Երեւանի շուկաներում օրերս անցկացված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են գյուղատնտեսական մթերքների մանրածախ գների փոփոխություններ: «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ընկերության տվյալներով, տավարի մսի գինը տատանվում է 1500-1600 դրամի սահմաններում: Նախորդ տարվա համեմատությամբ՝ գնաճը կազմում է 2,3%: Այս մասին գրում է «Արմենպրեսը»: Խոզի միսը վաճառվում է 2000-2300 դրամի սահմաններում, նախորդ տարվա համեմատությամբ՝ դրա արժեքը նվազել է 10%-ով, իսկ անցած ամսվա նկատմամբ այն անփոփոխ է: 2,7%-ով նվազել են նաեւ գառան եւ 4,2%-ով՝ հավի մսի գները եւ վաճառվում են, համապատասխանաբար, 1900-2380 եւ 1310-1390 դրամի սահմաններում: Ի տարբերություն մյուս ապրանքների, նվազել են պանրի եւ կարտոֆիլի գները: 1 կգ պանրի գինը նվազել է 4,9%-ով եւ վաճառվում է 1280-1660 դրամով: Կարտոֆիլի 1 կգ-ն, որը 2008-ի նույն օրերին վաճառվել է 138-174 դրամով, այսօր վաճառվում է 68-106 դրամով, նախորդ տարվա նկատմամբ նվազելով մոտ 75 դրամով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ՝ 5,8%-ով: Գնաճ է արձանագրվել նաեւ մրգի ու բանջարեղենի շուկայում:
Հանրապետությունում բարձր գներով աչքի է ընկնում Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 շուկան, իսկ համեմատաբար ցածր գներով՝ Երեւանի թիվ 4 շուկան, որը հայտնի է Մալաթիայի շուկա անվանումով: