Իրան-Հայաստան գազատարը ներկայումս գտնվում է նորմալ վիճակում, սակայն այն չի օգտագործվում, քանի որ Հայաստանը ունի համապատասխան պայմանագիր Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ գազի քանակությունը ստացվում է այնտեղից: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ընկերության արտաքին կապերի բաժնի պետ Կարեն Խեչումյանն ասել է, որ Իրանի հետ գազատարն այլընտրանքային է եւ անհրաժեշտության դեպքում այն կարող է ցանկացած պահի կիրառվել: Կ. Խեչումյանի ներկայացմամբ. «Որպեսզի գազատարը չմնա լիովին առանց օգտագործման, պայմանավորվածություն կա Իրանից ստանալ գազ, դրանից արտադրել էլեկտրաէներգիա եւ վերադարձնել նրան»:
Նշենք, որ էլեկտրաէներգիան պետք է արտադրի Երեւանի ՋԷԿ-ը: Ըստ Կ. Խեչումյանի, դա Իրանի համար ձեռնտու է նրանով, որ հարեւան երկիրն առանց ավելորդ հզորություններ ծախսելու կկարողանա լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալ: Հայաստանի համար էլ նպատակահարմար է այն առումով, որ Իրանին վերադարձվող էլեկտրաէներգիան ավելի քիչ է, քան հնարավոր է ստանալ Իրանից եկող գազի օգտագործումից: Պարոն Խեչումյանի կարծիքով՝ հնարավոր է, որ 2010-ին արդեն այս փոխշահավետ գործարքը իրականացվի: