Մասնագետների կարծիքով, ադամանդագործների բիզնեսին միջամտելը, հատկապես ճգնաժամի պայմաններում, ուղղակի սխալ է:
Տարեսկզբին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդիպելով ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին, խոստացավ պետական աջակցություն ցուցաբերել, որպեսզի մեր երկրում այդ ոլորտը վերակենդանանա: Վարչապետը մասնավորապես վստահեցնում էր, որ պետությունը կարող է երաշխավորել, որպեսզի այդ ձեռնարկությունները, ասենք, պարտքով հումք ձեռք բերեն, վերամշակեն ու վաճառելուց հետո միայն պարտքերը մարեն: Սակայն այսօր ոլորտի մասնագետները գտնում են, որ ադամանդագործությունն այն ոլորտն է, որ շուկան պետք է ազատ ու ինքնահոսի թողնել: Ըստ նրանց, պետությունը չպետք է միջամտի այս շուկայի գործերին:
«Այսօր ամբողջ աշխարհում ադամանդագործությունն անկում է ապրել: Ենթադրենք, որ պետությունը գարանտ կանգնեց, որ որեւէ գործարար պարտքով հումք բերի ու վերամշակի, իսկ ինչպե՞ս պետք է վաճառի: Իզուր գործարարին պարտքի տակ են գցում: Պետք է շուկան ազատ թողնել գործարարներին, որպեսզի ինչ ծավալի անհրաժեշտություն կա, այդ ծավալով էլ աշխատեն»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց թանկարժեք քարերի գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Արթուր Զանգինյանը: Պարոն Զանգինյանի համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետությունը հենց այս տարի որոշեց երաշխիք կանգնել, երբ ողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է եւ ապրանքը չի վաճառվելու. «Նախորդ տարիներին, երբ սպառում կար, պետությունը մի շարք պատճառներով, բառի բուն իմաստով, դրեց սպանեց այդ ոլորտը ու անհասկանալի է, թե ինչո՞ւ որոշեց սպառման ծավալների նվազման պայմաններում միջամտել»:
Նրա խոսքերով, ժամանակին, երբ Հոլանդիայի կառավարությունը որոշեց միջամտել երկրի ադամանդագործության ոլորտի գործերին, այդ բիզնեսի բոլոր խոշոր գործարարները պարզապես թողեցին-փախան Բելգիա, քանի որ այնտեղ շուկան ազատ է:
Ա. Զանգինյանի համոզմամբ, որպեսզի ոլորտը խթանվի, դոլարը գոնե պետք է 450-480 դրամ լինի, քանի որ ձեռնարկությունները հիմնականում դրսի պատվերով էին աշխատում: Այդ դեպքում հայկական տաշվածքը կդառնա մրցունակ հնդկական եւ չինական մշակման ինքնարժեքի հետ. «Երբ Հայաստանում դոլարը 560 դրամ էր, տաշող բանվորի միջին աշխատավարձը մոտ 150 հազար էր, որը մոտ 270 դոլար էր, երբ դոլարը 300 դրամ էր, 270 դոլարն արդեն 80 հազար դրամ էր: Հացը թանկացավ, դրամով ծախսերն ավելացան, իսկ դրսի գործատուի համար 270 դոլարից ավելի վճարել արդեն ձեռնտու չէր, քանի որ այդ նույն գնով եւ չինացիները, եւ հնդիկները պատրաստ են հայկականին չզիջող տաշվածք ապահովել:
Երբ ռուսական հումքը եկավ Հայաստան, բավականին հաջող եւ շահույթով աշխատեցին բոլոր այն գործարանները, որոնք ի սկզբանե ադամանդ էին մշակում, թեկուզ եւ օտարերկրյա կապիտալով: Ամենահաջողված ամիսներին մեր երկրում մշակված հումքի ընդհանուր ծավալը հասնում էր 100 հազար կարատի եւ նույնիսկ ավելիի: Այդ ժամանակ «Շողակն», «Լորի» եւ «Արեւակն» ադամանդ վերամշակող գործարանները աշխարհում լավագույնների շարքը դասվեցին, նույնիսկ հետզհետե ձեւավորվում էր հայկական տաշվածք ապրանքանիշը: Սակայն դրա հետ մեկտեղ՝ հետզհետե դոլարն արժեզրկվում էր, ուստի այլեւս ձեռնտու չէր աշխատել, քանի որ դրսի գործատուն վճարում է դոլարով, իսկ աշխատավարձերը, հարկերը եւ այլ ծախսերը՝ դրամով էին: Արդյունքում «Շողակը» հիմնովին փակվեց: «Լորին» ու «Արեւակն» էլ հազիվ յոլա էին գնում, մեկ էլ ճգնաժամը վրա հասավ: Այսօր մեր երկրում մի քանի ձեռնարկություններ կան, որոնք իրենց արտադրանքը ներքին շուկայում են սպառում, սակայն դրանք էլ իրենց արտադրանքի ծավալները մի քանի անգամ կրճատել են»: Լաբորատորիայի տնօրենի խոսքերով, այսօր ոլորտը կվերակենդանանա միայն այն դեպքում, եթե դոլարը բարձրանա, քանի որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է:
Մասնագետի ներկայացմամբ, մի քանի տարի առաջ պետությունը ադամանդագործության ոլորտի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց՝ ավելացված արժեքի հարկը հանվեց եւ այլն: Սակայն, քանի որ ամբողջ աշխարհում է ճգնաժամ եւ ամենուր իրացման ծավալները նվազել են, մեր երկրում այդ բիզնեսին նպաստելու միակ տարբերակը փոխարժեքի արժեւորումն է: