կբացահայտվեն, թեեւ 1992-ից կան նման չբացահայտված շատ դեպքեր: Այդ ժամանակից մինչ օրս բացահայտվել է լրագրողների դեմ բռնության ընդամենը 2 դեպք: Հարցին ի պատասխան, թե ժամանակը չէ՞, արդյոք, որ լրագրողներն ունենան զենք կրելու իրավունք, Հ. Թամամյանն ասաց, որ կողմնակից է, որպեսզի կիրթ ու բանիմաց մարդն ունենա զենք, որպեսզի պաշտպանված լինի: Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը ասաց նաեւ, որ 2008թ. նոր ոստիկանապետի նշանակումից հետո՝ մինչ օրս, ձերբակալվել է 4 «օրենքով գող», նրանց մոտ հիմնականում զենք ու թմրանյութեր են հայտնաբերվել: Գողության փաստեր նրանց առնչությամբ չեն գրանցվել: Թե կոնկրետ ովքե՞ր են այդ «օրենքով գողերը», Թամամյանը խուսափեց անուններ տալ: Նա ասաց նաեւ, որ համագործակցություն կա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների իրենց գործընկերների հետ, տվյալներ են փոխանակում նաեւ «օրենքով գողերի» մասին, որպեսզի բացահայտեն մի հանրապետությունից այլ հանրապետություն մուտք գործած հանցագործներին: Իսկ հարցին, թե կոնկրետ Վրաստանից հանցագործների մուտքը կանխելու առնչությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում, պարոն Թամամյանը պատասխանեց. «Մուտք գործելը կանխելը ոստիկանների գործը չէ: Եթե մենք հստակ իմանանք, որ մուտք է գործելու հանցագործ եւ ունի որոշակի ծրագրեր, մենք ընդհակառակը՝ կաջակցենք, որպեսզի նա մտնի Հայաստանի տարածք, այստեղ կարող ենք ձերբակալել: Իսկ այլ հանրապետության տարածքում մարդուն ձերբակալելը մեծ բարդություններ է ներկայացնում»: