Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԻ

Մայիս 09,2009 00:00

Ըստ նախընտրական ծրագրերի, Երեւանը կդառնա ֆինանսական, տուրիստական ու արտադրական խոշոր կենտրոն

Այս օրերին Երեւանի քաղաքապետի թեկնածուները բակ առ բակ ընկած՝ հանդիպում են երեւանցիների հետ, հարցնում նրանց դարդ ու ցավից ու համոզում, որ եթե բախտն իրենց ժպտա ու իրենք դառնան քաղաքապետ, ապա նրանց բոլոր ցավերին դարման կանեն: Թեկնածուներից ամեն մեկը խոստանում է Հայաստանը դարձնել տնտեսապես կայուն ու զարգացած երկիր: Կարդալով նրանց նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, որ աշխարհում Հայաստանն է առաջինը դուրս գալու տնտեսական ճգնաժամից:

Կարդալով ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածը, տպավորություն է ստեղծվում, թե մի խումբ տնտեսագետներ նստել ու մասնագիտական աշխատություն են գրել: Անգամ շատ ուշադիր կարդալու դեպքում, շարքային քաղաքացին չի կարող հասկանալ, թե վերջապես ինչ է անելու ՕԵԿ-ը: Կուսակցության նախընտրական ծրագրում նշված է՝ «Անհրաժեշտ է ինովացիոն, ռազմավարական կառավարման եւ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, բալանսավորված ֆինանսական պլանավորման համակարգերի եւ մեթոդների ներդրում, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա աշխատող մանր եւ միջին ձեռնարկություններին շուկայագիտական աջակցություն, տեղեկատվական քաղաքային միջավայրի ձեւավորում, ներդրման եւ համագործակցային դաշտի ապահովում, գիտություն-նորարարություն-արդյունաբերություն միասնական համակարգի ձեւավորում, փոքր եւ միջին գործարարության զարգացման ուղղությամբ նպատակային պետական աջակցության քաղաքականության արդյունավետ իրականացում, մայրաքաղաքում օտարերկրյա ներդրողներին եւ հայրենական արտադրողներին հետեւողական օգնության եւ աջակցության ապահովում՝ աշխատատեղերի ստեղծման գործում»: Եվ ոչ մի տող այն մասին, թե հատկապես ի՞նչ ֆինանսական միջոցներով եւ ի՞նչ կերպ է Հեղինե Բիշարյանը իրականացնելու այն, ինչ տարիներ ի վեր չի հաջողվում իրականացնել մեր երկրի կառավարությանը:

Խոստումների առատությամբ ՕԵԿ-ին չի զիջում ՀՀԿ-ն, որն էլ որոշել է կառավարության աջակցությամբ մշակել եւ իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, ՀՀԿ-ի թեկնածուն՝ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, խոստանում է ապահովել «համայնքի ենթակայության տակ գտնվող գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքը՝ ողջ հզորությամբ, բարենպաստ պայմաններ ստեղծել մանր ու միջին բիզնեսի զարգացման համար, ու Երեւանը դարձնել ներդրումների համար առավել գրավիչ»:

Իսկ թե համայնքի կոնկրետ ո՞ր ձեռնարկություններն են ամբողջ հզորությամբ շահագործվելու՝ կուսակցությունը չի նշում: Եթե հաշվի առնենք, որ ռազմավարական կարեւոր նշանակության ձեռնարկությունների մեծ մասը վաղուց վաճառված է եւ համայնքի սեփականությունը չի հանդիսանում, ապա անհասկանալի է, թե հատկապես ո՞ր հիմնարկներում է աշխատանքային եռուզեռ լինելու: ՀՀԿ-ն մտադիր է քաղաքում վերականգնել խորհրդային տարիների գյուղատնտեսական շուկաները, մասնավորապես՝ «բնակելի շրջաններում ստեղծել գյուղմթերքների փոքրածավալ շուկաներ, նոր եւ ժամանակակից առեւտրա-կենցաղային շենքերի եւ համալիրների միջոցով ստեղծել քաղաքակիրթ սպառողական շուկա»: Եվ որպեսզի երեւանցիները շենքերի շքամուտքերը, «դալաններն» ու գետնանցումները որպես զուգարան չօգտագործեն, հանրապետականները որոշել են մայրաքաղաքում հասարակական զուգարաններ տեղադրել:

Ավագանու ընտրությունների մասնակից ԲՀԿ-ն խոստանում, է, որ մայրաքաղաքի բնակիչները կապրեն իսկապես բարգավաճ Երեւանում: ԲՀԿ-ն եւս, չտարբերվելով մյուս կուսակցություններից՝ նշում է. «Երեւանը փոքր եւ միջին բիզնեսի կազմակերպման համար պետք է ունենա ներդրումային բարձր գրավչություն: Այս առումով Երեւանի քաղաքապետարանը պետք է համագործակցի քաղաքում տեղակայված խոշոր ձեռնարկությունների բաժնետերերի ու սեփականատերերի հետ»: ԲՀԿ-ն հատուկ տեղ է հատկացրել նաեւ ջրամատակարարման խնդիրներին եւ խոստանում են վերանայել «Երեւան ջուր» ընկերության ներդրումային պարտավորությունների իրականացման ժամանակացույցը, քանի որ, նրանց կարծիքով, «ցածր է ջրամատակարարման հուսալիության եւ շահագործման աստիճանը, բարձր է կոյուղու ցանցի մաշվածության աստիճանը եւ դեռեւս կոյուղացված չեն Երեւանի մի շարք թաղամասեր»: Ջրամատակարարման եւ մանր ու միջին բիզնեսի հարցերը լուծելուց հետո, ԲՀԿ-ն խոստանում է մայրաքաղաքը դարձնել զբոսաշրջության կենտրոն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ թե հատուկ ծրագիր են կազմել ավագանու ընտրությունների համար, այլ պատճենահանել են նախագահական ընտրությունների ժամանակ մշակած ծրագիրը:

ՀՅԴ ծրագրով նախատեսված է. «Ակտիվ տնտեսական քաղաքականության ձեռնարկումը Հայաստանի այն տարածքներում (մարզերում), որտեղ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները ներքին միգրացիայի պատճառ են դառնում»: Բացի այդ, խոստանում են նաեւ նվազեցնել գործազրկության մակարդակը, իսկ «սոցիալապես անապահով խավերին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ»:

Բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ առաջին հայացքից շատ գեղեցիկ ու խոստումնալից են, սակայն նրանցից որեւէ մեկում նշված չեն այդ ծրագրերի իրականացման ռեալ ճանապարհները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել