Ռուս-վրացական սահմանի վրա գործող «Վերին Լարս» մաքսային անցակետը երեք տարի տեւած վերանորոգումից հետո հանձնվել է շահագործման։ Նշենք, որ անցակետը ստեղծվել է 1992-ին, սակայն 2006-ից դադարել է գործել:
Նորակառույց մաքսակետում տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար առանձնացվել են մուտքի եւ ելքի 6-ական ուղիներ: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, անցակետն օրական կարող է հատել մոտ 400-600 տրանսպորտային միջոց:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հավաստիացրել է, որ տեխնիկական հագեցվածությամբ այն արդեն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին. «Տեղադրվել են ժամանակակից էլեկտրոնային կշեռքներ, ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներ եւ տեսանկարահանող սարքեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել մաքսային սահմանով տեղափոխվող բեռների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Տեղադրվել են հատուկ սարքավորումներ՝ թմրանյութերի, պայթուցիկ նյութերի, զենք-զինամթերքի եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող այլ ապրանքների հայտնաբերման նպատակով: Նաեւ համապատասխան ընթացակարգեր են մշակվել՝ մաքսակետում սպասարկումն առավել արագ իրականացնելու համար»:
Կարեւորելով Վերին Լարսի անցակետի դերը Անդրկովկասի տարածաշրջանում՝ առեւտրային նորմալ հարաբերությունների ապահովման եւ զարգացման գործում, Ա. Բելյանինովը նշել է, որ այն մեծ կարեւորություն է ներկայացնում հատկապես Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Ըստ Ա. Բելյանինովի, Վերին Լարսի միջանցքը Հայաստանին հնարավորություն կտա լուծել արտաքին տնտեսական մի շարք խնդիրներ, սակայն տրանսպորտային միջոցների եւ բեռների փոխադրումն այս մաքսակետով հնարավոր կլինի իրականացնել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները: