Լրագրողների դեմ հարձակումների բացահայտման հանձնարարականների կապակցությամբ ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:
Ընդամենը մեկ շաբաթում երկու լրագրող ծեծի ենթարկվեց. բռնության այս ալիքն ինչի՞ վկայություն է կամ հետեւանք: Մեկնաբանում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Ցանկացած բռնություն դատապարտելի է: Իրականում բռնությունների պոռթկման ալիքի մասին մենք վաղուց ենք խոսել ու դա կապել հասարակության մեջ խեղաթյուրված արժեհամակարգի եւ համապատասխան տեղեկատվական հոսքերի հետ՝ ինչպես ենք մենք ապրում, ուր ենք գնում եւ ինչ ենք ուզում: Եթե խնդիրը տեղափոխենք որոշակի այս դաշտ՝ պետք է ասել, թե իրականում վատ ավանդույթ է դառնում, որ անտեսանելի ձեռքը յուրաքանչյուր ընտրությունից առաջ եւ ընթացքում մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնությունների իրականացմանը մեծագույն նպաստ է բերում: Նախկինում ասում էինք եւ այսօր էլ ենք ասում, թե հույս ունենք, որ այդ բոլոր դեպքերը կբացահայտվեն, մեղավորները կպատժվեն, որ հետաքննությունը հասարակության համար կբացահայտի այն մարդկանց անունները, որոնք կանգնած են նմանատիպ երեւույթների հետեւում: Սակայն ցավով պետք է փաստեմ, թե այսօր չի կարելի բավարարվել նման մոտեցումներով: Իհարկե՝ իրավական համակարգն իր խոսքը պետք է ասի, հետաքննությունը պետք է շարունակվի, բայց փաստը մնում է փաստ, որ մասնավորապես այդ գործերը բավականին դժվար են բացահայտվում, եթե չասեմ, որ չեն բացահայտվում ընդհանրապես: Մենք ականատես ենք լինում, որ երկրի բարձրագույն մակարդակով ուշադրություն է լինում նման խնդիրների նկատմամբ՝ վարչապետն է այցելում ծեծված լրագրողին, ՀՀ նախագահն ուղղակի հանձնարարականներ է տալիս, սակայն ոստիկանական համակարգը չի արդարացնում ոչ միայն հասարակության հույսերը, այլեւ, ըստ իս՝ այս պահին չի արդարացնում նաեւ նման հանցագործությունների բացահայտման հետ կապված իշխանության հանձնարարականները:
Ես սա շատ վտանգավոր եմ համարում՝ այն տեսանկյունից, որ այս տեսակի չբացահայտված յուրաքանչյուր արարք մի քանի բացասական հետեւանքներ ունի: Առաջինը՝ անպատժելիության մթնոլորտը թույլ է տալիս ավելի պարարտ հող ունենալ նմանատիպ հաջորդ հանցագործությունների համար, եւ հիմա մենք տեսնում ենք էսկալացիայի փուլ՝ այս կապակցությամբ: Երկրորդը՝ նման չբացահայտված հանցագործությունները հարվածում են նաեւ երկրի իշխանության, մասնավորապես՝ բարձրագույն ղեկավարության Հայաստանն օրենքի երկրի վերածելու ցանկություններին: Եվ երրորդը՝ ունենում են նաեւ հասարակական շատ բացասական արձագանք՝ այն առումով, որ այս ամենը չի նպաստում Հայաստանի՝ որպես իրավական եւ օրենքի երկրի կառուցման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը: Սա շատ վտանգավոր եմ համարում ու հույս ունեմ, որ այս վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք, չգիտես ինչու, նորից համընկնում են հերթական ընտրությունների հետ, գոնե այս անգամ մենք կտեսնենք բացահայտումների եւ պատիժների շարք: Եվ սա առաջին քայլը պետք է լինի նման երեւույթների բացառման կամ նվազեցման ուղղությամբ: Առողջություն եմ մաղթում այն բոլոր լրագրողներին, որոնք տուժել են այս բռնություններից: Եվ հույս ունեմ, որ այս ալիքը չի տարածվի լրագրողական անձնակազմի որեւէ այլ անդամի վրա»: