Չնայած առաջին եռամսյակում արձանագրված գնաճի ցածր մակարդակին, այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած գնաճն էապես ավելանալու է՝ պայմանավորված 2009-ի մարտի սկզբից ազգային արժույթի արժեզրկման, ապրիլի 1-ից սպառողների համար գազի սակագների թանկացման եւ մի շարք այլ գործոններով: Այս կանխատեսումները արվել են Հայաստանի Կենտոնական բանկի կողմից:
Ըստ ԿԲ-ի, գնաճի հետագա տեմպերի մասին հստակ դատողություններ կարելի է անել միայն մայիսից հետո, երբ ամբողջությամբ կարտահայտվեն դրամի արժեզրկման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների վրա եւ գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջացող անուղղակի ազդեցություններն ընդհանուր գնաճի վրա: ԿԲ խորհրդի անդամների համոզմամբ, գնաճը երկրորդ եռամսյակի ավարտին կարող է հասնել մինչեւ 5%-ի: Ինչ վերաբերում է տարեվերջին եւ 2010-ի առաջին եռամսյակում սպասվող զարգացումներին, ապա, ըստ ԿԲ-ի, «հեռանկարները խիստ անորոշ են», քանի որ անորոշ են նաեւ համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետները:
Նշենք նաեւ, որ, ԿԲ-ի տեղեկացմամբ, 2009-ի մարտին պարենային ապրանքների եւ ծառայությունների գները աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,6%-ով: Մարտին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորված է եղել շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի ու նաեւ հացամթերքի շուկայում արձանագրված գնաճով: